Մատչելիության հղումներ

Ադրբեջանում այս պահին առնվազն 119 քաղբանտարկյալ կա․ իրավապաշտպաններ


Ադրբեջան - Քաղբանտարկյալների ազատ արձակելու պահանջով բողոքի ցույց Բաքվում, արխիվ

Ադրբեջանցի իրավապաշտպանների պնդմամբ՝ այս պահին երկրում առնվազն 119 քաղբանտարկյալ կա: Դա են վկայում «Քաղբանտարկյալների ցուցակագրման աշխատանքային խմբի» անդամների նախօրեին հրապարակած նոր տվյալները:

Նշենք, որ քաղբանտարկյալների շուրջ իրավիճակին հետևող այս կառույցը կազմված է Ադրբեջանում հայտնի մեկ տասնյակ իրավապաշտպաններից, հասարակական գործիչներից և անկախ լրագրողներից, որոնց մեծ մասը ևս նախկինում քաղբանտարկյալներ են եղել:

Խմբի կազմում են ընդգրկված, օրինակ, բանտում շուրջ երկու տարի անցկացրած իրավապաշտպան Ինթիգամ Ալիևը և 2015 թվականին 7,5 տարվա ազատազրկման դատապարտված ու հետագայում միջազգային հանրության ճնշման ներքո ազատ արձակված հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովան:

Իրավապաշտպանների խմբի պնդմամբ՝ այսօր Ադրբեջանում առկա քաղբանտարկյալների գրեթե կեսը` 52 հոգի, առնչություն ունեն 2018 թվականի ամռանը երկրի մեծությամբ երկրորդ քաղաքում` Գյանջայում ծավալված իրադարձություններին:

Հիշեցնենք, 2018-ի հուլիսին մահափորձ էր իրականացվել Գյանջայի քաղաքապետի դեմ, որին հաջորդած բողոքի ցույցի ընթացքում երկու բարձրաստիճան ոստիկան էր սպանվել: Իրավապաշտպանների համոզմամբ, սակայն, ձերբակալվածների ճնշող մեծամասնությունը Գյանջայի քաղաքապետի դեմ մահափորձի և այդ քաղաքում տեղի ունեցած անկարգությունների հետ որևէ առնչություն չունի, իսկ ճաղերի ետևում հայտնվածների նման պատկառելի քանակը նպատակ ուներ հանրության մոտ մանրամասնորեն ծրագրված հակապետական դավադրության պատրանք ստեղծել:

Քաղբանտարկյալների մեծությամբ երկրորդ խումբը` 47 մարդ, քաղաքական իսլամի կողմնակիցներն են: Քաղբանտարկյալների թարմացված ցուցակի հեղինակները կալանավորների այս խմբին անվանում են «Հավատացյալներ»: Դատապարտվածների այս խմբում են ընդգկված, մասնավորաբար, Նարդարանում 2015 թվականի նոյեմբերին տեղի ունեցած բախումներից հետո ձերբակալված անձինք, նաև իսլամիստական քաղաքական ուժերի, օրինակ՝ Ադրբեջանի իսլամական կուսակցության ղեկավարները:

«Քաղբանտարկյալների ցուցակագրման խմբի» կողմից երեկ հրապարակված ցանկում ընդգրկված են նաև 7 քաղաքական և հասարակական ակտիվիստներ, ինչպես նաև 5 լրագրողներ ու բլոգերներ: Վերջին խմբում է նաև երկու տարի առաջ Թբիլիսիում առևանգված և ադրբեջանական դատարանի կողմից ազատազրկման դատապարտված լրագրող Աֆղան Մուխթարլին:

Իրավապաշտպանների գնահատմամբ, ի դեպ, Ադրբեջանում ի հայտ է եկել քաղբանտարկյալների ևս մեկ խումբ. նրանց «Ցուցակագրման խմբի» անդամները «քաղաքական պատանդներ» են անվանում: Դրանք այն ձերբակալվածներն են, որոնց դեմ քրեական գործ է հարուցվել արտերկրում բնակվող և ընդդիմադիր գործունեությամբ զբաղվող հարազատների նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով:

XS
SM
MD
LG