Մատչելիության հղումներ

Կոռուպցիայի մեջ մեղադրվող Ղրղըզստանի նախկին նախագահ Ատամբաևը թռավ Մոսկվա


Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևը՝ աջակիցների հետ, օդանավում, 24-ը հուլիսի, 2019թ․
Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևը՝ աջակիցների հետ, օդանավում, 24-ը հուլիսի, 2019թ․

Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևը Բիշքեկի մոտ գտնվող ռուսական ռազմակայանից այսօր թռել է Մոսկվա: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցության մամուլի խոսնակ Կունդուզ Ջոլդուբաևան, նշելով, որ հրավիրող կողմը Ատամբաևի հետևից օդանավ էր ուղարկել:

Ատամբաևը այդ կուսակցության առաջատար անդամներից է համարվում: Ավելի վաղ նա ասել էր, թե երկու օրով Ռուսաստան է մեկնելու` չհստակեցնելով հրավիրող կողմի անունը:

Ալմազբեկ Ատամբաևի դեմ Ղրղըզստանի նոր իշխանությունները քրեական գործ են բացել՝ նրան մեղադրելով կոռուպցիայի մեջ: Խորհրդարանը նրան զրկել էր անձեռնմխելիությունից: Նրա փաստաբանը այդ որոշումը հակասահմանադրական էր գնահատել:

Նախկին նախագահն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում՝ այն համարելով քաղաքական: Նա անտեսել էր հարցաքննության ներկայանալու երեք ծանուցումները, իսկ հուլիսի 22-ին նրա առանձնատուն էր գնացել ներքին գործերի փոխնախարարը:

Ալմազբեկ Ատամբաևը Ղրղըզստանի նախագահ է եղել 2011-2017 թվականներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG