Մատչելիության հղումներ

Մնացականյանը Նյու Յորքում հանդիպել է Մոգերինիի հետ


Լուսանկարը՝ ԱԳՆ լրատվականի
Լուսանկարը՝ ԱԳՆ լրատվականի

ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքների նպատակով Նյու Յորքում գտնվող Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը երեկ հանդիպել է Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ:

Մնացականյանն իր երախտագիտությունն է հայտնել Մոգերինիին՝ իր գործունեության ընթացքում ցուցաբերած աջակցության և համագործակցության համար:

Նախարարը և բարձր ներկայացուցիչը քննարկել են Հայաստան-Եվրամիություն օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ: Կողմերն արժևորել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ որպես ընդհանուր կարևոր ձեռքբերում, և գնահատել են փաստաթղթի դերը՝ որպես ԵՄ-ի կողմից Հայաստանում մեկնարկած բարեփոխումներին աջակցելու, ԵՄ-ի հետ փոխգործակցությունն ընդլայնելու կարևոր գործիք: Այս համատեքստում Մնացականյանն ընդգծել է մարդկանց միջև շփումների խթանման և ԵՄ երկրների մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի առաջնահերթությունը հայկական կողմի համար:

Արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Արևելյան գործընկերության տասնամյակի և նախաձեռնության ապագա տեսլականի շուրջ: Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանի համար Արևելյան գործընկերությունը ոչ թե ԵՄ երկրների հետ հարևանության ձևաչափ է, այլ աշխարհագրորեն Եվրոպայի արևելյան մասում գտնվող երկրների հետ համագործակցության հարթակ՝ հիմնված եվրոպական ընդհանուր արժեքների և սկզբունքների վրա:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և ԵՄ բարձր հանձնակատարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հրատապ հարցերի շուրջ:

Զոհրաբ Մնացականյանը գործընկերոջը տեղեկացրել է ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումների և սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպման մասին:

XS
SM
MD
LG