Մատչելիության հղումներ

«Գրավոր բողոք բացարձակապես չենք ստացել». վաղը Արցախում ՏԻՄ ընտրություններ են


Ընտրություններ Լեռնային Ղարաբաղում, արխիվ

2020 թվականի նախագահական ու խորհրդարանական ընտրություններին ընդառաջ վաղն Արցախում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են: 228 համայնքում առաջադրվել է 415 համայնքի ղեկավարի և 2573 ավագանու անդամի թեկնածու։

Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Սերգեյ Մելքումյանն ասում է՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում իրենք ոչ մի ահազանգ չեն ստացել, նաև խախտումներ չեն արձանագրել:

«Ընդհանրապես գրավոր բողոք բացարձակապես չենք ստացել, դիմումներ նաև չկան, ինչ-որ մտավախություններ, մտահոգություններով կիսվելու, նմանատիպ բաներ, ոչ մի խախտման հետ կապված ոչ մի գրավոր դիմում-բողոք չենք ստացել», - նշեց Մելքումյանը։

Ընտրողների թիվը 103 հազար 10 է։ Ընտրություններ են նաև մայրաքաղաք Ստեփանակերտում։ Այստեղ 5 թեկնածու է առաջադրվել: Նրանցից Արեգ Ավագյանը, Դավիթ Սարգսյանը, Արմեն Հակոբյանը և Գրիգորի Սահակյանն անկուսակցական են, իսկ Արայիկ Ավանեսյանը նորաստեղծ «Ինքնություն և միասնություն» կուսակցությունից է։ Գործող քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը չի առաջադրվել։ Այս ընտրություններին, ի տարբերություն նախորդների, դիտորդական առաքելություն կիրականացնեն նաև հայաստանյան հասարակական կազմակերպությունները: Դրա համար Հայաստանի կառավարությունն ավելի քան 33 միլիոն դրամ է տրամադրել:

«Իրազեկ քաղաքացիներ միավորում» կազմակերպության արցախյան գրասենյակի ղեկավար Վահրամ Թոքմաջյանն «Ազատության» հետ զրույցում նշեց. «Դիտորդական առաքելությունները ցանկացած ընտրական մշակույթի բաղադրիչներ են, որովհետև բացի ընտրական մշակույթի բաղադրիչ լինելուց դրանք նաև մեկ քայլ առաջ են, էս ծավալի ներառվածությունը ժողովրդավարական ընտրությունների կայացման ամեն հերթական շրջափուլին։ Այս ընտրությունները այդ առումով Արցախի Հանրապետության համար ընտրական գործընթացների, ժողովրդական մեխանիզմների կայացման հերթական շրջափուլն է»։

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կազմակերպությունը գործընկեր կազմակերպությունների հետ միասին «Ականատես. նախագծով է դիտորդական առաքելություն իրականացնում։

Դիտորդական առաքելության համակարգող Մարիամ Հովեյանն ասաց. «Կարողությունների զարգացման տեսանկյունից մենք շատ ուզում էինք փոխանցել մեր փորձը, Ականատես առաքելության անդամ կազմակերպությունները շատ վաղուց են արդեն զբաղվում ընտրությունների դիտարկմամբ, և այդ փորձը ուզում էինք փոխանցել նաև մեր արցախյան գործընկերներին։ Այդ նպատակով ձևավորել ենք դիտորդական խմբեր, որտեղ մեկը ներկայացնում է Արցախը, մյուսը հայաստանյան խմբի ներկայացուցիչն է»։

Դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները թեև միայն բուն ընտրության օրն են դիտարկումներ անելու, սակայն այս ընթացքում ահազանգեր չեն ստացել։

Արցախի ոստիկանությունից հայտնում են՝ այս ընթացքում ընտրակաշառք բաժանելու մեկ դեպք է գրանցվել՝ Ասկերանի շրջանում։ Իրականացվում են համապատասխան ստուգումներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG