Մատչելիության հղումներ

ՍԴ-ից չեն հայտնում՝ ինչ որոշում են ընդունել Վահե Գրիգորյանի միջնորդության վերաբերյալ


Սահմանադրական դատարանը վաղը սկսելու է Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության վերաբերյալ պաշտպանների դիմումի քննությունը: Դրան ընդառաջ՝ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը միջնորդություն է ներկայացրել Հրայր Թովմասյանի, Արևիկ Պետրոսյանի և Հրանտ Նազարյանի մասնակցության անհնարինության վերաբերյալ:

Գրիգորյանի հիմնավորմամբ՝ նախկինում նրանք առնչվել են մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ որոշումների ընդունմանը և չեն կարող անաչառ լինել Քոչարյանին վերաբերող դիմումը քննելիս:

Վահե Գրիգորյանի միջնորդության վերաբերյալ ՍԴ-ն այսօր նիստ է հրավիրել, սակայն դեռ հայտնի չէ՝ քննել են միջնորդությունը, թե ոչ և եթե այո, ինչ որոշում են ընդունել:

Աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը պատճառաբանեց, թե հանդիպման է, իսկ աշխատակարգային որոշումները տեղադրվում են դատարանի կայքում երեք օրվա ընթացքում:

Վերադառնալով միջնորդությանը՝ նշենք, որ Վահե Գրիգորյանը հրաժարվեց մանրամասնել:

Ավելի վաղ նույն հարցով Սահմանադրական դատարան էր դիմել փաստաբան Տիգրան Եգորյանը, ով, մասնավորապես, մասնակցության անհնարինությունը այսպես մեկնաբանեց․ - «Հրայր Թովմասյանը նախարար եղած ժամանակահատվածում իր ենթակայության տակ գործող գերատեսչության միջոցով՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Կառավարության ներկայացուցչի գրասենյակի միջոցով, ներկայացրել է դիրքորոշումներ Մարտի 1-ի գործերով, այդ թվում նաև, օրինակ, Սաղաթելյանի գործով, և այդ դիրքորոշումները, որոնք պաշտոնապես ներկայացվել են կառավարության անունից, այսօր արդեն առկա Եվրոպական դատարանի վճռով, ըստ էության, հերքվել են»

Գալով Արևիկ Պետրոսյանին՝ Եգորյանը հիշեցրեց, որ նա 2008-ին Ազգային ժողովի փոխնախագահ էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից և կողմ է քվեարկել Ազգային ժողովի հայտարարությանը, որով գնահատականներ են տրվել Մարտի 1-ի իրադարձություններին: - «Նա, ըստ էության, կողմ է արտահայտվել Մարտի 1-ին Ռոբերտ Քոչարյանի՝ արտակարգ դրություն մտցնելու հրամանագրին, և կողմ է քվեարկել Ազգային ժողովի կողմից ընդունված հայտարարությանը, որով տրվել են գնահատականներ Մարտի 1-ի իրադարձություններին և որոնք Եվրոպական դատարանի այս վերջին վճիռներով ամբողջությամբ հերքվել են», - ասաց փաստաբանը:

Հրանտ Նազարյանի մասով էլ Եգորյանը նշեց․ - «Հրանտ Նազարյանը մասնակցել է 2008թ․ մարտի 8-ի որոշման կայացմանը, մասնակցել է 2008թ․ փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների վիճարկման գործի քննությանը և մասնակցել է այնպիսի պայմաններում, որոնց կապակցությամբ այսօր քննարկվում է քրեական գործ և մեղադրանքի էությունը այն է, որ Սահմանադրական դատարանի վրա կիրառվել են ճնշումներ կոնկրետ որոշում ապահովելու նպատակով, որը ցանկալի էր Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի համար և այդ որոշումն ապահովվել է»:

Քոչարյանի գործով նիստին Վահե Գրիգորյանը չի մասնակցի, քանի որ մինչև դատավոր ընտրվելը եղել է Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչը ինչպես Հայաստանյան դատարաններում, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

Վահե Գրիգորյանի մասնակցության անհնարինության վերաբերյալ դատարանը որոշում էը ընդունել դեռևս հունիսի 27-ին:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանի կարծիքով՝ նշված անդամների մասնակցության անհնարինության հարց չի կարող լինել: - «Սահմանադրական դատարանը որոշում է կոնկրետ նորմի սահմանադրականության հարց և կանխակալ վերաբերմունքի հարց կարող է լինել, եթե, ենթադրենք, դատավորներից մեկը նախկինում անդրադարձած լիներ հրապարակայնորեն Քրեական դատավարության օրենսգրքի 135, 35-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ», - իր տեսակետը հիմնավորեց Վարդևանյանը:

Եթե Սահմանադրական դատարանը երեք անդամի մասնակցության անհնարինությունը չհաստատի, դա նշանակում է, որ Քոչարյանի պաշտպանների դիմումի քննությանը կմասնակցի ութ անդամ, հակառակ դեպքում՝ հինգ, իսկ այս դեպքում մեկ ձայնն անգամ վճռորոշ կարող է լինել:

XS
SM
MD
LG