Մատչելիության հղումներ

«Արարատ Արմենիա»-ն և «Փյունիկ»-ը անցան Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլ


Երկրորդ տարին անընդմեջ UEFA-ի երկրորդ ակումբային մրցաշարի՝ Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլին կմասնակցեն հայկական երկու ակումբներ․ այս տարի այդ պատվին արժանացան «Արարատ Արմենիա»-ն և «Փյունիկ»-ը։

Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ Արմենիա»-ն Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում պարտվել էր շվեդական «ԱԻԿ»-ին, սակայն հնարավորություն էր ստացել մասնակցել Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլին, որտեղ և ընդհանուր 4-1 հաշվով առավելության հասավ Ջիբրալթարը ներկայացնող «Լինկոլն»-ի նկատմամբ:

Դե իսկ անկախ Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբը՝ «Փյունիկ»-ն առաջին փուլում հաղթահարել էր մակեդոնական «Շկուպի»-ի արգելքը։ Երկրորդ փուլում «Փյունիկ»-ի մրցակիցը չեխական «Յաբլոնեց»-ն էր: Տանը հայկական ակումբն առավելության էր հասել 2-1 հաշվով, երեկ էլ արդեն Չեխիայում տեղի ունեցած հանդիպումը դրամատիկ և ծանր ընթացք ստացավ՝ մեկական կարմիր քարտ խաղի վերջին րոպեներին, լարված պայքար, արդյունքում՝ ոչ ոքի՝ 0-0, և «Փյունիկ»-ը հաջորդ փուլում է։

Հետխաղյա ասուլիսի ընթացքում հայկական ակումբի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովն ընդգծեց՝ մարտական հանդիպում էր։

«Հասկանում էինք, որ «Յաբլոնեց»-ը հարձակվելու է, օդային, եզրից փոխանցումներ են շատ լինելու, բայց մենք, ըստ էության, բացառեցինք այդ ամենը, լավ պատրաստ էինք այդպիսի խաղին, այդ իսկ պատճառով երկրորդ հարկում հաղթում էինք», - նշեց Տարխանովը։

Չնայած կարմիր քարտերին, ըստ Տարխանովի, պայքարը կոպիտ չէր․ «Այո, մարտական խաղ էր, կարելի է ասել՝ կոշտ, բայց ոչ կոպիտ»։

Որակավորման երրորդ փուլում երևանյան ակումբը ուժերը կչափի աշխարհի ակումբային ամենաուժեղ առաջնության՝ անգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ հորիզոնականը զբաղեցրած թիմի՝ «Վուլվերհեմփթոն»-ի հետ:

«Փյունիկ»-ի գլխավոր մարզչի կարծիքով՝ հաջորդ հինգշաբթի Երևանում կայանալիք խաղին հանդիսատեսի պակաս չի լինի: «Այդպիսի ակումբ ենք Երևան բերելու, ուժեղ թիմ է», - ընդգծեց Ալեքսանդր Տարխանովը։

Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլ հասած մյուս ակումբը՝ «Ալաշկերտ»-ն էլ երեկ դրսում մրցում էր Բուխարեստի «Ստյաուա»-ի հետ: Հայկական ակումբը կարողացավ հաղթել անվանի թիմին 3-2 հաշվով, սակայն տնային խաղին ընդունած 3 անպատասխան գնդակները թույլ չտվեցին շարունակել պայքարը։

Ֆուտբոլային մեկնաբան Էդուարդ Քալանթարյանը հայկական ակումբների հաջողությունը մեծ իրադարձություն է համարում։ Ըստ նրա, անցած տարվա արդյունքի կրկնությունն արդեն իսկ կայունության նշան է։

«Դա խոսում է հայկական ֆուտբոլի, չեմ ասում զարգացվածության մասին, բայց միանշանակ քայլ առաջ կատարել ենք, հիմա պետք է պահել գոնե այս ցուցանիշը և փորձել ակումբների քանակը երրորդ փուլում ավելացնել, ինչո՞ւ ոչ այնտեղից արդեն չորրորդ փուլ դուրս գալ և այնտեղից մեկ քայլ կմնա խմբային փուլին», - նշեց Քալանթարյանը։

Խոսելով շանսերի մասին՝ Քալանթարյանն ընդգծեց՝ «Ալաշկերտ»-ի օրինակը պետք է բոլորի աչքի առջև լինի։ - «Ստյաուա»-ին դրսում հաղթել այդպես ոչ բոլորը կարող են, և եթե «Ալաշկերտ»-ը կարողանում է այդպես պայքարել, ինչու՞ «Արարատ Արմենիա»-ն կամ նույն «Փյունիկ»-ը չպայքարեն»։

Այսօր էլ մեկնարկել է Հայաստանի բարձրագույն խմբի 28-րդ մրցաշրջանը, որին մասնակցելու են 10 թիմեր, այդ առթիվ ուղերձ է հղել Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը, որտեղ մասնավորապես նշված է. «Եվրագավաթների պատմության ընթացքում արդեն այս պահի դրությամբ Հայաստանը ռեկորդային ցուցանիշ է գրանցել և դեռ հույսեր կան, որ մեր թիմերը էլ ավելի կզարգացնեն այս հաջողությունները: Արձանագրված դրական միտումները պետք է շարունակվեն նաև Հայաստանի բարձրագույն խմբի մրցաշարում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG