Մատչելիության հղումներ

Սահմանադրական դատարանը Ռոբերտ Քոչարյանի դիմումը կքննի օգոստոսի 29-ին


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանում, հուլիս, 2019թ․

Սահմանադրական դատարանն օգոստոսի 29-ին կսկսի գրավոր ընթացակարգով քննել Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը։

Մեղադրյալ Քոչարյանը Բարձր դատարանին խնդրում է ստուգել Քրեական դատավարության մասին օրենսգրքի միաժամանակ երկու՝ խափանման միջոց կիրառելու հիմքերի և քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների մասին հոդվածների սահմանադրականությունը։

Ըստ Քոչարյանի ներկայացուցիչ փաստաբան Արամ Վարդևանյանի՝ նախկին նախագահի պաշտպանական թիմը Բարձր դատարանից փորձում է պարզել՝ արդյո՞ք այս երկու հոդվածները կարող են վերաբերել անձեռնմխելիությամբ օժտված նախագահին:

«Տվյալ դեպքում հարցը վերբերում է՝ ողջ փաստական հանգամանքներով, արդյոք կալանավորումը, որը կիրառվել է, արդյոք տվյալ դեպքում բխում է համաչափությունից, որոշակիությունից և անձնական ազատության իրավունքի սահմանափակման սահմանադրական պահանջներից, քանի որ տվյալ դեպքում դիմողը ինքնին պաշտոնաթող նախագահի կարգավիճակ ունեցող անձ է, բնականաբար նաև այդ կարգավիճակը ինքնին առկա է, բայց վիճարկման հարցը վերաբերում է առանձնահատկություններով օժտված սուբյեկտներին», - պարզաբանեց Վարդևանյանը:

Համաձայն ՀՀ Սահմանադրության նախագահն անձեռնմխելի է և լիազորությունների ժամանակ և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար: Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները միշտ պնդել են՝ երկրորդ նախագահը չպետք է ենթարկվի քրեական հետապնդման, ավելին՝ պահվի անազատության մեջ իր լիազորությունները կատարելու համար։ Ըստ փաստաբանների՝ մարտյան իրադարձությունների ժամանակ նախագահի գործողությունները բխել են բացառապես նրա լիազորություններից։ Մինչդեռ, Մարտի 1-ի քրեական գործը քննող Հատուկ քննչական ծառայությունը հայտարարում է, որ Քոչարյանն ու մյուս բարձրաստիճան նախկին պաշտոնյաները խախտել են Հայաստանի Սահմանադրությունը, Հայաստանում փաստացի հաստատել են ռազմական դրություն, զինված ուժերն օգտագործել են քաղաքական հարցերում, խաղաղ հանրահավաքների մասնակից քաղաքացիների դեմ:

Բացի այս դիմումից, երկրորդ նախագահի գործով բարձր դատարանում ևս մի քանի դիմում կա։ Քոչարյանի ներկայացուցիչը ամիսներ առաջ ՍԴ էր դիմել նաև երկրորդ նախագահին մեղսագրվող Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի՝ սահմանադրական կարգը տապալելու մասին դրույթի սահմանադրականությունը և նախագահի անձեռնմխելության ինստիտուտի էությունը որոշելու խնդրանքով։

Իր լիազորությունները կասեցվելուց առաջ դատավոր Դավիթ Գրիգորյանը նույն հարցով դիմել էր ՍԴ՝ խնդրելով ստուգել Քոչարյանին մեղսագրվող Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականությունը։ Գրիգորյանը նաև խնդրել էր ստուգել նախագահի անձեռնմխելիության ինստիտուտի էությունը։ Սահմանադրական դատարանը որոշում էր կայացրել քննության առնել 300.1 հոդվածի մասով երկու դիմումները և միավորել դրանք մեկ վարույթում։ Հետո արդեն բարձր դատարանը որոշել էր կասեցնել այս գործի քննությունն ու այն ուղարկել միջազգային կառույցներին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովին՝ խնդրելով խորհրդատվական կարծիք տրամադրել Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի վերաբերյալ:

Ինչ վերաբերում է մեկ ամիս առաջ մեկ այլ քրեական գործով լիազորությունները կասեցված դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումի մյուս հարցին՝ նախագահի անձեռնմխելիության ինստիտուտին, ապա բարձր դատարանը մերժել էր այն քննել։

Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանն այդ ժամանակ «Ազատությանն» ասել էր, որ բարձր դատարանը մերժել է նախագահի անձեռնմխելիության հարցի քննությունը, քանի որ, իրենք չունեն առանձին լիազորություն՝ մեկնաբանելու սահմանադրական նորմը, դա կարող են անել, եթե վիճարկվող հարցը արտահայտված լինի օրենքի համապատասխան նորմում։ Տվյալ դեպքում նախագահի անձեռմխելիության մասին նշված է միայն մայր օրենքում, Քրեական օրենսգրքում նման դրույթ չկա։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, մինչդեռ, այս հարցով ՍԴ դիմելու կարիք չի տեսնում․ - «Օրենքի առջև բոլորը հավասար պատասխանատվություն ունեն, այսինքն՝ ինձ համար պարզ է, որ անձեռնմխելիությունը կարող է միայն տարածվել օրենքով սահմանված գործողությունների կատարման վրա, որպեսզի որևիցե մեկը ճնշում չգործադրի գործող նախագահի վրա կամ որևիցե նախագահ հետապնդման չենթարկվի իր պաշտոնի ընթացքում օրենքով սահմանված գործառույթներն իրականացնելու համար: Սա իրապես շատ կարևոր դրույթ է, բայց եթե, անկախ նրանից՝ նախագահ կլինի, թե վարչապետ, թե սովորական քաղաքացի, կատարել է քրեորեն հետապնդելի արարք, ապա չի կարող որևիցե մեկի նկատմամբ անձեռնմխելիությունը՝ այդ թվում նաև նախագահի նկատմամբ: Սա հերթական փորձերից մեկն է, որովհետև թե՛ Ռոբերտ Քոչարյանը, և թե՛ նրա պաշտպանական կողմը ձգտում է անընդհատ ձգձգել Ռոբերտ Քոչարյանի քրեական պատասխանատվության պահը»:

Սահմանադրագետ Վարդան Այվազյանը հակառակ կարծիքն ունի։ Այվազյանը ճիշտ է համարում օրենքի բացը հստակեցնելու համար Քոչարյանի թիմի կողմից Սահմանադրական դատարան դիմելը։ Ասում է, որ օրենսդրության մեջ չկա որևէ ընթացակարգ նախկին նախագահներին կամ պատգամավորներին քրեական հետապնդման ենթարկելու առումով՝ հատկապես նախագահի մասով նման անհրաժեշտություն գործնականում երբեք չի եղել․ - «Եվ քանի որ հիմա օրենսդրության մեջ բաց կա, հստակ ընթացակարգեր չկան դա կարգավորող, հիմա Սահմանադրական դատարանը, անկախ դրանից՝ այդ դրույթները ճանաչի հակասահմանադրական, թե Սահմանադրությանը համապատասխանող, իր դիրքորոշման մեջ տալու է դիրքորոշումներ, որոնք արդեն կարող են ուղղորդող նշանակություն ունենալ վարույթը իրականացնող մարմնի համար: Այսինքն, այդ դիրքորոշումները նրանց համար որոշակի ուղեցույց կլինին, որպեսզի կարողանան քննությունը իրականացնել»:

Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է հունիսի 25-ից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG