Մատչելիության հղումներ

Բահամյան կղզիներում մրրիկի զոհերի թիվը կավելանա


«Դորիան»-ի հետևանքները, Բահամյան կղզիներ, 5-ը սեպտեմբերի, 2019թ.
«Դորիան»-ի հետևանքները, Բահամյան կղզիներ, 5-ը սեպտեմբերի, 2019թ.

Բահամյան կղզիները վերջերս պատուհասած «Դորիան» սարսափելի մրրիկի հետևանքով զոհվել է առնվազն 50 մարդ, մինչդեռ, ըստ կղզիների վարչակազմի, առնվազն 2 հազար 500 մարդ այս պահի դրությամբ համարվում է անհետ կորած: Ելնելով այդ հանգամանքից՝ վարչակազմը ենթադրում է, որ զոհերի թիվն անխուսափելիորեն կավելանա:

Բահամների կղզիների համագործակցության վարչապետ Ուբեր Մինիսն ասել է, որ փրկարարները և ոստիկանությունը փորձում են հայտնաբերել տուժածներին:

«Մենք հնարավորինս հստակ և ստուգված տեղեկատվություն կհրապարակենք մարդկային կորուստների մասին, մեր առաջնահերթ խնդիրն է ժամանակին տեղյակ պահել ընտանիքներին և օգնել նրանց այս ողբերգական օրերին», - ասել է Մինիսը և ավելացրել. - «Շատերն են հուսահատված, մեզ ոգու հզորություն է պետք, մեզ ֆիզիկական ուժ է պետք մեր կյանքը վերականգնելու, այս ողբերգությունը վերապրելու համար»:

Նա հայտնել է, որ Բահամյան կղզիներում սուգ է հայտարարվելու, սակայն ստույգ ժամկետ չի նշել:

Ենթադրվում է, որ մոտ 70 հազար մարդ զրկվել է տներից: Մրրիկը վերապրած հազարավոր մարդիկ հիմա բնակվում են վրանաշեն ավաններում և քիչ թե շատ հարմար ժամանակավոր այլ կացարաններում:

XS
SM
MD
LG