Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը կանի հնարավորը, որպեսզի իրանական նավթակիրների չհասնեն Սիրիա


Վաշինգտոնը զգուշացնում է, որ պատրաստ է անել ամեն հնարավորը՝ թույլ չտալու, որ իրանական վառելիքով լի նավթակիրները հասնեն Սիրիա:

Երեկ անդրադառնալով այս հարցին՝ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն հիշեցրել է, որ անցած տարվանից Սպիտակ տունը վերականգնել է պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ, և դրանք տարածվում են նաև Իրանի հետ համագործակցող երկրների վրա․ - «Միացյալ Նահանգները մի խումբ պատժամիջոցներ է սահմանել, որոնք խոչընդոտում են իրանական նավթի արտահանումը որևէ այլ երկիր: Մենք բոլորի համար հստակ ընդգծել ենք՝ յուրաքանչյուրը, ով կաջակցի Իրանին այս հարցում, ով թույլ կտա նավթակիրներին խարիսխ գցել իրենց նավահանգիստներում, կարող է հայտնվել ամերիկյան պատժամիջոցների ցանկում»:

Երեկ Fox news-ը, հղում անելով ամերիկյան հետախուզությանը, հաղորդել էր, թե իրանական վառելիքով բեռնված մի նավթակիր ուղևորվում է դեպի սիրիական ափեր՝ խախտելով Միացյալ Նահանգների կողմից սահմանված պատժամիջոցները:

Անդրադառնալով այդ հաղորդումներին՝ Պետքարտուղար Պոմպեոն պնդել է, որ Վաշինգտոնը կասկածներ ունի, թե նավթակրի իրական տերը Իրանի հեղափոխության պահապանների գվարդիան է, որը մտադիր է տեղափոխվող 2 միլիոն բարել նավթի վաճառքից ստացվելիք շահույթը ուղղել ահաբեկչության տարածմանը Մերձավոր Արևելքում․ - «Իրանի Իսլամական Հանրապետությունն իր արբանյակների հետ, շարունակում է ահաբեկչություն ու անկարգություններ հրահրել Սիրիայում, Իրաքում, Լիբանանում ու Եմենում՝ ավերիչ հաչված հասցնելով հումանիտար վիճակին»:

Միացյալ Նահանգների պետքարտուղարն ընդգծել է, որ Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցներից բացի, Վաշինգտոնը մտադիր է նաև խստացնել ճնշումները այլ ոլորտներում: Հաջորդ տարի լրանում է Իրանին զենք-զինամթերք մատակարարելու վրա ՄԱԿ-ի սահմանած արգելանքի վերջնաժամկետը:

«Գնալով ավելի ու ավելի քիչ ժամանակ է մնում՝ սահմանափակելու Իրանի հնարավորությունները ահաբեկչությունը հովանավորելու հարցում», - հայտարարել է Պետդեպարտամենտի ղեկավարը՝ ընդգծելով․ - «Միջազգային համայնքը պարտավոր է քայլեր ձեռնարկել՝ իրադարձությունների զարգացման նման սցենարը կանխելու համար»:

Իրանի արձագանքը չի ուշացել: Արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ժամեր առաջ հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է «անկանխատեսելի պատասխան տալ Վաշինգտոնի անկանխատեսելի քայլերին»․ - «Անկանխատեսելիությունը լավ բան չէ, իսկ փոխադարձ անկանխատեսելիությունն ավելի վատ է և կարող է հանգեցնել քաոսի: Դոնալդ Թրամփը թող հույս չունենա, որ անկանխատեսելի լինելով կարող է ստիպել այլոց կանխատեսելի քաղաքականություն վարել»:

Թեհրանի և Վաշինգտոնի՝ տասնամյակներ ի վեր լարված հարաբերություններն է՛լ ավելի սրվեցին անցած տարի, երբ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալթ Թրամփը հայտարարեց, թե դուրս է գալիս իր նախորդի՝ Բարաք Օբամայի պաշտոնավարման օրոք Իրանի և վեց գերտերությունների միջև կնքված միջուկային համաձայնագրից և վերականգնում է պատժամիջոցներն այդ երկրի նկատմամբ:

Վաշինգտոնը պնդում է, թե Իրանը ոչ միայն չի հետևել այդ փաստաթղթի դրույթներին, այլև կուլիսներում հովանավորել ու հրահրել է ահաբեկչության տարածումը Մերձավոր Արևելքում:

Թեհրանը հերքում է այս մեղադրանքները: Այսօր, ելույթ ունենալով Ստոկհոլմի Միջազգային խաղաղության ուսումնասիրության ինստիտուտում՝ Իրանի արտգործնախարարը նաև Պարսից ծոցում Միացյալ Նահանգների դաշնակից արաբներին է դիմել՝ զգուշացնելով․ - «Արևմուտքից միլիարդավոր դոլարների զենք գնելով դուք, միևնույնն է, չեք կարող անվտանգության հասնել տարածաշրջանում»:

«Անվտանգությունը պետք է երաշխավորվի բոլորի համար, կամ վտանգների առջև պետք է բոլորը կանգնեն: Որևէ մեկը չի կարող անվտանգության կղզյակ լինել Պարսից ծոցում, երբ Միացյալ Նահանգները տնտեսական պատերազմ է վարում Իրանի դեմ: Երբ Միացյալ Նահանգները հարկադրում է այլ երկրների գերեվարել մեր նավերը Ջիբրալթարում, Սուեզի ջրանցքում կամ Սինգապուրում», - հայտարարել է Զարիֆը:

Նահանգները, որ այս պահի դրությամբ Պարսից ծոցում ամենամեծ նավատորմն ունեցող արևմտյան պետությունն է, կոչ է անում դաշնակիցներին կոալիցիա ստեղծել և համատեղ հսկել Հորմուզի նեղուցը, որը աշխարհում նավթի տարանցման գլխավոր երակներևից մեկն է համարվում: Առայժմ այդ կոչին դրական են արձագանքել միայն Բրիտանիան, Ավստրալիան ու Բահրեյնը:

XS
SM
MD
LG