Մատչելիության հղումներ

Քոչարյանի փաստաբան․ Օրենսդրությունը թույլ է տալիս Զինված ուժերն օգտագործել ներպետական հարցերում


Մարտի 1-ի գործով գլխավոր մեղադրյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը համարում է, որ Հայաստանի օրենսդրությունը թույլ է տալիս Զինված ուժերն օգտագործել ներպետական հարցերում։ Պաշտպանը միֆ է որակում հակառակ պնդումը։

«Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը ուղղակիորեն թույլ է տալիս և միշտ թույլ է տվել օգտագործել Զինված ուժերը մասնավորապես զանգվածային անկարգությունները ճնշելու նպատակով», - լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց փաստաբանը:

Ասածը հիմնավորելու համար Ալումյանը նախորդ Սահմանադրությունից մեջբերում արեց։ Մայր օրենքի նախկին խմբագրմամբ 8.2 հոդվածը, նորով՝ 14-րդ հոդվածը, ըստ պաշտպանի, փաստում է, որ Զինված ուժերը նաև ներքին սպառնալիքներից պաշտպանելու համար են:

Մայր օրենքում Զինված ուժերին վերաբերող հոդվածը սահմանում է․ - «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անձեռնմխելիությունը և Հայաստանի Հանրապետության զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն եւ քաղաքացիական վերահսկողության ներքո են»:

«Երկրապահ կամավորականներին ներքաշել քաղաքական հարցերի մեջ, բերել այդ հրապարակ ու միացնել ցուցարարներին․ փորձ էր արվում ու բավականին երկար ժամանակ: Դրանից բացի, Զինված ուժերում աշխատանք էր տարվում, որպեսզի զինվորականները անցնեն ցուցարարների կողմը: Դա ուղղակի ֆիկտիվ վտանգ չէր», - պնդեց Ալումյանը:

Մինչդեռ Մարտի 1-ի գործով տուժողների ներկայացուցիչ, նախկին Փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը պնդում է, որ Սահմանդրությունն արգելում է զինված ուժերն օգտագործել ներպետական հարցերում։ Բացի այդ, Սաֆարյանը կարծում է, թե 2008-ի մարտի 1-ին ներքին անվտանգությանը սպառնացող խնդիր չի եղել․ - «Պաշտպանություն է իրականացվում ձևական: Որովհետև մի դեպքում պնդում էին, որ զորքը չի եկել, մի դեպքում պնդում էին, որ զորքը չի մասնակցել, երբ որ քրեական գործով հաստատապես հիմնավորվեց, որ զորքը ոչ միայն մասնակցել է, այլ կրակել է, կրակել է և՛ օդ, և՛ անկանոն, հիմնավորվեց, որ զորքի պարկուճները փոխվել են: Այդ բոլորը հիմնավորվեց, հիմա էլ ասում են՝ գիտեք, զորքը կարող է քաղաքական կյանքում օգտագործվել»:

Հայկ Ալումյանը համոզված է, որ Մարտի 1-ի քրեական գործը մեծ մասամբ հիմնված է այն «միֆի» վրա, թե Զինված ուժերն ներպետական հարցերում ներգրավելն արգելված է: Նրա խոսքով, զինծառայողները մարտյան դեպքերի օրերին տեղաբաշխված են եղել Լեո և Պարոնյան փողոցներում, Կառավարության և Կենտրոնական բանկի շենքերի մոտ, սակայն պնդում է, թե Զինված ուժերը չեն մասնակցել «զանգվածային անկարգությունները վերացնելուն», նրանց կրակելու հրաման չի տրվել:

Սեդա Սաֆարյանը հակադարձում է՝ Զինված ուժերը ներգրավված են եղել ցուցարարների դեմ գործողություններում ու նրանց կրակելու հրաման է տրվել դեռ դեպքերից առաջ․ - «Զորքին կրակելու հրաման է եղել: Անգամ ցուցմունքներ կային այն մասին, որ զինվորականին հարցնում են՝ ո՞վ տվեց կրակելու հրամանը, ինքը ասում է՝ ես չեմ կարող ասել ով տվեց այդ պահին հրամանը, կարող ա կամաց են տվել, չեմ լսել, բայց ըստ էության զորքը արդեն կրակելու պատրաստ եկել է: Այսինքն, համակարգված նրանց հետ աշխատանք տարվել է՝ որ պահին կրակեն, երբ չկրակեն և ինչ անեն»:

Սեդա Սաֆարյան
Սեդա Սաֆարյան

Սաֆարյանը նաև անհիմն է համարում Քոչարյանի պաշտպանական թիմի այն պնդումը, թե մարտյան դեպքերի ժամանակ Արցախից Երևան զորք չի բերվել։ Ասում է՝ հարցաքննությունները փաստում են ճիշտ հակառակը։

XS
SM
MD
LG