Մատչելիության հղումներ

Երևանի աղբահանության նորաստեղծ կառույցը «սկզբնական շրջանում կաշխատի ահազանգերի հիման վրա»


«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գրիգորյանը

Ավագանու արտահերթ նիստը, որի ընթացքում քննարկվեց քաղաքապետարանին կից նորաստեղծ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի հաստիքացուցակը, թեժ մթնոլորտում անցավ։

Նախ քաղաքապետ Հայկ Մարությանը, դիմելով ավագանու «Լույս» խմբակցության անդամներին, ասաց, որ նրանք «դոշ են տալիս» աղբահանություն իրականացնող մասնավոր ընկերության համար:

Նշենք, որ Երևանում աղբահանության պատասխանատու «Սանիթեք» ընկերությունը երկար ժամանակ ի վեր թերություններով է իրականացնում իր պարտականությունները, քաղաքապետարանն արդեն մի քանի անգամ ընկերությանը տույժի է ենթարկել:

«Ինչպե՞ս կարելի է նորից տալ մասնավորին էս պահին, երբ հենց հիմա մասնավոր ընկերությունը տապալում է ողջ աղբահանությունը: Ինչպե՞ս կարող ենք գնալ նույն ճանապարհով: Այս պահին մենք ուղղակի պարտավոր ենք իրականացնել ինքներս, և մասնավորի մասին խոսել այն ժամանակ, երբ արդեն ամեն ինչ հանդարտվի», - հայտարարեց քաղաքապետը:

«Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանի արձագանքը չուշացավ․ - «Ես բլոտ խաղալ չգիտեմ, բայց քուանշից հետո ընկերներս ասացին, որ կապուտ էլ կա, ես ձեզ կապուտ եմ հայտարարում, պարոն քաղաքապետ»:

Արձագանքեց նաև Խաժակյանի գործընկեր Անի Խաչատրյանը, և բանավեճը վեճի վերածվեց․ - «Ձեր քաղաքական կշիռն ա նվազում այ սենց քաղակտիվ ունենալով, ավագանու դահլիճը դառել ա բան․․․ մտնում ես ներս, արդեն մայկաներից ու բոթասներից ակնհայտ ա ավագանու համակարգի հանդեպ վերաբերմունքը»։

«Լույս» խմբակցության բողոքի պատճառը աղբահանության համայնքային հիմնարկի հաստիքացուցակում նշված թվերն էին․ տարեկան ավելի քան 2 միլիարդ դրամ ֆինանսավորում:

Դավիթ Խաժակյանին զարմացրել էր հաշվարկ իրականացնողների ներկայացրած ցուցակը․ - «Որը ինչ ուղղությամբ կգնա, ինչքան կծախսի: Նախահաշիվ-բան պետք չի: Մի հատ էսպիսի բանաձև է, որը հիմնավորում է դիզելային վառելիքի ծախսը: Էս ա: Քաղաքապետարանը հաշվարկել ա էսքանը, թե մեզ ինչքան դիզելային վառելիք ա պետք: Բանաձևը շատ պարզ ա, Էյնշտեյնի բանաձևի նման չի՝ 75 լիտր անգամ 30 օր անգամ 12 ամիս անգամ 34 բեռնատար և անգամ 450 դրամ դիզելային վառելիքի գին: Խորացել ենք․․․ լոգիստիկ մի հատ փոքր խնդիր ենք լուծում կալկուլյատորի վրա»:

Քաղաքապետն արձագանքեց․ - «Շնորհակալ եմ, պարոն Խաժակյան: Ասեցին, որ ինքը Էյնշտեյնի բանաձևի պես չի: Ես Ձեզ ցույց եմ տալիս Էյնշտենի բանաձևը, շատ ավելի պարզ է, բայց սրան հասնելու համար բավականին մեծ աշխատանք էր պահանջվում պարոն Էյնշտեյնին»:

Ի վերջո, երկար քննարկումներից հետո «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի հաստիքացուցակը ընդունվեց:

Նիստի ավարտին հիմնարկի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գրիգորյանը հայտնեց, որ սկզբնական շրջանում աշխատելու են ահազանգերի հիման վրա․ - «Առայժմ մենք էս հինգ մեքենաներով հրդեհ ենք հանգցելու: Որտեղ որ պայթունավտանգ ա՝ էնտեղ»:

Հարցին, թե ի վերջո կհաջողվի՞ տարեկան 2 միլիարդից ավելի ֆինանսավորւմ ստացող հիմնարկին ամբողջովին մաքրել մայրաքաղաքի փողոցները, Գրիգորյանը արձագանքեց․ - «Ժամանակի ընթացքում: Ես հիմա չեմ բարձրաձայնի: Ես հիմա չեմ գովերգի ինձ»:

Հիմնարկն սկզնական շրջանում կաշխատի «Կամազ» ընկերություններից ձեռք բերված հինգ աղբատար մեքենաներով:

Արմեն Գրիգորյանի խոսքով, այժմ սպասում են նորերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG