Մատչելիության հղումներ

«Եթե Միացյալ Նահանգներն իսկապես ուզում է բանակցել, պետք է քայլ անի»․ Ռոհանի


Իրանը չի բանակցի Միացյալ Նահանգների հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի չեղարկել Թեհրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, այսօր հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին:

«Առաջին քայլը պետք է անի Միացյալ Նահանգները, հակառակ դեպքում երկկողմ հարաբերություններում ոչինչ չի փոխվի», - պնդել է Ռոհանին այսօր պետական հեռուստատեսության ուղիղ եթերով հեռարձակված ելույթում: - «Եթե Միացյալ Նահանգներն իսկապես ուզում է բանակցել, պետք է քայլ անի՝ վերացնելով Իրանի ժողովրդի դեմ սահմանված բոլոր ապօրինի, անարդար ու անազնիվ պատժամիջոցները: Խնդրի լուծման բանալին Վաշինգտոնի ձեռքում է», - հավելել է նա:

Փաստացի Ռոհանիի այս հայտարարությունը Թեհրանի պատասխանն է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին, ով երեկ «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովում պնդել էր, թե չի բացառում Ռոհանիի հետ հանդիպումը՝ «բարենպաստ պայմանների առկայության պարագայում»: Թե որոնք են այդ բարենպաստ պայմանները՝ Դոնալդ Թրամփը չէր մանրամասնել, բայց ակնհայտորեն դրական էր արտահայտվել իրանցի գործընկերոջ մասին: - «Կարծում եմ՝ մի փոքր ճանաչում եմ նրան վերջին տարիներին հետևելով այն ամենին, ինչ կատարվում է: Ես կասեմ ձեզ մեկ բան՝ նա շատ հմուտ բանակցող է: Կարծում եմ՝ նա կցանկանա հանդիպել, կարծում եմ՝ Իրանն ինքն ուզում է, որ այս իրավիճակը հարթվի», - ասել էր ԱՄՆ նախագահը:

Թեհրանի և Վաշինգտոնի՝ տասնամյակներ ի վեր լարված հարաբերություններն է՛լ ավելի սրվեցին անցած տարի, երբ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե դուրս է գալիս իր նախորդի՝ Բարաք Օբամայի օրոք Իրանի և վեց գերտերությունների միջև կնքված միջուկային համաձայնագրից և վերականգնում է պատժամիջոցներն այդ երկրի նկատմամբ: Թրամփի վարչակազմը պնդում է, թե Իրանը ոչ միայն չի հետևել այդ փաստաթղթի դրույթներին, այլև կուլիսներում հովանավորել ու հրահրել է ահաբեկչության տարածումը Մերձավոր Արևելքում: Թեհրանը հերքում է այս մեղադրանքները:

«Իրանը միջուկային զենք ստեղծելու ցանկություն երբևէ չի ունեցել», - այսօր կրկնել է Հասան Ռոհանին, զգուշացնելով՝ եթե Թեհրանի շահերը չերաշխավորվեն, իր երկիրը կշարունակի քայլ առ քայլ հրաժարվել միջուկային փորձարկումները սահմանափակելու մասին 2015-ին ստանձնած պարտավորություններից:

Վերջին օրերին արևմտյան մամուլը գրում է, որ երկկողմ տարաձայնությունները հարթելու գործին է միացել Ֆրանսիայի նախագահը: «Բլումբերգ» գործակալության հաղորդմամբ, մասնավորապես, Էմանյուել Մակրոնը «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի շրջանակներում Միացյալ Նահանգների նախագահին առաջարկել է կարգավորման ճանապարհային քարտեզ, ըստ որի Իրանը իրավունք կստանա որոշակի, սահամանփակ ժամանակահատվածի ընթացքում նավթ վաճառել, եթե վերստին հետևի միջուկային համաձայնագրի պայմաններին և բանակցություններ սկսի հրթիռային փորձարկումների ու տարածաշրջանային հարցերի շուրջ:

Այս հաղորդումների ֆոնին Իրանի արտգործնախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը նախօրեին անակնկալ այցելել էր ֆրանսիական Բիարից քաղաք, որտեղ և անցնում էր «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովը: Զարիֆը հանդիպել էր Ֆրանսիայի նախագահին, գագաթնաժողովին մասնակցող Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի պատվիրակություններին։

Միացյալ Նահանգների նախագահը Իրանի բարձրաստիճան դիվանագետին չէր հանդիպել, բայց փաստել էր՝ Մակրոնն իրեն տեղեկացրել էր Զարիֆի այցի մասին:

«Ես գիտեի, տվեցի իմ հավանությունը, բայց անձամբ չցանկացա հանդիպել Զարիֆին, դեռ վաղ է», - ասել էր Սպիտակ տան ղեկավարը:

Ելիսեյան պալատը դրական էր գնահատել Իրանի արտգործնախարարի հետ բանակցությունները: Ինքը՝ Զարիֆը, հանդիպումներից հետո Twitter-ում գրել էր․ - «Այն ճանապարհը, որ մենք պետք է անցնենք շատ դժվարին է, բայց ամեն դեպքում, արժե փորձել»:

XS
SM
MD
LG