Մատչելիության հղումներ

Ջոնսոնը կարտաքսի խորհրդարանում ընդդիմախոս կուսակիցներին


Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոն, Բիարից, 26-ը օգոստոսի, 2019թ.

Այսօր մեկնարկում է «Բրեքզիթ»-ի առումով շատ կարևոր շրջան: Բրիտանական խորհրդարանը վերադառնում է արձակուրդից, և նախատեսվում են «Բրեքզիթ»-ի շուրջ թեժ քննարկումներ:

Վարչապետ Բորիս Ջոնսոնն ասել է, որ առանց վարանելու կարտաքսի պահպանողական այն օրենսդիրներին, ովքեր կհամարձակվեն մերժել կառավարության տեսակետը:

Ցանկացած պատգամավոր, ով կքվեարկի կառավարության ծրագրին դեմ, կվտարվի պահպանողականների շարքերից և կզրկվի հաջորդ ընտրություններին առաջադրվելու իրավունքից:

Բրիտանիայի խորհրդարանոում այսօր հրատապ խնդիրը՝ «Բրեքզիթ»-ը գործարքով իրականացնելու գաղափարն է:

Ընդդիմադիր լեյբորիստները ցանկանում են անցկացնել օրենք, ըստ որի՝ կառավարությունը չի ունենա թագավորությունը Եվրամիությունից առանց գործարքի դուրս հանելու իրավունք:

«Բրեքզիթ»-ի մեկնարկին երկու ամիս է մնում՝ հոկտեմբերի 31-ը վերջնաժամկետն է, ուստի Բրիտանիան՝ պայմանագրով կամ առանց պայմանագրի, պետք է լքի Եվրոպական միությունը:

Բորիս Ջոնսոնն ասել է, թե ինքն էլ է ցանկանում համաձայնություն Բրյուսելի հետ, սակայն եթե դա չհաջողվի, Բրիտանիան միևնույն է դուրս կգա այդ կառույցից:

Լեյբորիստների համոզմամբ, առանց գործարքի «Բրեքզիթ»-ը և՛ թագավորության, և՛ Եվրամիության համար աղետալի կլինի:

Ջոնսոնը 650-տեղանոց խորհրդարանում ունի սոսկ մեկ մանդատի առավելություն, դա նշանակում է, որ ընդդիմախոս կուսակիցներին, օրինակ՝ ֆինանսների նախկին նախարար Ֆիլիպ Համոնդին կամ արդարադատության նախկին նախարար Դեյվիդ Գոուքին արտաքսելու սպառնալիքի իրականացումը կարող է հանգեցնել արտահերթ ընտրությունների: Վարչապետը մնում է անդրդվելի:

«Մեր առաքելությունն է իրականացնել «Բրեքզիթ»-ը հոկտեմբերի 31-ին և այդպես նոր լիցք հաղորդել մեր Միացյալ Թագավորությանն ու այն դարձնել աշխարհի լավագույն երկիրը», - ասել է Ջոնսոնը:

Եթե այս իրավիճակի հանգուցալուծումը լինի արտահերթ ընտրությունը, ապա ի հայտ կգա երեք հնարավոր տարբերակ․ առաջին՝ Բորիս Ջոնսոնի առաջնորդությամբ կձևավորվի «Բրեքզիթ»-ի գաղափարին նվիրված կառավարություն, երկրորդ՝ իշխանությունը կստաձնի լեյբորիստ Ջերեմի Քորբինը, ով դեմ է «Բրեքզիթ»-ին կամ առնվազն դեմ է առանց գործարքի «Բրեքզիթ»-ին, և երրորդ՝ կընտրվի առանց հստակ մեծամասնության խորհրդարան, որը կձևավորի կոալիցիոն կամ փոքրամասնության կառավարություն:

Քննարկումները խորհրդարանում սկսվում են այսօր և կշարունակվեն սեպտեմբերի 5-ին ու 6-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG