Մատչելիության հղումներ

ՏԻՄ ընտրություններն Արցախում «անցկացվել են միջազգային չափորոշիչներին համապատասխան»


Սա դիտորդական առաքելությամբ Արցախում գտնվող հայաստանյան խորհրդարանականների գնահատականն է։

Իշխող «Իմ քայլը», ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորները եղել են 37 ընտրատեղամասում՝ Արցախի գրեթե բոլոր շրջաններում։ Ասում են՝ լուրջ խախտումներ չեն գրանցվել։

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասաց․ - «Առկա են որոշակի տեխնիկական խնդիրներ, որոնք կապված են օրենսդրական կանոնակարգումների հետ, խնդիրներ, որոնք հնարավոր է լուծել տեսանելի ապագայում»:

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ասում է, որ խախտումները շատ դեպքերում ընտրատեղամասերի հանձնաժողովների անդամների անտեղյակության պատճառով են գրանցվել։ Պատգամավորը նկատում է, որ այս ընտրություններին շատ ցածր վստահություն է եղել կին թեկնածունների նկատմամբ։ Օրինակ է բերում նախնական արդյունքները նույն Ստեփանակերտում․ - «Առաջադրվել են հինգ կին անդամի թեկնածություն, սակայն ընտրվել է միայն մեկը: Կարծում եմ, սա ցածր ցուցանիշ է, և սա խոսում է այն մասին, որ կա վստահության պակաս կանանց նկատմամբ, ինչպես նաև միգուցե՝ կարողությունների թերագնահատում»:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը արցախյան ՏԻՄ ընտրությունները գնահատում է, որպես աշխարհի ամենաժողովդրավար ընտրություններից մեկը․ - «Լեգիտիմ ընտրություններ էին իսկապես, հանրության կողմից, բոլորիս կողմից ընդունելի: Սա մի փաստ է, որը այս պահի դրությամբ, վստահ եմ, աշխարհի բոլոր երկրները դե ֆակտո գոնե ընդունում են»:

Արցախում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցած հայաստանյան հասարակական կազմակերպությունները ևս փաստում են ընդհանուր առմամբ ընտրությունները խաղաղ են անցել։

Բայց Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանի խոսքով՝ մի քանի ընտրատեղմասում խնդրահարույց խախտումներ են արձանագրվել․ - «Դա Նորագյուղի դպրոցում տեղակայված թիվ 29 տեղամասն է, որտեղ հանձնաժողովը գործել է շահերի բախման պայմաններում: Թեկնածուն մի եղբայրն է, հանձնաժողովի անդամը երկրորդ եղբայրն է, երրորդ եղբայրը ԶԼՄ ներկայացուցիչ է, բայց համատեղության կարգով ժամանակ առ ժամանակ փոխարինում էր հանձնաժողովի մյուս անդամներին»:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության արցախյան գրասենյակի ղեկավար Վահրամ Թոքմաջյանն ասաց․ - «Ակնառու, միտումնավոր խախտումներ, որոնք կարող էին ուղղորդել ընթացքը կամ ստվերել ընտրությունների արդյունքները, գոնե մեր դիտորդական առաքելությունը չի արձանագրել»:

«Ականատես» դիտորդական առաքելության և «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունների շուրջ 200 դիտորդները դիտարկում են իրականացրել 80 ընտրատեղամասում։

Արցախի Կենտրոնական հանձնաժողովից տեղեկացնում են, որ շուրջ 103 հազար ընտրողներից տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցել է 67 հազար 34 քաղաքացի, կամ մոտ 65,4 տոկոսը:

Մայրաքաղաք Ստեփանակերտում քաղաքապետի պաշտոնի համար առաջադրված հինգ թեկնածուներից նախնական տվյալով հաղթողը Դավիթ Սարգսյանն է։ Նա անկուսակցական է։

XS
SM
MD
LG