Մատչելիության հղումներ

Մխիթարյան․ «Ռոմա» տեղափոխվելը գերազանց թիմի հետ նոր փուլ սկսելու հիանալի հնարավորություն է


Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում, մարտ, 2019թ․
Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում, մարտ, 2019թ․

«Ռոմա»-ի Youtube-ի էջում տեղադրվել է Հենրիխ Մխիթարյանի առաջին հարցազրույցը իտալական ֆուտբոլային ակումբին: Տեսանյութում նա ասում է, որ «Ռոմա» տեղափոխվելը հիանալի հնարավորություն է` իր կարիերայում նոր փուլ սկսելու գերազանց թիմի հետ, և համոզված է՝ միասին կարող են մեծ արդյունքների հասնել:

Հայ ֆուտբոլիստը հարցազրույցից մեկ օր առաջ էր Լոնդոնից Հռոմ ժամանել ու ասել է, թե դեռ Հռոմով չի շրջել, բայց գիտի, որ այն զարմանալի քաղաք է: Իտալիայի պատմությանը մի քիչ ծանոթ է, իսկ մարզական կենտրոնի մասին ասել է, թե այն ֆանտաստիկ է:

Մխիթարյանը նշել է, որ իհարկե դժվար կլինի՝ նոր մշակույթ է, նոր քաղաք, նոր երկիր, նոր թիմ, ֆուտբոլային ուրիշ խաղաոճ, նոր մարզիչ, բայց կաշխատի ամեն ինչ անել՝ հնարավորինս արագ ադապտացվելու և օգնելու թիմին նպատակներին հասնելու համար: Նա ասել է, թե կձգտի գոլեր խփել, բոլորն էլ իրենց լավ են զգում, երբ գոլ են խփում:

Հարձակողական ոճի կիսապաշտպան Մխիթարյանը ֆուտբոլային աշխարհում հայտնի է որպես լավ փոխանցումներ կատարող ֆուտբոլիստ: Տեսանյութում նա նշում է, որ հաճախ են ասում՝ փոխանցումներն ավելին են, քան գոլերը, քանի որ փոխանցումը աշխատանքի կեսից ավելին է: «Եթե հնարավորություն կա գնդակը փոխանցելու ընկերոջդ, որ նա կարողանա գոլ խփել, ավելի լավ է անել դա, քան էգոիստ լինել ու փորձել ինքդ ամեն ինչ անել», - շեշտել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագը:

Հենրիխ Մխիթարյանն ասել է, որ «Ռոմա»-ի խաղացողներին դեռ չի հանդիպել, համոզված է, որ նրանք մեծ հավակնություններ ունեն, բայց առանց ֆաների աջակցության հնարավոր չէ, և կոչ է արել միասին լինել, որպեսզի այս տարի կարողանան կարևոր արդյունքների հասնել:

«Ռոմա»-ի գլխավոր մարզիչը պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկան է: Իտալական ակումբը նրա հետ երկու տարվա պայմանագիր է կնքել այս ամռանը: Մինչ այդ Ֆոնսեկան մարզել է Դոնեցկի «Շախտյոր»-ը, որտեղ ժամանակին խաղացել է նաև Մխիթարյանը: Հայ ֆուտբոլիստն ասել է, թե հետևել է Ֆոնսեկայի գլխավորած իր նախկին թիմի խաղին, և խաղաոճն իրեն դուր է եկել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG