Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանն իրավունք չուներ կոչումնազրկել գեներալին․ Անդրանիկ Քոչարյան


Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը «Ազատության» հետ զրույցում մեկնաբանել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագիրը Վաղարշակ Հարությունյանին զինվորական կոչումից զրկելու՝ ՀՀ նախագահի 2002 թվականի հուլիսի 22-ի հրամանագիրը ուժը կորցրած ճանաչելու մասին:

«Ազատություն»․ - 17 տարվա դադարից հետո Վաղարշակ Հարությունյանի գեներալ-լեյտենանտի կոչումը վերականգնվեց: Նրան այդ կոչումից զրկել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ նախագահ Արմեն Սարգսյանը անվավեր ճանաչեց Քոչարյանի այդ հրամանը: Ինչպե՞ս եք գնահատում այդ որոշումը:

Անդրանիկ Քոչարյան․ - Ռոբերտ Քոչարյանը, ըստ Սահմանադրության, իրավունք չուներ կոչումնազրկել գեներալին, որովհետև այն ժամանակվա գործող Սահմանադրությամբ հստակ գրված էր, որ նախագահը շնորհում է գեներալի կոչում, նա իրավունք չունի առանց դատարանի որոշման կոչումնազրկի գեներալին: Այնպես որ Ռոբերտ Քոչարյանը հերթական անգամ խախտել է Սահմանադրությունը: Վաղարշակ Հարությունյանի պարագայում ինքը, ամենայն հավանականությամբ, փորձում էր իր վրեժը լուծել՝ հերթական անգամ խախտելով սահմանադրությունը:

Իրավական առումով արդարացի որոշում կայացվեց հիմա՝ չեղյալ համարելով Ռոբերտ Քոչարյանի ապօրինի հրամանագիրը:

«Ազատություն»․ - Նույն կերպ պե՞տք է վերանայվեն, օրինակ, Գագիկ Ջհանգիրյանին նույնպես կոչումից զրկել է Ռոբերտ Քոչարյանը մարտիմեկյան այդ իրադարձությունների հետ կապված, նաև որոշ այլ դեպքեր կան:

Անդրանիկ Քոչարյան․ - Տարբեր իրավական ձևաչափեր կան․ կարծեմ պարոն Ջհանգիրյանի հարցով Վճռաբեկ դատարանը գործողություն է իրականացրել, տեսնենք այնտեղ ինչպես կլինի: Իհարկե պարոն Ջհանգիրյանի նկատմամբ ապօրինի որոշումն էլ պետք է վերացվի: Եվ, ընդհանրապես, Մարտի 1-ին Ռոբերտ Քոչարյանի բոլոր ապօրինի որոշումները պետք է վերանայվեն և ամեն ինչ դրվի օրենքի շրջանակներում:

«Ազատություն»․ - Քանի որ քաղաքական որոշում էր Վաղարշակ Հարությունյանին կոչումից զրկելը և նաև նույն քաղաքական որոշման արդյունքում նա նորից վերգտավ այդ կոչումները, ինչի՞ արդյունքում էր, որ Քոչարյանն այդ որոշումը կայացրեց, ի՞նչը ստիպեց նրան կոչումից զրկել Հարությունյանին:

Անդրանիկ Քոչարյան․ - Քոչարյանը հիշաչար մարդ է և բոլոր այն պաշտոնյաները, որ, ելնելով պետականության դրսևորումներից, իրականացրել են իրենց պաշտոնավարման ընթացքում ճիշտ պետական որոշումներ, որոնք չեն համընկել Ռոբերտ Քոչարյանի ապօրինի կառավարման ժամանակահատվածի որոշ դրվագների հետ, Ռոբերտ Քոչարյանը, երբ որ ունեցել է հնարավորություն, իր ապօրինի հրամանագրերով իրացրել է ապօրինի որոշումներ, որը, որպես կանոն, կարճ կյանք է ունենում:

Հիմա էլ Ռոբերտ Քոչարյանը կայացրած ապօրինի որոշման համար է մեղադրվում, բայց Ռոբերտ Քոչարյանի ապօրինի որոշումները նաև ծանր են նստել մեր պետության և պետականության վրա:

Քաղաքական որոշման խնդիրը այստեղ հարցի ընդամենը մի մասն է, այսօր գործ ունենք Ռոբերտ Քոչարյանի անձի այլ դրսևորումների հետ ևս:

«Ազատություն»․ - Պարզապես կա տեսակետ, որ Մեղրիի տարբերակը բարձրաձայնելու համար Ռոբերտ Քոչարյանը չներեց Վաղարշակ Հարությունյանին, որոշակի կապեր են տեսնում նաև Հոկտեմբերի 27-ից հետո տեղի ունեցած իրադարձությունների հետ: Դուք տեսնո՞ւմ եք այս ամենի հետ նաև որոշակի կապեր:

Անդրանիկ Քոչարյան․ - Ես տեսնում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը չի ներում այն մարդկանց, որոնք իրենց կյանքի ընթացքում եղել են խիստ պետականամետ և պաշտպանել են պետության շահը, որը որոշ դեպքերում չի համընկել Ռոբերտ Քոչարյանի կառավարման գաղափարախոսության հետ, որովհետև Ռոբերտ Քոչարյանը հասարակությանը հայտնի է որպես Սահմանադրությունը բազմիցս խախտող ղեկավար: Եվ այդ խախտելը նշանակում է, որ ինքը միշտ թքած է ունեցել օրենքներ վրա, այն էլ՝ հիմնական օրենքի վրա: Սա հերթական, բազմաթիվ խախտումներից մեկն է ընդամենը, որովհետև Ռոբերտ Քոչարյանը իր պաշտոնավարման ընթացքում Սահմանադրությունը խախտել է բազմիցս:

Վաղարշակ Հարությունյանը Հայաստանի ռազմական գերատեսչությունը ղեկավարել է 1999 թվականի հունիսից մինչև 2000 թվականի մայիս: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից իրեն զինվորական կոչումից զրկելը Հարությունյանը անօրինական է համարում, իսկ «Հանրապետություն» ընդդիմադիր կուսակցությունը, որին նա անդամակցում էր, որակել է քաղաքական հետապնդում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG