Մատչելիության հղումներ

Դատախազությունը մանրամասներ է հրապարակում դատավոր Դավիթ Գրիգորյանի գործով


Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը հրապարակում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու որոշումը, 18-ը մայիսի, 2019թ․
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը հրապարակում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու որոշումը, 18-ը մայիսի, 2019թ․

Լիազորությունները կասեցված դատավոր Դավիթ Գրիգորյանը չցանկացավ մեկնաբանել դատախազության այսօրվա հայտարարությունը։

«Ազատության» հետ զրույցում ասաց՝ երբ գա ժամանակը, ինքն իր կարծիքը կհայտնի․ ֊ «Հարցերի պատասխանը որոշ ժամանակ անց կստանան բոլորը: Հիմա, զուտ տակտիկական առումով, ես չեմ ուզում որևէ պատասխան տալ, որովհետև դա անմիջականորեն կապված է լինելու իմ իրավունքների իրացման հետ»:

Դատախազությունն այսօր մանրամասներ է հրապարակել՝ ինչո՞ւ են Բարձրագույն դատական խորհրդին դիմել դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու համար։ Քրեական գործը հարուցված է պաշտոնեական կեղծիք կատարելու հոդվածով: Դատախազության փոխանցմամբ, Գրիգորյանն այս պահին գործով չունի մեղադրյալի կարգավիճակ։ Բայց դատավորի լիազորությունները կասեցված են, Դատական դեպարտամենտի փոխանցմամբ էլ՝ նրա վարույթում գտնվող բոլոր գործերը համակարգչային ծրագրի միջոցով վերաբաշխվելու են։ Փաստորեն Քոչարյանի գործը ևս ուրիշ դատավոր կքննի:

Դատախազությունը հաղորդել է, թե Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գրիգորյանը նույն օրը և նույն ժամին իբրև տեղի ունեցած դատական նիստերի մասին թղթային կեղծ արձանագրություններ է կազմել՝ չգտնվելով դատարանի շենքում: Ապա՝ մանրամասնել ․ անցած տարվա սեպտեմբերի 14-ին, իր բացակայության պայմաններում, Գրիգորյանը դատական նիստերի քարտուղարի օժանդակությամբ կազմել, ստորագրել և դատական գործին է կցել իրականությանը չհամապատասխանող՝ դատական նիստի թղթային արձանագրություն՝ իբրև այդ օրը ժամը 09.30-09.36-ը դատական նիստ է անցկացրել, ու ներառել ակնհայտ կեղծ տեղեկություններ, թե դատական նիստին չեն ներկայացել պատշաճ ծանուցված բողոքաբերը, նախաքննության մարմնի և դատախազության ներկայացուցիչները: Հենց այդ հիմքով էլ դատական նիստը հետաձգել և նշանակել է մեկ այլ օր: Դատավորը, ըստ Գլխավոր դատախազության, այդպես փորձել է ցույց տալ, որ իրեն մակագրված բողոքի քննությունը սկսել է օրենքով սահմանված տասնօրյա ժամկետում:

Նախաքննության մարմինը պնդում է, որ նույն օրը և նույն ժամին Գրիգորյանը մեկ այլ նիստերի դահլիճում նիստերի քարտուղարի օժանդակությամբ այլ դատական գործով դարձյալ թղթային կեղծ արձանագրություն է կազմել: Դատախազության պնդմամբ՝ օրենքով դատական նիստի թղթային արձանագրություն կարող է կազմվել բացառապես դատարանում նիստերի ձայնագրման համակարգ չլինելու դեպքում: Ըստ իրավապահների՝ որևէ տվյալ ձեռք չի բերվել, որ այդ դահլիճներում ձայնագրման էլեկտրոնային համակարգերը խափանված են եղել:

Քրեական գործը հարուցված է պաշտոնեական կեղծիք կատարելու հոդվածով, Դատախազության փոխանցմամբ՝ Գրիգորյանն այս պահին գործով չունի մեղադրյալի կարգավիճակ, բայց դատավորի լիազորությունները կասեցված են: Դատական դեպարտամենտից էլ փոխանցում են, որ Գրիգորյանի վարույթում գտնվող բոլոր գործերը համակարգչային ծրագրի միջոցով վերաբաշխվելու են: Փաստորեն՝ Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը ևս ուրիշ դատավոր է քննելու:

Դատախազությունը կտրականապես հերքում է, թե Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատած դատավոր Գրիգորյանի նկատմամբ ուշադրությունը պայմանավորված է նախկին նախագահի գործով: Այս գործի շրջանակներում դատավորի իրավունքների խախտման մասին բարձրաձայնող Գրիգորյանի փաստաբանը ևս չի շտապում նման պնդումներ անել, բայց համոզված հայտարարում է՝ եթե Գրիգորյանին առաջադրվի պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանք, նա չի ընդունելու այն։ «Ազատության» հետ զրույցում փաստաբան Գեորգի Մելիքյանը, ինչպես իր պաշտպանյալը, ձեռնպահ մնաց մեկնաբանություններից՝ նկատելով՝ հայտարարություն կանի, երբ Դավիթ Գրիգորյանը դիրքորոշում հայտնի․ ֊ «Ինձ էլ ճիշտ հասկացեք՝ քանի դեռ պարոն Գրիգորյանը հայտարարությամբ հանդես չի եկել, ես չեմ մեկնաբանի»:

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանի խոսքով՝ հենց Դատախազության այսօրվա հայտարարության մեջ նկարագրված 2 դրվագներով են համաձայնություն տվել քրեական հետապնդում հարուցել դատավորի նկատմամբ, ևս մեկով՝ մերժել են:

«Երրորդ հիմքով, որը վերաբերում էր տոն օրը նմանատիպ արձանագրություն կազմելուն, մեր կողմից դիտվեց՝ ողջամիտ կասկած չառաջացնող՝ դատավորի կողմից մեղքի առկայության մասով, դրա համար մենք այդ մասով մերժեցինք», - մանրամասնեց Բեքմեզյանը՝ պարզաբանելով․ - «Ոչ աշխատանքային օրը էլի կազմվել էր նմանատիպ արձանագրություն, բայց ակնհայտ էր, որ ոչ աշխատանքային օրը արձանագրություն կազմելու նպատակը և շարժառիթները հաստատ չկային։ Ենթադրում եմ՝ ուղղակի եղել է թյուրիմացություն կամ սխալմունք»։

Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տված Բարձրագույն դատական խորհուրդն, ի դեպ, այսօր հայտարարել է, թե դատավորի աշխատասենյակում քննչական գործողություններ իրականացնելիս քննիչը կատարել է Քրեական դատավարության օրենսգրքով չնախատեսված գործողություն․կնքել է դատավոր Գրիգորյանի աշխատասենյակի մուտքի դուռը՝ սահմանափակելով նրա մուտքը աշխատասենյակ: ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանի խոսքով, հայտարարությունից բացի իրենք դիմել են Հատուկ քննչական ծառայության պետին․ - «Այդտեղ կատարվել են նաև այլ գործողություններ, օրինակ՝ առգրավում կամ խուզարկություն, որոնք, մեր կարծիքով օրենքին համապատասխան են եղել։ Այսինքն, մենք գտել ենք, որ այդ քննչական գործողությունների մի դրվագը՝ կապված դռան փակման, կնիքման և արգելելու՝ նրան մտնել իր աշխատասենյակ, հակասում է օրենսդրությանը, խոչընդոտ է դատավորի գործունեության համար և դիմել ենք Հատուկ քննչական ծառայության ղեկավարին, որպեսզի վերջինս կարգապահական պատասխանատվության ենթարկի այն քննիչին, ով իրականացրել է այդ գործողությունները»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG