Մատչելիության հղումներ

«Վրացական ավիաուղիներ»-ը արդեն տասնյակ միլիոնավոր դոլարների կորուստներ է կրում


«Վրացական ավիաուղիներ»-ի օդանավ, արխիվ

Ռուսաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցության արգելքի պատճառով «Վրացական ավիաուղիներ»-ը մի քանի շաբաթվա ընթացքում կորցրել է մոտ 25 միլիոն դոլար: Այս մասին հայտնում է ընկերությունը, որը ստիպված է եղել վերադարձնել արդեն վաճառված ավիատոմսերի մոտ 80 տոկոսը: «Բացի այդ, կտրուկ նվազել է տոմսեր ձեռք բերել ցանկացողների թիվը», - նաև փոխանցում են ընկերությունից:

Ավելի վաղ երկրի իշխանությունները որոշել են աջակցել «Վրացական ավիաուղիներ»-ին և մասնակի փոխհատուցել ընկերության կրած վնասները: Վրաստանի կառավարության կայացրած որոշման համաձայն, երկրի խոշորագույն ավիաընկերությանը՝ «Վրացական ավիաուղիներ»-ին առաջիկա շաբաթներին շուրջ 600 հազար եվրո կտրամադրվի Երևանի օդանավակայանով դեպի Թբիլիսի ու Բաթումի թռիչքներ իրականացնելու համար, անցած շաբաթ հաղորդեցին վրացական լրատվամիջոցները:

«Վրացական ավիաուղիներ»-ում, հիշեցնենք, ֆինանսական այս խնդիրներն առաջացել են հունիսի վերջին Ռուսաստանի նախագահի կայացրած որոշումից հետո, որով հուլիսի 8-ից Ռուսաստանի և Վրաստանի միջև բոլոր ուղիղ չվերթները դադարեցվել են անորոշ ժամկետով:

Վրաստանում հակառուսական ակցիաներին հաջորդած պաշտոնական Մոսկվայի այս քայլից հետո «Վրացական ավիաուղիներ»-ը հայաստանյան գործընկեր ավիաընկերության` «Արմենիա»-ի միջոցով ռուսաստանցի զբոսաշրջիկների տարանցիկ տեղափոխման ծրագիր նախաձեռնեց: «Արմենիա»-ն նույնպես հիմնադրվել է «Վրացական ավիաուղիներ»-ի սեփականատերերի, մասնավորապես՝ վրաց գործարար Թամազ Գաիաշվիլիի կողմից:

Վրաստանի տնտեսությունը մեծ կախվածություն ունի զբոսաշրջային ոլորտից, իսկ այդ ոլորտը՝ ռուսաստանցիներից: Անցյալ տարի Վրաստան այցելած մոտ 8 միլիոն 700 հազար զբոսաշրջիկներից մոտ 1,5 միլիոնը կամ 16 տոկոսը ռուսաստանցիներ են:

Տարբեր գնահատականներով՝ 2018 թվականին Վրաստանի համախառն ներքին արդյունքում զբոսաշրջության բաժինը կազմել է ավելի քան 33 տոկոս: Հայաստանի դեպքում այն մոտ 16 տոկոս է, իսկ աշխարհի ամենահայտնի զբոսաշրջային ուղղություններից մեկը համարվող Թայլանդում հասնում է մոտ 21 տոկոսի:

Վրաստանը համարվում է զբոսաշրջային գրավիչ ուղղություններից մեկը և վերջին տարիներին հայտնվել է մի շարք հեղինակավոր զբոսաշրջային պարբերականների գլխագրերում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG