Մատչելիության հղումներ

Թբիլիսին ձգտում է Վրաստան-ԱՄՆ ուղիղ ավիաչվերթ բացել


Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավա, արխիվ

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան ասել է, որ գալիք սեպտեմբերին մեկնելու է Միացյալ Նահանգներ՝ ամերիկյան երկու ավիաընկերությունների հետ բանակցելու ԱՄՆ-Վրաստան ուղիղ ավիաչվերթ բացելու համար: Ամերիկյան ավիաընկերությունների անվանումները նա չի նշել:

Պատասխանելով InterPressNews-ի (IPN) հարցին, թե ինչ փուլում են ԱՄՆ-ի հետ ուղիղ ավիաչվերթներ բացելու տնտեսական ուսումնասիրությունները, նախարարն ասել է, որ դրանք ավարտվել են և հաստատում են ԱՄՆ-ի և Վրաստանի միջև ուղիղ ավիաչվերթների գրավչությունը ինչպես ռազմավարական, այնպես էլ կոմերցիոն առումով:

«Մենք բավականին մանրակրկիտ ուսումնասիրություն ենք անցկացրել, որը հաստատում է Վրաստանից ԱՄՆ ուղիղ ավիաչվերթների գրավչությունը: Դա ոչ միայն մեր ռազմավարական նպատակն է, քանզի ԱՄՆ-ը մեր ռազմավարական գործընկերն է, և ուղիղ թռիչքները շատ հստակ, եզակի ու քաղաքական շատ դրական նշանակություն կունենան, այլ դա նաև կոմերցիոն գրավչություն ունի ընկերությունների համար, որոնք կընդգրկվեն ծրագրում», - ասել է Թուրնավան:

Նախարարը հայտնել է, որ սեպտեմբերի սկզբին այդ հարցով բանակցություններ է վարելու Միացյալ Նահանգներում: «Սեպտեմբերի սկզբին պլանավորել եմ անձամբ մեկնել Միացյալ Նահանգներ՝ բանակցողների խմբի հետ միասին: Այնտեղ մենք հանդիպում կունենանք երկու առաջատար ավիաընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնք, կարծում եմ, հետաքրքրված են ուղիղ թռիչքներ կատարել Վրաստան», - ասել է նա:

ԱՄՆ-Վրաստան ուղիղ ավիաչվերթի հնարավորությանն ավելի վաղ անդրադարձել էր վարչապետ Մամուկա Բախտաձեն: Անցած ապրիլի սկզբին նա ասել էր, որ Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունն ուսումնասիրություն է անցկացնում, որի ավարտից հետո նախատեսվում է համապատասխան ավիաընկերություններ փնտրել:

Եվրոպական ուղղությամբ ավիատոմսերի համեմատաբար ցածր գներով թռիչքներ կատարելու համար Վրաստանը նախօրեին համաձայնագիր է ստորագրել իռլանդական RyanAir լոուքոսթեր ավիաընկերության հետ: Կառավարությունում համաձայնագիրը ստորագրել են Էկոնոմիկայի նախարարությանն առընթեր Վրաստանի Օդանավակայանների ընկերակցության տնօրեն Գիորգի Չոգովաձեն և RyanAir-ի կոմերցիոն տնօրեն Դեյվիդ Օ՛Բրայընը: Նախատեսվում է, որ իռլանդական ավիաընկերությունը դեպի Եվրոպա թռիչքներ կկատարի Թբիլիսիի և Քութաիսիի օդանավակայաններից:

Նույն օրը RyanAir-ի ներկայացուցիչները` կոմերցիոն տնօրեն Դեյվիդ Օ՛Բրայընը և ուղղությունների զարգացման գծով ղեկավար Քեյթ Շերին այցելել են Հայաստան, հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Օ՛Բրայընը նշել է, որ ընկերությունը մտադիր է առաջիկայում մուտք գործել հայկական ավիաշուկա, և ներկայումս քննարկումներ են ընթանում Քաղավիացիայի կոմիտեի ու «Զվարթնոց» օդանավակայանի հետ: Փաշինյանը հայտնել է կառավարության պատրաստակամությունը՝ հնարավորինս աջակցել այդ գործընթացին: Նա առաջարկել է շարունակել համատեղ աշխատանքը փոխշահավետ համագործակցության կոնկրետ տարբերակի շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG