Մատչելիության հղումներ

«Վրաստան էինք գնացել հաղթելու համար». «Արարատ Արմենիա»-ին դիմավորեցին աղ ու հացով


«Արարատ Արմենիա»-ին դիմավորեցին Բագրատաշենի անցակետում, 15 օգոստոսի, 2019 թ.

Երեկ «Արարատ Արմենիա»-ն Թբիլիսիում տեղի «Սաբուրթալո»-ի դարպասը երկու անպատասխան գնդակ ուղարկելով պատմական հաջողության հասավ։ Երկու խաղերի արդյունքում 3։2 Երևանյան ակումբի օգտին և Վարդան Մինասյանի գլխավորած թիմը Երվրոպա լիգայի play-off-ում է։

Արդեն հաջորդ play-off փուլի շրջանակում «Արարատ Արմենիա»-ն կընդունի Լյուքեսմբուրգի չեմպիոն «Դուդելանժ»-ին, որի արգելքն էլ հաղթահարելու դեպքում հայկական ակումբը կխաղա արդեն խմբային մրցաշարում, ինչը տարիներ առաջ անիրականանալի երազանք էր հայ երկրպագուների համար։

Թբիլիսյան դիմակայության ընթացքն այսպիսին էր՝ նախ խաղի 10-րդ րոպեին եզրից ստացած փոխանցումից հետո հաշիվը բացեց հայկական ակումբի ռուս հարձակվող Անտոն Կոբյալկոն, դե իսկ արդեն երկրորդ կեսի ընթացքում դաշտ փոխարինման մտած Պետրոս Ավետիսյանը 67-րդ րոպեին հստակ իրացնելով մրցակցի դարպասին նշանակված 11 մետրանոցը կրկնապատկեց իր թիմի առավելությունը։

Հանդիպումից հետո ակումբի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հայտնեց, իր տղաները տակտիկապես ճիշտ ֆուտբոլ խաղացին. «Կարողացանք երկու կեսերում էլ պահել բարձր տեմպը, վերջում ճնշումը մեր վրա մի քիչ մեծացավ, բայց դա բնական էր, մենք կարողացանք մեր փոփոխություններով մի քիչ այդ ճնշումը թուլացնել»։

Հայկական ակումբը տուն վերադառնալու ճամփան բռնեց այսօր առավոտյան, Բագրատաշենի անցակետում նրանց աղ ու հացով դիմավորեցին։

Արդեն Երևանում դիմակայության հաղթական գոլի հեղինակ դարձած Պետրոս Ավետիսյանը «Ազատության» հետ կիսվեց իր տպավորություններով։

«Շատ լավ տպավորություններ են խաղից, հաղթական տպավորություններ են։ Վրաստան էինք գնացել հաղթելու համար, հաջորդ փուլ դուրս գալու և շատ ուրախ ենք, որ կարողանանք հասնել դրան։ Գոլի հեղինակ դարձա, շատ ուրախ եմ դրա համար, որ հետո պարզվեց, որ հաղթական է։ Մեզ երկու գոլ էր պետք հաղթելու համար և շատ ուրախ եմ, որ կարողացանք թիմի առջև դրված խնդիրը լուծել», - ասաց Ավետիսյանը։

Չնայած իրենց պատմական հաջողությանը, տղաներն իրենց հաղթանակը արտառոց կերպով չեն նշել, պարզապես ողջ թիմով ընթրել են։

Երիտասարդ ֆուտբոլիստն իրենց հաջորդ մրցակցի՝ Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դուդելանժ»-ի մասին առայժմ ոչինչ չի կարող ասել. «Երկրորդ օրն է, որ հաղթել ենք, երեկ ենք հաղթել, դեռ ոչ մի գաղափար չունենք, թե ինչ թիմ է լինելու, բայց մարզչական շտաբը կներկայացնի, դեռ ժամանակ ունենք ու կվերլուծենք նրանց ուժեղ ու թույլ կողմերը և կպատրաստվենք այդ հանդիպմանը»։

«Արարատ Արմենիա» ֆուտբոլային ակումբի տնօրեն Պողոս Գալստյան էլ «Ազատության» հետ զրույցում թիմին շնորհակալություն հայտնեց ու ասաց՝ մեծ գործ են արել։

«Իրենք արեցին, կարելի է ասել, անհնարինը, որովհետև հայկական ակումբների մեջ առաջին դեպքն է, որ մենք անցնում ենք արդեն չորրորդ փուլը», - ընդգծեց Գալստյանը։

Պողոսյանի խոսքով հիմա պատրաստվելու են Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության առաջիկա խաղին, որից հետո կկենտրոնանան «Դուդելանժ»-ի հետ կարևոր հանդիպման վրա։

XS
SM
MD
LG