«Երկու նախագահները միասին կդիտեն ցուցադրությունը, ապա երկկողմ բանակցություններ կանցկացնեն», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Ավելի վաղ՝ այս ամսվա սկզբին, թուրքական թերթերը գրել էին, թե Անկարան լրջորեն դիտարկում է ռուսական ամենաժամանակակից զինատեսակներից մեկը՝ Սու-35 կործանիչները գնելու հնարավորությունը: Հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարության իր աղբյուրներին՝ իշխանամետ Yeni Safak օրաթերթը պնդել էր՝ քանի որ Վաշինգտոնը սպառնում է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ և դուրս թողնել Անկարային F-35 կործանիչների ծրագրից, Թուրքիայի կառավարությունը դիմել է ռազմարդյունաբերության գծով պաշտոնյաներին և խնդրել գնահատել ռուսական կողմի առաջարկը:
«Ռոստեխ» պետական կորպորացիայի ղեկավար Սերգեյ Չեմեզովը, իր հերթին, նշել էր՝ Ռուսաստանը պատրաստ է Թուրքիային մատակարարել բազմաֆունցիոնալ այդ կործանիչները, եթե թուրքական կողմը նման ցանկություն հայտնի:
Լրագրողներն այսօր Կրեմլի խոսնակից հետաքրքրվել են՝ ի վերջո Անկարայից պաշտոնական դիմում եղե՞լ է, թե՞ ոչ:
«Առանց մեկնաբանությունների», - արձագանքել է Պեսկովը՝ միաժամանակ փաստելով, որ վաղվա ցուցադրությանը երկու նախագահները նաև այդ զինատեսակին ծանոթանալու հնարավորություն կունենան:
«Բանակցությունների ընթացքում նախագահներ էրդողանն ու Պուտինը քննարկելու են քաղաքական, առևտրատնտեսական ու ռազմատեխնիկական ոլորտներում երկկողմ համագործակցությունն է՛լ ավելի խորացնելու հնարավորությունները», - ասել է Պեսկովը:
Վերլուծաբաններն իրենց հերթին փաստում են, որ ռուս-թուրքական՝ առաջին հայացքից ջերմ հարաբերություններում այժմ որոշակի լարվածություն է նկատվում Սիրիայի պատճառով: Տեղում արդեն 8 տարի շարունակվող ներքաղաքական պատերազմի ընթացքում Թուրքիան և Ռուսաստանը հակառակ ճամբարների էին աջակցում. Մոսկվան՝ Ասադին, Անկարան՝ նրա դեմ մարտնչող ընդդիմադիրներին:
Մինչև վերջերս կողմերը կարողանում էին փոխհամաձայնեցված քաղաքականություն վարել: Շահերը, սակայն, հատվեցին Թուրքիայի սահմանից 25 կմ հեռավորության վրա գտնվող Իդլիբում, որը Սիրիայի ընդդիմադիրների վերջին հետակետն է համարվում: Մի քանի ամիս է, որ Ասադի կառավարական զորքերը, ռուսների աջակցությամբ, ռմբակոծում են այդ տարածքը: Անցած շաբաթավերջին հարձակման թիրախում էր հայտնվել նաև այստեղ տեղակայված թուրքական դիտորդական հենակետերից մեկը՝ առաջ բերելով Անկարայի զայրույթը:
«Կոչ ենք անում Դամասկոսին կրակի հետ չխաղալ», - հայտարարել էր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: Իսկ նախագահ Էրդողանը հաջորդ օրը հեռախոսազրույց էր ունեցել ռուս գործընկերոջ հետ:
«Ռեջեփ Էրդողանը Վլադիմիր Պուտինին զգուշացրել էր, որ այդ քայլերը կարող են մարդասիրական աղետ ստեղծել տարածաշրջանում և վտանգներ ստեղծել Թուքրիայի ազգային անվտանգության համար», - հայտարարել էր Թուրքիայի նախագահական նստավայրը՝ հիշեցնելով, որ դեռ անցած սեպտեմբերին Թուրքիան ու Ռուսաստանը համաձայնել էին Իդլիբի շուրջ ապառազմականացված գոտի ստեղծել և հրադադար հաստատել:
Այսօր, էրդողանի այցի նախօրեին, արձագանքելով այդ կշտամբանքներին՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ուղիղ տեքստով հայտարարել է՝ Սիրիայի կառավարական ուժերը Ռուսաստանի աջակցությամբ են գործում, և ոչ թե ընդդիմադիրների, այլ ահաբեկիչների դեմ են պայքարում:
Նախագահ Պուտինը բազմիցս է հայտարարել, որ անցած տարի սեպտեմբերին ձեռք բերված համաձայնությունները նախատեսում են հրադադարի պահպանում՝ պայմանով, որ այնտեղ ահաբեկիչներ չեն լինելու, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ահաբեկիչ ճանաչված խմբավորումներին որևէ մեկը չի ազատում պատասխանատվությունից, նրանց վրա հրադադարի ռեժիմը չի տարածվում:
Էրդողանը, իր հերթին, Մոսկվա կատարելիք այցից ժամեր առաջ նախազգուշացում է ուղարկել Դամասկոսին ու նրան աջակցող Կրեմլին, թե թուրքական բանակը շատ շուտով կմտնի Սիրիայի հյուսիս․ - «Թուրքական անօդաչու սարքերն ու ուղղաթիռներն արդեն մտել են այդ տարածաշրջան, մեր սահմանին առկա հենակետերը վերացվել են: Ակնկալում ենք, որ շատ շուտով նաև մեր ցամաքային ուժերը կմտնեն»:
Կրեմլի խոսնակն այսօր ասել է, որ երկու նախագահները վաղը հանդիպում են «Սիրիայում ստեղծված հենց այս դժվարին իրավիճակը քննարկելու համար»:
Պեսկովի խոսքով, հանդիպման օրակարգում քննարկվելու են նաև տարածաշրջանային ու միջազգային մի շարք հարցեր: