Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի հայտնի իրավապաշտպան Ինթիգամ Ալիևն ազատ արձակվեց


Ինթիգամ Ալիև
Ինթիգամ Ալիև

Ալիևի պատժաչափը մեղմելու մասին միջնորդությունն անձամբ Ադրբեջանի գլխավոր դատախազն է ներկայացրել։

Ադրբեջանցի հայտնի իրավապաշտպան Ինթիգամ Ալիևն ազատ արձակվեց։ Բաքվի Գերագույն դատարանն այսօր որոշում կայացրեց Ինթիգամ Ալիևի հանդեպ որպես պատիժ ընտրել պայմանական ազատազրկումը՝ 5 տարի ժամկետով։

«Գերագույն դատարանը վճռել է անհապաղ ազատ արձակել 2014 թվականի օգոստոսից բանտում գտնվող Ալիևին», - «Ազատության» ադրբեջանական ծառայության հետ զրույցում, հայտնել է Ալիևի պաշտպանը։

Կալանավորումից ի վեր՝ շուրջ մեկուկես տարի, Ինթիգամ Ալիևի պաշտպանները փորձում էին ապացուցել նրա անմեղությունը, իսկ միջազգային հանրությունը նրա ազատ արձակումը Ադրբեջանի հետ հարաբերությունների բարելավման պայմաններից մեկն էր համարում։ Սակայն ադրբեջանական արդարադատությունն անկոտրում էր։

53-ամյա ադրբեջանցի իրավապաշտպանը, ով միջազգային ամբիոններից պարբերաբար հանդես էր գալիս Ադրբեջանի իշխող վարչակազմի հասցեին սուր քննադատությամբ, դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել, մասնավորապես, հարկերից խուսափելու, ապօրինի ձեռնարկատիրության և ծառայողական դիրքի չարաշահման մեջ և դատապարտվել 7.5 տարվա ազատազրկման։

«Ինձ ձերբակալել են իմ իրավապաշտպան գործունեության պատճառով: Ես Մարդու իրավունքների եվրոպական դատարան ավելի քանի 200 գործ եմ ներկայացրել, որոնցից ավելի քանի քառասունը կապված է խորհրդարանական ընտրությունների հետ», - դատարանում հանդես գալով եզրափակիչ խոսքով՝ անցյալ տարվա ապրիլին հայտարարել էր Ալիևը՝ շարունակելով. - «Կառավարությունը մեծ ջանքեր է գործադրել, որպեսզի այդ գործերը դատարան չհասնեն և լուծում չստանան: Եվրոպական դատարանը մի շարք հանձնարարականներ է տվել Ադրբեջանում ընտրությունների հետ կապված իրավիճակը կանոնավորելու համար: Բնականաբար, դա Ադրբեջանի ղեկավարության մոտ զայրույթ է առաջացնում»։

Մինչ ադրբեջանական դատարանները մերժում էին Ալիևի փաստաբանների միջնորդությունները, բանտում գտնվող իրավապաշտպանի առողջական վիճակը գնալով վատթարանում էր։

Անցյալ տարի հայտնի դարձավ, որ Ալիևի մոտ հայտնաբերվել է պարանոցային օստեոխոնդրոզ և միջողային սկավառակի պրոտրուզիա, ինչի պատճառով նա դժվարությամբ էր տեղաշարժվում։

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարություն տարածեց, երբ Ադրբեջանի իշխանությունները մերժեցին բուժօգնություն տրամադրել դատապարտված իրավապաշտպանին։

«Դա անմարդկային է, երբ Ադրբեջանի իշխանությունները հրաժարվում են իրավապաշտպան Ինթիգամ Ալիևին բուժօգնություն ցուցաբերելուց, ում կեղծ մեղադրանքով դատապարտել են 7.5 տարվա ազատազրկման։ Ալիևի նկատմամբ նման ամոթալի վերաբերմունքը հիշեցնում է 2009 թվականին Ռուսաստանում Սերգեյ Մագնիտսկու գործը », - հայտարարեց հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը։

Freedom House-ի և տասնյակ այլ հեղինակավոր կառույցների կողմից «խղճի բանտարկյալ» ճանաչված Ինթիգամ Ալիևն այսօր ներկա չէր Գերագույն դատարանում իր գործով լսումներին։

Պատժաչափը մեղմելու մասին միջնորդությունը, ինչպես նշում են ադրբեջանական լրատվամիջոցները, ոչ թե Ալիևն ու իր պաշտպանական կողմն են ներկայացրել, այլ անձամբ Ադրբեջանի գլխավոր դատախազը, ով հանկարծ հասկացել է, որ իրավապաշտպանի դեմ ավելի վաղ կայացված վճիռը՝ 7.5 տարվա ազատազրկումը չափից ավելի խիստ է։

Այսպիսով՝ Ինթիգամ Ալիևը դարձավ մեկն այն շուրջ երկու տասնյակի հասնող քաղբանտարկյալներից, ով ազատ է արձակվում վերջին շաբաթներին։

Նովրուզի նախօրեին նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած հրամանագրով, 148 հոգի, այդ թվում՝ 14 քաղբանտարկյալներ ազատ արձակվեցին։

Վերլուծաբանները նկատում են, որ Ադրբեջանի իշխող վարչակազմի ընդդիմախոսների նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը տեղի է ունենում այդ երկրում ստեղծված տնտեսական ճգնաժամի, ԱՄՆ-ում շրջանառվող Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցների սահմանման մասին օրենքի նախագծի ֆոնին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG