Մատչելիության հղումներ

Մխիթարյանը գոլով նշեց իր նորամուտը իտալական «Ռոմա»-ում


«Փայլուն նորամուտ», «Ֆանտաստիկ արդյունք», «Իտալական թիմի հայկական հմայքը»․ այսպես են մարզական պարբերականներն արձագանել «Ռոմա» - «Սասուոլո» երեկվա հանդիպմանը, որտեղ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ՝ «Ռոմա»-ի կազմում առաջին անգամ դուրս գալով խաղադաշտ:

Իտալական թերթերի մարզական բաժիններում Մխիթարյանի նկարն է, «Ռոմա»-ի պաշտոնական թվիրթերյան էջը նրան ներառել է երեկվա խաղի լավագույն երեք խաղացողների ցանկում:

Ընդ որում, հայազգի կիսապաշտպանը իտալացի երկրպագուների համակրանքը շահեց ու նոր թիմի կազմում առաջին գոլը խփեց տեղափոխությունից հաշված օրեր անց:

Մխիրթարյանը անգլիական «Արսենալ»-ից «Ռոմա» էր եկել ընդամենը երկու շաբաթ առաջ: Երեկ արդեն Հռոմի «Օլիմպիական» մարզադաշտում իտալացիները, լեզվական դժվարությունները հաղթահարելով, նրա ազգանունն էին վանկարկում:

Ամիսներ շարունակ «Արսենալ»-ում պահեստայինների նստարանին նստած Մխիթարյանը «Ռոմա»-ի կազմում մարզադաշտ դուրս եկավ առաջին խաղի հենց սկզբից, և 22-րդ րոպեին արդեն թիմի երրորդ գնդակն ուղարկեց հյուրերի դարպասը: Ի վերջո հանդիպումն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով՝ 4:2 հաշվով:

Սա «Ռոմա»-ի առաջին հաղթանակն էր Սերիա Ա-ի ընթացիկ մրցաշրջանում․ առաջին երկու խաղերը թիմը ոչ-ոքի էր ավարտել:

«Մխիթարյանի նորամուտը տպավորիչ էր, հայազգի ֆուտբոլիստը ցույց տվեց իր փորձառությունը և միանգամից ներդաշնակ համագործակցության մեջ մտավ նոր խաղընկերների հետ», - գրել է «Ռոմա»-ի երկրպագուների կայքերից մեկը՝ հավելելով․ - «Մխիթարյանն օգնեց «Ռոմա»-ին ոչ միայն պաշտպանության, այլև հարձակման գծում՝ դառնալով ևս մեկ տաղանդավոր զինվոր Պաուլու Ֆոնսեկայի [«Ռոմա»-ի մարզիչը] բանակում»:

«Մեկուկես տարի «Արսենալ»-ում լինելով՝ հայազգի ֆուտբոլիստը այսպես էլ աչքի չընկավ, նրան այնտեղ չէին հավատում», - իր հերթին պնդել է իտալական ֆուտբոլային նորություններին հետևող կայքերից մեկը՝ հիշեցնելով «Շախտյոր»-ից մինչև «Մանչեստեր» ու «Արսենալ» Մխիթարյանի անցած ճանապարհը:

«Անգլիական ակումբներում նրա ցույց տված խաղը առանձնապես տպավորիչ չէր, այնպես որ «Ռոմա»-ն նոր դուռ է բացում Մխիթարյանի առջև՝ իր հնարավորություններն ի ցույց դնելու համար», - փաստում է մեկ այլ իտալական պարբերական:

Մխիթարյանի երեկվա հաղթական մեկնարկը, ի դեպ, դուրս չի մնացել նաև բրիտանական պարբերականների ուշադրությունից:

«Արսենալի երկրպագուները մեկ օրում երկու հարված ստացան․ մի կողմից իրենց նախընտրած ակումբը ոչ ոքի խաղաց «Վաթֆորդ»-ի հետ՝ երկու գնդակ բաց թողնելով սեփական դարպասը, մյուս կողմից, թիմից հեռացած Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ «Ռոմա»-ի կազմում», - գրել է Football.london-ը:

«Չեմ հասկանում ինչո՞ւ Մխիթարյանին խաղալու հնարավորություն չտրվեց, նա ընդամենը վստահության պակաս ուներ», - Թվիթերում գրել է «Արսենալ»-ի երկրպագուներից մեկը: Մյուսն էլ հավելել է․ - «Մխիթարյանը հենց նորամուտին դարձավ գոլի հեղինակ, աչքիս «Ռոմա»-ում նրան պահելու են, տղերք»:

Մարզական մեկնաբաններից ու երկրպագուներից բացի, նաև «Ռոմա»-ի ֆուտբոլիստներն են ողջունել Մխիթարյանի նորամուտը:

«Շատ երջանիկ էի, որ նա մեր ակումբ տեղափոխվեց, և հուսով եմ, դեռ շատ գոլեր կխփի մեզ համար», - ասել է հարձակվող Էդին Ջեկոն՝ հավելելով․ - «Մխիթարյանն իսկական պրոֆեսիոնալ է: Նրան հիշում եմ, երբ դեռ խաղում էր «Բորուսիա»-ի կազմում: Հուսով եմ, երկար ժամանակ կմնա մեր թիմում»:

Ինքը Մխիթարյանը, «Ռոմա» տեղափոխվելուց հետո Իտալիայում տված իր առաջին ասուլիսում չէր թաքցրել, որ լոնդոնյան ակումբում անցկացրած ժամանակաշրջանը ծանր է եղել իր համար:

«Ես նոր էջ եմ բացում, գիտեմ, թե որ թիմ եմ եկել, գիտեմ գոլերի գինն այս թիմի համար և ամեն ինչ կանեմ այդ գոլերն ապահովելու համար», - ասել էր ֆուտբոլիստը:

«Ես հեռացել եմ Անգլիայից և այլևս չեմ ուզում խոսել Անգլիայի մասին: Որովհետև ուզում եմ ավելի կենտրոնանալ «Ռոմա»-ի և իտալական ֆուտբոլի վրա: Չեմ կարծում, թե սա նահանջ է, որովհետև «Ռոմա»-ն մեծ թիմ է: Մտածում էի, որ գուցե լավ չեմ հարմարվում անգլիական ֆուտբոլում, ուստի, կարծում եմ, այս փոփոխությունը լավ է: «Արսենալ»-ում վերջին ամսվա ընթացքում բավականություն չէի ստանում, այդ առումով լավ է, որ տեղափոխվեցի «Ռոմա», որ երջանիկ լինեմ և հաճույք ստանամ ֆուտբոլ խաղալուց», - ասել էր Մխիթարյանը:

30-ամյա Մխիթարյանը «Ռոմա» է տեղափոխվել վարձակալության պայմանագրով, մեկ տարի ժամկետով, սակայն հաղորդվել էր, որ այս ժամկետի ավարտին իտալական ակումբը կարող է նրան վերջնականապես գնել «Արսենալ»-ից:

XS
SM
MD
LG