Մատչելիության հղումներ

Պուտինը Մակրոնին հիշեցնում է «դեղին բաճկոններին»․ «Չենք ուզում, որ նման դեպքեր կրկնվեն Ռուսաստանի մայրաքաղաքում»


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում են Ֆոր-դը-Բրեգանսոնում, 19-ը օգոստոսի, 2019թ․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շաբաթներ շարունակված լռությունից հետո երեկ առաջին անգամ մեկնաբանել է Մոսկվայում սկսված բողոքի ցույցերը քաղաքային դումայի ընտրություններում ոչ իշխանական թեկնածուներին չգրանցելու դեմ:

Հուլիսի կեսերից սկսված և մեկը մյուսին հաջորդած զանգվածային այդ ակցիաները, ըստ լրատվամիջոցների, ամենամարդաշատն էին Ռուսաստանում վերջին տասնամյակում, և ավարտվեցին ոստիկանական ճնշումներով ու հարյուրավոր մարդկանց ձերբակալություններով:

Վարչակազմը պնդում է, թե իշխանություններին քննադատող տասնյակ թեկնածուները չէին գրանցվել ստորագրություններում առկա կեղծիքների պատճառով, երեկ նույն փաստարկն է բերել նաև Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայում՝ նախագահ Էմանյուել Մակրոնի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: «Անցած ընտրություններում չէր գրանցվել 111 մարդ, այս տարի՝ 56: Այնտեղ կեղծված ստորագրություններ կային, ինչպես մասնագետներն են պնդում: Այդ տարաձայնությունները պետք է կարգավորել դատարանում», - ասել է Պուտինը:

Ավելին, Ռուսաստանի նախագահը հրապարակավ «նախատել է» իրեն հյուրընկալող երկրի՝ Ֆրանսիայի նախագահին ու ակնարկել, թե ի տարբերություն նրա, ինքը իր երկրում թույլ չի տա, որ ոմանք անկարգություններ հրահրեն: «Ոչ իշխանությունը, ոչ էլ ինչ-որ քաղաքացիներ իրավունք չունեն իրավիճակը աբսուրդի հասցնել», - պնդել է Վլադիմիր Վլադիմիրովիչը՝ շարունակելով․ - «Բոլորս գիտենք այսպես կոչված «դեղին բաճկոնների» հետ կապված իրադարձությունների մասին, որոնց ընթացքում, մեր հաշվարկներով, 11 մարդ սպանվել է, 2 հազար 500-ը՝ վիրավորվել: Մենք չենք ուզում, որ նման դեպքեր կրկնվեն Ռուսաստանի մայրաքաղաքում, և կանենք այն, ինչ հնարավոր է, որպեսզի մեր ներքաղաքական իրավիճակը մնա օրենքի շրջանակներում»:

Ֆրանսիայի նախագահի արձագանքը չի ուշացել․ Էմանյուել Մակրոնը փաստել է՝ իսկապես, Փարիզում ու Ֆրանսիայի մյուս խոշոր քաղաքներում սկսված զանգվածային ակցիաների ժամանակ շատերն են տուժել, բայց դա որևէ մեկին իրավունք չի տալիս սահմանափակել Ֆրանսիայի քաղաքացիների հիմնարար իրավունքներն ու ազատությունները: «Պետք է տարբերակել տեսակետների արտահայտման ազատությունը հանրային կարգի պաշտպանությունից», - ընդգծել է երիտասարդ առաջնորդը: - «Իսկապես, ցուցարարներից շատերը տուժել են, ոստիկանները վնասվածքներ են ստացել, և ես շատ եմ մտահոգ ստեղծված իրավիճակով: Այդուամենայնիվ, Ֆրանսիան մշտապես հետևել է ոչ միայն իր Սահմանադրությանը, այլև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային: Փարիզը մշտապես կատարում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները: Եվ որ ամենակարևորն է՝ այստեղ, Ֆրանսիայում բոլորն էլ կարող են ազատորեն մասնակցել ընտրություններին»:

Հուլիսի 27-ին և օգոստոսի 3-ին Մոսկվայում կայացած ակցիաների ժամանակ ցուցարարներին բռնի ուժով ցրելու և ծեծելու գործին էին լծվել ոչ միայն ոստիկանները, այլև հատուկ ջոկատայիններն ու Ռոսգվարդիայի աշխատակիցները, պնդելով, թե հավաքը համաձայնեցված չէ իշխանությունների հետ: Օգոստոսի 10-ի հանրահավաքն արդեն արտոնված էր, սակայն դա էլ ավարտվեց ցուցարարների զանգվածային ձերբակալություններով: Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել անկարգություններ հրահրելու հոդվածով, մեղադրանք է առաջադրվել ընդդիմության 14 առաջնորդների: Ցուցարարների պնդումները, մինչդեռ, թե զրկվել են սեփական տեսակետն արտահայտելու իրավունքից ու բռնության զոհ դարձել, այդպես էլ մնացել են անարձագանք:

XS
SM
MD
LG