Արցախ այցի շրջանակում Հայաստանի արտգործնախարարության կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցներին այսօր ընդունել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը:
Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը բարձր է գնահատել նման ձևաչափով հանդիպման անցկացումը՝ նշելով, որ այն լավ հնարավորություն է ընձեռում անմիջական քննարկում ունենալ համահայկական հարցերի շուրջ և առաջին ձեռքից ծանոթանալ Արցախի առաջնահերթություններին։
ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ՝ Բակո Սահակյանը համաժողովի մասնակիցներին է ներկայացրել Արցախում իրականացված սոցիալ-տնտեսական ծրագրերը և այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, Արցախի անվտանգության համակարգը և այն ամրապնդելուն ուղղված քայլերը: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Արցախ-Սփյուռք փոխգործակցության ընդլայնմանն ու խորացմանն ուղղված հարցերին:
Արցախի նախագահը և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության ղեկավարները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման, այդ թվում՝ միջազգային գործընթացներում Արցախի ժողովրդի լիարժեք ներգրավման շուրջ։