Մատչելիության հղումներ

Վարդան Մինասյան․ Մենք պետք է նույն կերպ խաղանք՝ պաշտպանվելիս ագրեսիվ, էֆեկտիվ՝ հարձակման գծում


Լյուքսեմբուրգյան թիմի նկատմամբ հաղթանակից հետո «Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիսները ողջունում են երկրպագուներին: Երևան, 22-ը օգոստոսի, 2019:
Լյուքսեմբուրգյան թիմի նկատմամբ հաղթանակից հետո «Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիսները ողջունում են երկրպագուներին: Երևան, 22-ը օգոստոսի, 2019:

Այսօր երեկոյան Երևանի ժամանակով 22:00-ին Լյուքսեմբուրգում տեղի կունենա «Դյուդելանժ» - «Արարատ-Արմենիա» Եվրոպա լիգայի նախընտրական փլեյօֆ փուլի պատասխան հանդիպումը։

Մեկ շաբաթ առաջ Երևանում Հայաստանի չեմպիոնը դրամատիկ պայքարում վերջին րոպեին խփած գոլի շնորհիվ 2:1 հաշվով հաղթանակ կորզեց Լյուքսեբուրգը ներկայացնող թիմից։

Հայկական ակումբին խմբային փուլից ընդամենը մեկ քայլ է բաժանում․ եթե պատասխան խաղն ավարտվի «Արարատ-Արմենիա»-ին ձեռնտու հաշվով, ապա արդեն վաղը Մոնակոյում խմբային փուլի վիճակահանության ընթացքում կհնչի նաև հայաստանյան թիմի անունը։

Հշեցնենք, որ «Արարատ-Արմենիա»-ի արդեն իսկ գրանցած արդյունքը բացառիկ է անկախ Հայաստանի ֆուտբոլի պատմության մեջ․ Հայաստանը ներկայացնող որևէ ակումբ այս փուլին երբեք չի հասել։

Հայաստանի չեմպիոնը եվրոպական մրցաշրջանը սկսեց Չեմպիոնների լիգայի որակավորման փուլից՝ ուժերը չափելով շվեդական «Աիկ»-ի հետ: Այդ դիմակայությունում հայկական ակումբը պարտվեց՝ 4:3 ընդհանուր հաշվով, սակայն ՈւԵՖԱ-ի կանոնակարգի համաձայն հնարավորություն ստացավ շարունակել պայքարը Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլում: Մրցակիցը Ջիբրալթարը ներկայացնող «Լինկոլն»-ն էր, և երկու խաղերի արդյունքում «Արարատ-Արմենիա»-ն հաղթանակ տարավ ընդհանուր 4:1 հաշվով:

Երրորդ փուլում Հայաստանի չեմպիոնը մրցեց Վրաստանի անցած առաջնության հաղթող «Սաբուրթալո»-ի հետ: Այդ դիմակայության երևանյան մասը ավարտվեց հայկական ակումբի ցավալի պարտությամբ, սակայն պատասխան խաղում «Արարատ-Արմենիա»-ի տղաները երկու անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը ու անցան արդեն այս փուլ։

Նախախաղային ասուլիսի ընթացքում թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ընդգծեց, որ թեև ոչ ոքին էլ բավարար է, բայց այդ արդյունքն իրենց չի գոհացնի․ - «Մենք պետք է նույն կերպ խաղանք՝ պաշտպանվելիս ագրեսիվ, էֆեկտիվ՝ հարձակման գծում»:

Մինասյանը հավանում է «Դյուդելանժ»-ի խաղաոճը․ - «Նրանք սիրում են գնդակով խաղալ, տիրել գնդակին: Պետք չէ նրանց ժամանակ ու տարածություն տալ»:

«Արարատ Արմենիա»-ն խմբային փուլ անցնելու դեպքում պատմական հաջողություն կգրանցի:

Այդուհանդերձ, ըստ Մինասյանի, խաղից առաջ ֆուտբոլիստներին հավելյալ ոգևորել պետք չէ․ - «Հակառակը, իրենց ավելի շատ պետք է թուլացնել էսպիսի խաղերից առաջ, որպեսզի իրենք չափից շատ պատասխանատվություն չվերցնեն իրենց վրա: Որովհետև դա կարող է հակառակ բաների բերի»:

Ինչ վերաբերում է իր գլխավորած թիմի խաղին ընդհանրապես, Մինասյանն անկեղծանում է՝ համագործակցության մասով այն դեռ իրեն չի գոհացնում․ - «Դա միանգամից չի լինի: Եթե չեմ սխալվում, երկու ամիս է ընդամենը թիմը իրար հետ: 5 թե 6 նոր խաղացող ունենք: Բացի Եվրոպա լիգայից, մեզ պետք է, որ իրենք հարմարվեն Հայաստանի առաջնությանը»:

Չնայած պատասխան խաղից առաջ բուքմեյքերներն ավելի շատ հավատում են «Արարատ-Արմենիա»-ի խմբային փուլ դուրս գալուն, Մինասյանը 50-50 է գնահատում շանսերը։

Հանդիպումը կհեռարձակի Հանրային հեռուստաընկերությունը: Հայկական ակումբը նաև բացօթյա դիտում է կազմակերպել Կարապի լճի տարածքում և Սարյան - Մաշտոց հատվածում բացված նոր այգում:

XS
SM
MD
LG