Մատչելիության հղումներ

Ղրղըզստանի նախկին նախագահի կնոջ դեմ ևս քրեական գործ հարուցվեց


Ալմազբեկ Աթամբաևը կնոջ՝ Ռաիսայի հետ, արխիվ
Ալմազբեկ Աթամբաևը կնոջ՝ Ռաիսայի հետ, արխիվ

Մի շարք ծանր մեղադրանքներով կալանքի տակ գտնվող Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի կնոջ դեմ ևս քրեական գործ հարուցվեց: Ըստ երկրի իրավապահների` Ռաիսա Աթամբաևան կասկածվում է ապօրինի յուրացումների մեջ:

«Ազատության» ղրղըզական ծառայության փոխանցմամբ՝ գործը վերաբերում է Բիշկեքում չինաստանցի գործարարի կողմից կառուցված բարձրահարկ շենքին, որը նախկին պատգամավոր Ռուստամ Մամանովը և գործարար Ռուստամ Վոինովը յուրացրել են, իսկ նրանց այդ հարցում աջակցել են դատավորներն ու նախագահի աշխատակազմի անդամները: Նախկին պաշտոնյաներից ոմանք ցուցմունք տալիս պնդել են, որ այդ քայլին են դիմել նախագահի կնոջ և որդու խնդրանքով:

Ռաիսա Աթամբաևան հերքում է բոլոր մեղադրանքները՝ հայտարարելով, որ իր ընտանիքին և ամուսնու համախոհներին «զանգվածաբար հալածում են»:

Ալմազբեկ Աթամբաևը, փաստաբանի խոսքերով, անցնում է 14 քրեական գործով, նա մեղադրվում է անկարգություններ կազմակերպելուց մինչև սպանություն, կոռուպցիա:

2011 թվականից վեց տարի Ղրղըզստանը ղեկավարած Աթամբաևը ձերբակալվել է օգոստոսի 9-ին՝ երկու օր շարունակված հատուկ գործողություններից հետո: Երկրի ուժայինները գրոհել են նրա նստավայրի վրա և բերման ենթարկել, նախկին նախագահը մինչ այդ հրաժարվում էր ներկայանալ հարցաքննության: Բիշքեկից քիչ հեռու գտնվող Կոյ Տաշ ավանում նախկին նախագահի նստավայրի մոտ վերջինիս աջակիցները զինված դիմադրություն էին ցույց տվել, հատուկ ջոկատայիններից մեկը զոհվել էր, մի քանիսը՝ գերեվարվել, տասնյակ մարդիկ ստացել էին մարմնական վնասվածքներ:

XS
SM
MD
LG