Մատչելիության հղումներ

«Սանիթեքը» պատրաստվում է դիմել միջազգային արբիտրաժային դատարան, եթե Երևանի քաղաքապետարանը չարձագանքի իրենց


Ամիսներ շարունակ Երևանի աղբահանությունը թերի իրականացնող «Սանիթեք» ընկերությունը պատրաստվում է միջազգային արբիտրաժային դատարան դիմել, եթե Երևանի քաղաքապետարանը չարձագանքի իրենց։

Արդեն երկուշաբթի արբիտրաժային նամակագրություն են սկսելու կառավարության հետ, սակայն մինչ այդ 2 առաջարկ ունեն քաղաքապետարանին. կարճաժամկետով առաջարկում են համատեղ ուժերով աղբահանություն իրականացնել, երկարաժամկետով էլ 4 միլիոն դոլարի ներդում են պատրաստվում անել՝ աղբարկղերի թիվը ավելացնել, աղբահավաք մեքենաների պարկը թարմացնել, սակայն պայմանով՝ քաղաքային իշխանությունները պետք է պարտավորվեն աղբի կառավարման գործողությունների ծրագիր մշակել, հետ վճարել իրենցից գանձված տուգանքների գումարներն ու վերանայել իրենց ծառայությունների դիմաց վճարվող գումարը։

«Ազատության» հարցին՝ ինչպես ստացվեց, որ ֆինանսական դժվարությունների մասին հայտարարող ընկերությունը նոր ներդրումներ է պատրաստ իրականացնել, ընկերության սեփականատեր Նիկոլաս Էլ Թավիլը պատասխանեց․ - «Եթե մենք կարողանանք գտնել մեկ գլոբալ լուծում, և առաջարկը՝ այն ինչ մենք արեցինք, ընդունվի, համասեփականատերերն ու բանկը համաձայն են ևս մեկ ներդրում կատարել»:

«Սանիթեքում» քաղաքապետարանին մեղադրում են՝ դեռ ամիսներ առաջ արած իրենց առաջարկներն ու զգուշացումներն անուշադրության են մատնվել։ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը պատասխանում է՝ իրենք չեն դադարեցրել «Սանիթեքի» հետ գործակցությունը, սակայն մեկ նկատառում են ունեցել․ - «Համագործակցության բացակայության մասին խոսք գնալ չի կարող, նաև շեշտվել է, որ համագործակցությունը կարող է լինել բացառապես պայմանագրի հիման վրա»:

Քաղաքապետարանից դեռ չեն շտապում պատասխանել՝ արդյոք պատրա՞ստ են ընդունել «Սանիթեքի» առաջարկները։ Քաղաքապետի մամուլի քարտուղարն ասում է, թե այսօրվա ասուլիսում որևէ նոր բան չի ասվել, որ հայտնի չի եղել քաղաքապետարանին․ - «Համացանցում շատ օգտատերեր հիմա տարածում են 2017-18թթ․ աղբահանության վիճակը պատկերող նկարներ և այն ժամանակ էլ, գուցե հիմիկվա նման չէր, բայց խիստ անբավարար էր ամառվա աղբահանության վիճակը: Այդպես էլ չհնչեց այդ ասուլիսի ժամանակ պատասխանը այն հարցին, թե ինչո՞ւ ընկերությունը, որը պարտավորություն է վերցրել մաքրել այս քաղաքը, չի անում արդեն երրորդ տարին և ամեն տարի ավելի և ավելի վատ»:

Ինչո՞ւ այսօրվա ասուլիսին Երևանում ներկա չէր և լրագրողների հարցերին «Սկայպով» էր պատասխանում «Սանիթեք» ընկերության տնօրեն, սեփականատեր Նիկոլաս Էլ Թավիլը՝ ընկերության ներկայացուցիչներն այսպես բացատրեցին. մտահոգություն ունեն՝ «Սանիթեքի» նկատմամբ հարուցված քրեական գործով հնարավոր է հենց տնօրենը կալանավորվի։

Թե ինչ քրեական գործի մասին է խոսքը՝ «Ազատությանն» օրեր առաջ Պետական եկամուտների կոմիտեից էր պարզել․ դեռ փետրվարին քրեական գործ է հարուցվել, քանի որ ընկերությունը խոշոր չափով հարկեր չի վճարել։ Մեղադրյալ դեռ չկա: «Սանիթեքի տնօրեն Նիկոլաս Էլ Թավիլը պնդում է՝ իրենք վարչական ագրեսիվ ճնշումների են ենթարկվում, այս ամենի մեջ էլ քաղաքական ենթատեքստ է տեսնում․ - «Քրեական գործը անօրինական է և անհիմն, որը, քաղաքական դրդապատճառներից ելնելով, քաղաքապետարանի կողմից կազմակերպված բազմաթիվ փորձերից մեկն է՝ սպառել «Սանիթեք» ընկերության ֆինանսական ռեսուրսները, որն, ըստ երևույթին, ունի մեկ նպատակ՝ անարդար և խտրական ճանապարհով մասնավոր ներդրողի սեփականության բռնագրավումն իշխանության կողմից»։

Քաղաքապետարանում անհիմն են համարում հնչած հայտարարություններն ու անգամ «զավեշտի հասնող» բնութագրումն են տալիս որոշ պնդումների։

«Այդ քրեական գործի համար քաղաքապետարանի կողմից ուղղված գրություն կամ որևէ գործողություն հիմք չի հանդիսացել, դա քաղաքապետարանից միանգամայն անկախ պրոցես է և քաղաքապետարանն էլ դրա մասին տեղեկացել է բառացիորեն շաբաթներ առաջ», - ասում է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

«Սանիթեք» ընկերության փաստաբանական թիմի ներկայացուցիչ Արմեն Հարությունյանն ասում է՝ խոսքը մոտ 290 միլիոն դրամ չվճարված հարկերի մասին է։ Փաստաբանը պնդում է՝ «Սանիթեքը» չի խուսափել հարկեր վճարելուց, այլ պարզապես օգտվել է Օտարերկրյա ներդրումների մասին օրենքից: Ըստ այդմ՝ օրենքով իրենք հնարավորություն ունեն հարկերը վճարել այնքան, որքան նախորդ օրենսդրությամբ էր պահանջվում․ - «Որևէ հիմնավորում չկա: Մենք ստացել ենք քրեական գործ հարուցելու մասին որոշում, որտեղ նշված է, որ որոշում կայացնող պաշտոնատար անձը գտել է, որ Օտարերկրյա ներդրումների մասին օրենքը կիրառելի չէ և այդ հիմքով «Սանիթեք» ընկերությունը պարտավոր է ընդհանուր հարկման դաշտում հաշվարկել ու իր հարկերը վճարել»։

Պետական եկամուտների կոմիտեից դեռ չեն մեկնաբանում «Սանիթեքի» մեղադրանքներն, ասում են՝ անհրաժեշտության դեպքում իրենք հայտարարություն կտարածեն։

«Սանիթեքում» բացառում են կապը Տարոն Մարգարյանի հետ

«Սանիթեքի» ներկայացուցիչները հերքում են նախկին հանրապետական քաղաքապետի կապը ընկերության հետ, բացառում, թե իրենց պարկում նախկինում նաև Տարոն Մարգարյանի աղբահավաք մեքենաներն են եղել։

«Շատ հեշտ է ստուգել, թե ում են պատկանում մեքենաները․ կարելի է գնալ ճանապարհային ոստիկանություն և ստուգել: Նույն կերպ կարելի է շատ հեշտ ստուգել, թե «Սանիթեք» ընկերության բաժնետերերը կամ սեփականատերերը ովքեր են և անհասկանալի է, թե ինչու են այդ լուրերը շրջանառվում», - այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Սանիթեքի» տնօրեն Նիկոլաս Էլ Թավիլը:

Իսկ թե ինչու հենց հեղափոխությունից հետո նման իրավիճակ ստեղծվեց, ընկերությունից վստահեցնում են՝ զուգադիպություն է։ Ասում են՝ խնդիրները առաջացել են դեռ Տարոն Մարգարյանի ղեկավարման ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG