Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիան նոր արտահերթ ընտրությունների շեմին է


Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Համայնքների պալատում քննարկման ժամանակ: 3-ը սեպտեմբերի, 2019թ․

Ընդդիմադիր լեյբորիստների հեղինակած օրինագիծը, որ փաստորեն անհնարին է դարձնում «կոշտ Բրեքզիթը» (որի կողմնակիցն է, ի դեպ, Մեծ Բրիտանիայի վարչապետը), Համայնքների պալատի օրակարգում հայտնվեց իշխող Պահպանողական կուսակցության ներսում տեղի ունեցած պառակտման հետևանքով:

Կուսակցության 21 վետերան պատգամավորները, այդ թվում Ուինսթոն Չերլիլի թոռը` Նիկոլաս Սոամսը, ինչպես նաև ֆինանսների նախկին նախարարներ Ֆիլիպ Համոնդը և Քեն Կլարկը, կողմ քվեարկեցին լեյբորիստների նախաձեռնությանը` ավելի քան հավանական դարձնելով Միացյալ Թագավորությունում երկրորդ անընդմեջ արտահերթ ընտրությունների անցկացումը:

«Մենք պետք է ընտրություն կատարենք: Ես նոր ընտրությունների անցկացման կողմնակից չեմ, հանրությունը ընտրությունների կողմնակից չէ: Կարծում եմ, նույնիսկ ընդդիմության առաջնորդն է դեմ նոր ընտրություններին: Բայց եթե ներկայացված նախաձեռնությունը Համայնքների պալատում ստանա քվեների մեծամասնությունը, այդ դեպքում հանրությունը պետք է որոշի, թե ով է հոկտեմբերի 17-ին գնալու Բրյուսել և փորձելու լուծել այս հարցը», - հայտարարել է Բորիս Ջոնսոնը:

Բրիտանական աղբյուրների տեղեկություններով, եթե իրադարձությունները նման ընթացք ստանան, ապա արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 14-ին կամ 15-ին: Բորիս Ջոնսոնը վստահ է, որ եթե բրիտանական հանրությունը ցանկանում է արժանապատիվ կերպով լքել Եվրամիությունը`առանց Բրյուսելից ճնշման ենթարկվելու, ապա պետք է քվեարկի պահպանողականների օգտին:

«Բոլորն էլ գիտեն, որ եթե լեյբորիստների առաջնորդը դառնա վարչապետ, ապա գնալու է Բրյուսել և «Բրեքզիթի» վերջնաժամկետի նոր երկարաձգում է մուրալու, ընդունելու է Բրյուսելի բոլոր պահանջները», - նշել է Բորիս Ջոնսոնը:

Լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Քորբինը սակայն համոզված է, որ եթե Ջոնսոնի կառավարությունը վստահ է, որ բրիտանացիների մեծամասնությունը շարունակում է կողմ արտահայտվել Եվրամիությունը լքելու գաղափարին, ապա կարող է նոր հանրաքվե նախաձեռնել:

«Մենք ապրում ենք պառլամենտական ժողովրդավարության պայմաններում, մեզ մոտ ոչ թե նախագահական, այլ վարչապետական համակարգ է: Վարչապետը կառավարում է Համայնքների պալատի համաձայնությամբ: Սակայն այսօր Համայնքների պալատում Եվրամիությունն առանց համաձայնագրի լքելու շուրջ փոխհամաձայնություն գոյություն չունի: Այդ գաղափարը չի վայելում նաև երկրի բնակչության մեծամասնության աջակցությունը: Եթե վարչապետը «Բրեքզիթի» քաղաքականության իրավացիության հարցում այդքան վստահ է, ի՞նչն է խանգարում նրան այդ հարցը հանձնել հանրության դատին», - հայտարարել է Քորբինը:

Երեքշաբթի երեկոյան Համայնքների պալատում ծավալված այս քննարկումները անցնում էին խիստ լարված մթնոլորտում: Կառավարամետ և ընդդիմադիր պատգամավորները պարբերաբար ընդհատում էին իրար, վիրավորական խոսքեր ուղղում միմյանց: Դա էր պատճառը, որ Համայնքների պալատի խոսնակը գրեթե յուրաքանչյուր ելույթից հետո կարգուկանոնը վերականգնելու հուսահատ փորձեր էր ձեռնարկում` կոչ անելով խորհրդարանականներին նիստը թատրոնի չվերածել:

XS
SM
MD
LG