Մատչելիության հղումներ

Նյու Յորքում կայացել է Հայաստան, Հունաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում


ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան, արխիվ
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան, արխիվ

Երեկ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքների շրջանակներում տեղի է ունեցել եռակողմ հանդիպում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի, Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի և Հունաստանի ԱԳ նախարար Նիկոլաոս Դենդիասի միջև:

Արտգործնախարարներն ընդգծել են, որ հանդիպումը ևս մեկ լավ առիթ է քննարկելու օրակարգային հարցերի լայն շրջանակ և նախանշելու Կիպրոս-Հայաստան-Հունաստան եռակողմ գործընկերության հետագա շրջանակները: Կողմերը վերահաստատել են փոխադարձ պատրաստակամությունը՝ երկխոսության և համագործակցության շնորհիվ հասնելու պատմական ամուր կապերով միահյուսված երեք ժողովուրդների ընդհանուր նպատակների և նախաձեռնությունների կյանքի կոչմանը:

Հանդիպման մասնակիցները կարևորել են գալիք տարի Երևանում նախատեսված Կիպրոս-Հայաստան-Հունաստան ձևաչափով գագաթնաժողովը և նախանշել դրա նախապատրաստման աշխատանքները։

Նախարարները քննարկել են միջազգային և տարածաշրջանային օրակարգի հրատապ հարցեր։

Կիպրոսի և Հունաստանի արտգործնախարարները վերահաստատել են իրենց երկրների աջակցությունը Հայաստանին՝ ամրապնդելու Եվրամիության հետ հարաբերությունները ինչպես Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի, այնպես էլ Արևելյան գործընկերության շրջանակներում: Մնացականյանը նշել է, որ Հայաստանի համար առաջնային նշանակություն ունի ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը՝ որպես կարևոր գործիք մարդկանց միջև շփումների և կապերի խթանման գործում:

ՀՀ արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ՝ նույն օրը Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով գործող տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր՝ շեշտելով Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու պատրաստակամությունը:

Մնացականյանը զրուցակցին տեղեկացրել է Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ սեպտեմբերի 23-ին Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ ունեցած հանդիպման մասին և իր երախտագիտությունը հայտնել ԱՄՆ-ի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ միասին հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերի առնչությամբ:

Կողմերը կարևորել են խաղաղության նպաստավոր միջավայրի ձևավորումը՝ ներառյալ հրադադարի ռեժիմի ամրապնդման և ռազմատենչ հռետորաբանության բացառման միջոցով:

ՀՀ արտգործնախարարը Նյու Յորքում նաև ելույթ է ունեցել «Տարածաշրջանային և ենթատարածաշրջանային կազմակերպությունների հետ միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման նպատակով. ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի և ՇՀԿ-ի ներդրումը ահաբեկչության սպառնալիքի դիմագրավման գործում» ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը՝ մասնավորապես հայտարարելով, որ «Հայաստանը շարունակում է հաստատապես հանձնառու մնալ ահաբեկչության դեմ պայքարին և ակտիվորեն ընդգրկված է այդ ուղղությամբ իրականացվող միջազգային և տարածաշրջանային գործողություններում»։

XS
SM
MD
LG