Մատչելիության հղումներ

Արցախում ամփոփում են ՏԻՄ ընտրությունների արդյունքները


Արցախում այսօր ամփոփում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները։

Նախօրեին արցախցիներն ընտրեցին քաղաքապետերի, համայնքապետերի ու ավագանու անդամների։ Մայրաքաղաք Ստեփանակերտում 5 թեկնածու էր առաջադրվել, գործող քաղաքապետն այս ընտրություններին չի մասնակցել։

Նախնական արդյունքներով Ստեփանակերտում քաղաքապետ է ընտրվել անկուսակցական Դավիթ Սարգսյանը։

«7787 կողմ ձայն է ստացել Դավիթ Սարգսյանը, որը կազմում է 36.4 տոկոս ընտրողների», ֊ «Ազատության» հետ զրույցում մանրամասնեց Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Մելքումյանը։ ֊ «Շուշիում նախնական տվյալներով հաղթել է Արծվիկ Սարգսյանը, որը գրեթե երկու անգամ գերազանցեց երկրորդ տեղում հայտնված իր մրցակցին», ֊ շարունակեց ԿԸՀ նախագահը։

Ընտրությունների արդյունքներն ամբողջությամբ հայտնի կդառնան արդեն վաղը։

Այս ընտրություններին մասնակցել է ընտրողների 65.5 տոկոսը։ Այս տարի ընտրելու իրավունք ուներ շուրջ 103,000 քաղաքացի։

Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովից մեզ տեղեկացրին՝ քվեարկության ընթացքի վերաբերյալ լուրջ ահազանգեր չեն եղել։

Ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություններ իրականացնող հայաստանյան հասարակական կազմակերպություններն էլ ընդհանուր առմամբ լուրջ խախտումներ չեն արձանագրել, բայց «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Սոնա Այվազյանի խոսքով, ամեն դեպքում իրենց դիտարկած 40 ընտրատեղամասերում որոշակի խախտումներ եղել են։ Արցախի 40 այլ ընտրատեղամասում էլ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունն է դիտորդական առաքելություն իրականացնում։ Կազմակերպության արցախյան գրասենյակի ղեկավար Վահրամ Թոքմաջյանի խոսքով, ընտրություններն անցել են խաղաղ, առանց լուրջ միջադեպերի, արձանագրված խախտումները հիմնականում ընթացակարգային էին կամ անտեղյակության հետևանք են։

«Ակնառու, միտումնավոր, որոնք կարող էին ուղղորդել ընթացքը կամ ստվերել ընտրությունների արդյունքները՝ մեր դիտորդական առաքելությունը չի արձանագրել», ֊ փաստեց Թոքմաջյանը։ ֊ «Արցախում բոլոր պատկան մարմինները առաքելությանը արժանացրել են ջերմ ընդունելության և հատկապես ԿԸՀ֊ի հետ մեր աշխատանքները շատ արդյունավետ են եղել ու դա, մասնավորապես, ընդգծվել է ընտրությունների օրը, երբ շատ արագ ԿԸՀ ներկայացուցիչները արձագանքել են մեր բոլոր զանգերին, մեր բոլոր դիմումներին, տեղամասերում առաջացած խնդիրներին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG