Մատչելիության հղումներ

Մխիթարյանի նորամուտը նաև երջանիկ էր մի ընտանիքի համար


Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի հավաքականի կազմում, արխիվ
Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի հավաքականի կազմում, արխիվ

Անգլիական Պրեմիեր լիգայից Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի լիդեր, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխումն իտալական Սերիա Ա բարեհաջող էր ոչ միայն մարզիկի, այլև մի քենիացի երեխայի համար:

Ազդարարելով «Արսենալ»-ից վարձակալության պայմանագրով մեկ տարով Մխիթարյանին հրավիրելու մասին, «Ռոմա» ակումբն իր Թվիթերի էջում լուրն ուղեկցել է նաև սոցիալական գովազդով:

Այդ գործելակերպն անվանի մարդիկ, շոու բիզնեսի աստղերը, կազմակերպություններն ու մարզական ակումբները հաճախ են կիրառում: Հաշվարկը պարզ է՝ սոցցանցերի պատասխանատուները գիտեն, որ օգտատերերը հետևում են բոլոր ստատուսներին և հոլովակներին, ուստի կնկատեն նաև նորությանը կից հրապարակված հայտարարությունը:

Մխիթարյանի «Ռոմա» տեղափոխվելու լուրն ուղեկցվել է անհետացած երեխայի մասին հոլովակով: «Ռոմա»-ն Թվիթերում հրապարակել է երեխայի լուսանկարը:

Կա հատուկ կայք՝ Missing Child Kenya՝ «Քենիայի անհետացած երեխաները»: Կայքի առաքելությունն է օգնել ծնողներին և իրավապահներին անհետացած երեխաներին հայտնաբերելու հարցում: Տվյալ դեպքում խոսքը մի 13 տարեկան քենիացի տղայի մասին է:

Ավաղ, շատ մեծ է աշխարհում անհետացող երեխաների թիվը, և միշտ չէ, որ նրանց որոնումը հաջողությամբ է պսակվում, բայց այս անգամ եղավ այն, ինչ անվանում են happy end՝ երջանիկ ավարտ:

Երեխային հայտնաբերել են, և նա արդեն միացել է հարազատներին: «Մեր ակումբի համագործակցությունը Missing Child կազմակերպության հետ շատ ուրախալի արդյունք գրանցեց, երեխային հայտնաբերել են, ի՛նչ հրաշալի, ֆանտաստիկ լուր է, մենք հպարտ ենք և երջանիկ», - հայտարարել է «Ռոմա» ակումբը:

Դե իսկ Մխիթարյանի բուն նորամուտն իսկապես տպավորիչ էր, «Արսենալ»-ում երկարատև ճգնաժամից հետո նա կարողացավ «Ռոմա»-ի կազմում առաջին իսկ խաղում գոլ խփել, աչքի ընկավ հմուտ գործողություններով և արժանացավ կրքոտ իտալացի երկրպագուների գովասանքին:

Առաջիկայում «Ռոմա»-ն Եվրոպա լիգայի մրցաշարում խաղալու է Ստամբուլի «Բաշաքշեհիր»-ի հետ:

Հենրիխի խաղընկեր բոսնիացի Էդին Ջեկոն հույս է հայտնել, որ հայազգի ֆուտբոլիստն այլևս չի վերադառն «Արսենալ»:

XS
SM
MD
LG