Մատչելիության հղումներ

«Արարատ-Արմենիա»-ն կարևոր հաղթանակ տարավ դրամատիկ պայքարում


«Արարատ-Արմենիա»-ն տոնում է հաղթանակը «Դյուդելանժ»-ի նկատմամբ, Երևան, 22-ը օգոստոսի, 2019թ․
«Արարատ-Արմենիա»-ն տոնում է հաղթանակը «Դյուդելանժ»-ի նկատմամբ, Երևան, 22-ը օգոստոսի, 2019թ․

Երևանի «Արարատ-Արմենիա»-ն կարևոր հաղթանակ տարավ ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի փլեյօֆ փուլի առաջին շատ դրամատիկ խաղում: Հայաստանի չեմպիոնը Լյուքսեմբուրգը ներկայացնող «Դյուդելանժ» թիմի հետ հանդիպման հաղթական գոլը խփեց մրցավարի ավելացրած ժամանակում։

Խաղի 22-րդ րոպեին հաշիվը բացեց Մաիլսոն Լիման գլխի գեղեցիկ հարվածով, առաջին խաղակեսն այդպես էլ ավարտվեց, սակայն ընդմիջումից հետո «Արարատ-Արմենիա»-ի մրցակիցը կարողանում էր սուր գրոհներ կազմակերպել, արդյունքում հայկական ակումբը 68-րդ րոպեին գոլ բաց թողեց։

Այդուհանդերձ, «Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստները չընկճվեցին, գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն էլ փոփոխություններով փորձեց ուժեղացնել խաղը, ինչն էլ հաջողություն բերեց հայկական ակումբին: Փոխարինման դուրս եկած Լուիս Օգանան խաղի ավարտից մեկ րոպե առաջ աջ եզրում հիանալի անցումից հետո գնդակն ուղարկեց կենտրոն, ևս մեկ փոխանցում, և՝ 2:1․ հաղթական գոլի հեղինակ դարձավ նույնպես փոխարինման դուրս եկած Իլյա Անտոնովը։

Հետխաղային ասուլիսի ընթացքում Վարդան Մինասյանն ընդգծեց, որ հանդիպումը բարդ էր, հավելելով՝ սցենարն այնպիսին էր, որ կարող էր հաղթել թիմերից յուրաքանչյուրը:

«Կարևոր բանը, որ էսօր ինձ գոհացրեց, դա մեր թիմի բնավորությունն էր, որը ցույց տվեցինք վերջին 15-20 րոպեներին», - ասաց «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչը:

Խաղի միջնամասում հայաստանյան ակումբի մրցակիցը դաշտի կենտրոնում առավելություն ուներ, սակայն ի տարբերություն «Արարատ-Արմենիա»-ի նախորդ մրցակցի՝ վրացական «Սաբուրթալո»-ի դեմ առաջին խաղի, Վարդան Մինասյանը դա չպայմանավորեց թիմի ֆունկցիոնալ վիճակով: «Եթե թիմը վերջին 15-20 րոպեն ավելացնում է, դա նշանակում է՝ մենք ֆիզիկապես էսօր չենք զիջել: Հենց հիմա էլ մենք նայում էինք իրենց ցուցանիշները՝ իրենք շատ լավ հանդիպում են անցկացրել»:

«Արարատ-Արմենիա»-ի հաղթանակին անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Երեկ երեկոյան նա իր ֆեյսբուքյան էջում գրեց․ - «Երբ «Արարատը» կրկին հաղթող է: Շնորհավորում եմ բոլորիս»:

«Դյուդելանժ»-ի դեմ պատասխան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 29-ին Լյուքսեմբուրգում:

XS
SM
MD
LG