Մատչելիության հղումներ

Ստեփանակերտում կայացել է Արցախի և Հայաստանի ԱԳՆ-ների կենտրոնական ապարատների համատեղ խորհրդակցություն


Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյան և Մասիս Մայիլյան, արխիվ
Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյան և Մասիս Մայիլյան, արխիվ

Երեկ Ստեփանակերտում կայացել է Արցախի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների կենտրոնական ապարատների՝ իր ձևաչափով առաջին համատեղ խորհրդակցությունը՝ արտերկրում Հայաստանի դիվանագիտական և հյուպատոսական ծառայությունների ղեկավարների մասնակցությամբ։

Արցախի և Հայաստանի ԱԳ նախարարներ Մասիս Մայիլյանը և Զոհրաբ Մնացականյանը հանդես են եկել ելույթներով։

Հայաստանի արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության հաղորդագրության համաձայն՝ Մայիլյանը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքական հիմնական առաջնահերթությունները, նրա միջազգային ճանաչման գործընթացի և ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ Արցախի իշխանությունների դիրքորոշումը։ Նա նշել է, մասնավորապես, որ արցախյան պետականության ամրապնդումը, ինչպես նաև որոշակի համաշխարհային միտումները, համաձայն որոնց՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը դիտարկվում է որպես էթնո-քաղաքական հակամարտությունների լուծման հիմք, նոր հնարավորություններ և հեռանկարներ են բացել հակամարտության կարգավորման հարցում։ Նախարարը նաև ընդգծել է Արցախի միջազգային ճանաչման գործընթացում առկա դրական միտումներին կայուն և անշրջելի բնույթ հաղորդելու կարևորությունը։

Մասիս Մայիլյանը գոհունակությամբ է նշել, որ երկու հայկական պետությունների ղեկավարությունների դիրքորոշումը՝ պաշտոնական Ստեփանակերտի ուղիղ և լիիրավ մասնակցությամբ բանակցությունների լիարժեք ձևաչափի վերականգնման հարցում, ամբողջովին համընկնում են, միաժամանակ նշելով մի շարք քայլեր՝ սահմանված նպատակին հասնելու համար։

Այնուհետև տեղի է ունեցել մտքերի փոխանակում՝ արտաքին քաղաքական ընդհանուր օրակարգի և միջազգային ասպարեզում հայկական երկու պետությունների առջև ծառացած խնդիրների լուծման համար նոր գաղափարների և մոտեցումների մշակման շուրջ։ Քննարկվել են համատեղ նախաձեռնությունների և ծրագրերի իրականացման ուղղությամբ գործնական քայլեր, ինչպես նաև որոշվել են մի շարք հարցեր, որոնք վերաբերում են նախարարությունների և նրանց համապատասխան ստորաբաժանումների միջև խորհրդակցությունների օրակարգին՝ երկու գերատեսչությունների միջև խորհրդակցությունների պլանի համաձայն։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նման ձևաչափով պարբերական խորհրդակցությունների անցկացման վերաբերյալ։

Հիշեցնենք՝ Հայաստանի արտգործնախարարության կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցներին նույն օրը ընդունել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը:

XS
SM
MD
LG