Մատչելիության հղումներ

Սերգեյ Բագրատյան․ Փաշինյանին և հանրությանը Ամուլսարի վերաբերյալ ապատեղեկատվություն է տրամադրվել


«Էլարդի» հետ տեսակոնֆերանսին մասնակցած «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավոր Սերգեյ Բագրատյանի խոսքով, կոնֆերանսը ցույց տվեց, որ և՛ Փաշինյանին, և՛ հանրությանը Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ ապատեղեկատվություն է տրամադրվել:

Բագրատյանն ընդգծում է, որ հենց իր ուղղած հարցից հետո պարզ դարձավ, որ գետերի հնարավոր աղտոտվածության հարցն ընդհանրապես ուսումնասիրված չէ, և պարզ չէ, թե Ամուլսարի հանքի շահագործումը ամբողջ ջրային ավազանի վրա ինչ ազդեցություն է թողնելու․ - «Ես հարցս ուղղեցի «Էլարդ»-ի փորձագետներին՝ արդյո՞ք այդ 16 մեղմման կետերը, որ նշում են, կիրառելու դեպքում մենք կչեզոքացնենք նաև այդ ռիսկերը, այսինքն Դարբ և Որոտան գետերի աղտոտվածությունը: Դարբ գետը Արփայի վտակն է, հետագայում նաև Արփա գետի աղտոտվածությունը, դրանից հետո Սևան և այլն: Իրենք ավելի լիարժեք պատասխանեցին՝ որ ոչ միայն դա ուսումնասիրված չի, այլ ուսումնասիրված չի նաև Կեչուտի ջրամբարի և Սպանդարյանի ջրամբարի վրայի ռիսկերը: Այսինքն, ջրային ավազանը ամբողջովին ուսումնասիրված չի: Եվ ինչո՞ւ ուսումնասիրված չի: Որովհետև իրենք նշեցին, որ այդ մասին տեղեկատվություն մուտքագրված չի: Հետևաբար ռիսկերը մնում են: Այսինքն Արփա գետը, Որոտան գետը, Դարբ գետը, Կեչուտի ջրամբարը, Սպանդարյանի ջրամբարը ռիսկերի տակ են: Հաջորդ հարցը, որ ուղղեց Լենա Նազարյանը, հետևյալն էր՝ եթե մուտքագրված չեն այդ տվյալները, ինչպե՞ս է, որ փորձաքննություն է անցկացվում, և ինչքանո՞վ է այդ փորձաքննությունը հիմնավոր: Եվ «Էլարդ»-ի փորձագետները պատասխանեցին, որ ինչ նյութ տվել են, այդ նյութն են իրենք փորձաքննության ենթարկել, հետևաբար նոր շրջակա միջավայրի ազդեցության գնահատում պետք է իրականացվի»:

Հարցին, թե արդյոք այսքանից հետո Քննչական կոմիտեն չպետք է պատասխան տա իր միանշանակ պնդումների համար, թե Ամուլսարի հանքի շահագործման ռիսկերը կառավարելի են, Սերգեյ Բագրատյանն արձագանքեց, որ կառավարությունը պետք է պարզի, թե որ մարմնում է տեղի ունեցել տեղեկատվության աղավաղումը․ - «Աղավաղում և կարելի է ձևակերպել նույնիսկ, որ ամբողջովին այլ պատկեր է ներկայացվում: Ակնհայտ է, որ վարչապետը տեղյակ չի եղել իրականությունից: Ակնհայտ է դա: Ովքե՞ր են արել, ինչպե՞ս է արվել․ արդեն դա կառավարությունը պետք է պարզի»:

«Ազատության» հարցին, թե ինչպես է գնահատում այն, որ վարչապետը տեղյակ չէր, որ Քննչական կոմիտեն լրացուցիչ մեղմման քայլեր էր պահանջել «Էլարդ»-ից, Բագրատյանը պատասխանեց․ - «Վարչապետը տեղյակ չէր ընդհանրապես, որ լրացուցիչ հարցում է իրականացվել, որի լիազորությունը, կարծում եմ, չուներ տվյալ մարմինը: Կառավարությունը Քննչական կոմիտեին չէր լիազորել լրացուցիչ հարցադրումների: Թե ինչ պետք է անել, որ ռիսկերը նվազեն, նման հանձնառություն Քննչական կոմիտեն առնվազն կառավարությունից չուներ, որովհետև խոսակցության ընթացքում վարչապետը զարմանք արտահայտեց և խնդրեց նույնիսկ այդ հարցադրումը ուղարկել իր էլեկտրոնային հասցեին»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից բացի, երեկվա տեսակոնֆերանսին հրավիրված էին նաև խորհրդարանական մյուս ընդդիմադիր խմբակցության՝ «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչները: Սակայն խմբակցությունը մերժել էր առաջարկը՝ ասելով, թե «Էլարդի թատրոնին մասնակցելու ցանկություն չունեն»:

«Ազատության» հետ զրույցում խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, թե ի սկզբանե համաձայն չեն եղել այդ փորձաքննության նշանակման հետ, և իրենց համար մինչև օրս անհասկանալի է, թե ո՞վ և ինչպե՞ս ընտրեց «Էլարդ»-ին, որին բյուջեից փորձաքննության համար տրամադրվեց 400 հազար դոլար: Հետևաբար, Մարությանի խոսքով, քանի որ ամբողջական գործընթացն իրենց համար լեգիտիմ չէ, այդ կոնֆերանսին մասնակցելն անիմաստն են համարել:

Էդմոն Մարուքյան
Էդմոն Մարուքյան

«Ըստ էության, պոստ ֆակտում մենք ճիշտ դուրս եկանք, որովհետև այդ երկուս ու կես ժամը ծախսել են և պարզել են, որ այդ ընկերությունը հարցերին չի պատասխանել: Պետք է նոր ՇՄԱԳ: Այստեղից այլ հարց է ծագում, թե ում գաղափարն է եղել նշված փորձաքննության նշանակումը, և վերջին հաշվով ով է պատասխան տալու մեր պետական միջոցներից 400 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումար անարդյունավետ ծախսելու համար», - այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Մարուքյանը:

Հարցին, թե արդյոք կոռուպցիոն ռիսկ տեսնում է այդտեղ, ընդդիմադիր պատգամավորն արձագանքեց․ - «Կոռուպցիոն ռիսկը տեսնում են հետևյալ կերպ․ որ, օրինակ, հնարավոր է, որ այս «Էլարդ» ընկերությունը ինչ-որ մեկի ծանոթ ընկերությունն է, և տենց 400 հազար դոլար փող է տրվել: Եվ դրա հետ կապված ոչ մի հոդաբաշխ պատասխան, թե ոնց ընտրվեց լիբանանյան այդ ընկերությունը, չի տրվել մեզ»:

Էդմոն Մարուքյանը կարծում է, որ նոր ՇՄԱԳ-ի անցկացումը նույնպես անիմաստ է: Կառավարությունը պետք է հրաժարվի հանքի շահագործումից: Եթե այդ ամենը արվելու է, որպեսզի արբիտրաժային դատարանին անհրաժեշտության դեպքում ցույց տանք, որ դրա համար թույլ չեն տալիս, գուցե իմաստ ունենա:

Բայց դա էլ, ըստ Մարուքյանի, միանշանակ փաստարկ լինել չի կարող․ - «Հայաստանը պետություն է, կառավարությունը էն մյուս կառավարության իրավահաջորդ կառավարությունն է: Եվ այդ ընկերությունն ունեցել է ՇՄԱԳ, որով որ իրավունք է ունեցել շահագործելու: Հետևաբար նոր ՇՄԱԳ-ը որ անգամ տա, որ նախկինը վատն էր, կամ հիմա այլևս վտանգավոր է, դա չի օգնելու մեզ դատարանում»:

Հայկ Գևորգյան
Հայկ Գևորգյան

Իշխանական « Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը «Էլարդ»-ի հետ տեսակոնֆերանսից հետո էլ պնդում է, որ Ամուսլարի հանքի շահագործումն անվտանգ է:

Նա վստահ է, որ եթե նոր ՇՄԱԳ իրականացվի, միևնույն է կրկին կպարզվի, որ հանքի շահագործումը խնդիրներ չի առաջացնելու․ - «Ես վստահ եմ ուղղակի, քանի որ ես ուսումնասիրել եմ այդ տեխնոլոգիան մանրամասն, որ ցանկացած ՇՄԱԳ տալու է դրական արդյունք»:

Արսեն Թորոսյան
Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ, չնայած «Էլարդ»-ի հետ տեսակոնֆերանսին, շարունակում է պնդել, որ այս պահին էլ իրեն հայտնի չեն ռիսկեր որոնք վտանգի տակ են դնում այդ տարածաշրջանի բնակչությանը․ - «Ես չունեմ այս պահին որևէ առիթ անհանգստանալու այդ տարածաշրջանում առողջությունով ազգաբնակչության»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG