Մատչելիության հղումներ

ՍԴ որոշումները ունեն բոլորովին այլ նպատակ․ Տիգրան Եգորյան


Մարտի 1-ի գործով զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչները պատրաստվում են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) և Վենետիկի հանձնաժողով և իրենց մտահոգությունները ներկայացնել Սահմանադրական դատարանի որոշման առնչությամբ: Այս մասին «Ազատությանը» փոխանցեց 10 զոհերից 9-ի փաստաբան Տիգրան Եգորյանը։

«Եվրոպական դատարանը չի կարող և չպետք է այս գործով որևէ եզրակացություն տրամադրի՝ հենց հաշվի առնելով այն, որ Եվրոպական դատարանում այսօր առկա է Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների դիմումի հիման վրա քննվող գործ, և այս գործով դատարանը դեռ կայացնելու է որոշում: Այս գործով չի բացառվում, որ նաև Մեծ պալատին դիմելու անհրաժեշտություն առաջանա և հետևաբար նաև Մեծ պալատը այս գործի քննությունը իրականացնի: Հետևաբար Մեծ պալատի կողմից այս գործով որևէ խորհրդատվություն տրամադրելը կարող է լուրջ խնդիր առաջացնել այսօր տուժողների իրավահաջորդների իրավունքների տեսանկյունից, որոնց խախտման կապակցությամբ գործը քննում է Եվրոպական դատարանը», - նշեց Եգորյանը:

Սահմանադրական դատարանը հուլիսի 18-ին որոշել և երեկ նոր միայն հրապարակել էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրեական գործին վերաբերող Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի առանձին դիմումների վարույթները կասեցնելու մասին որոշումները:

Տեքստից պարզ է դառնում, որ Քոչարյանին մեղսագրվող 300.1 հոդվածի՝ սահմանադրական կարգը բռնի տապալելու մասին խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով դիմելու առաջարկը եղել է դատարանի նախագահ Հրայր Թովմասյանինը:

Վենետիկի հանձնաժողովից նրա նախագահած դատարանը հետաքրքրվում է կառույցի անդամ պետություններում եղած նախադեպերից, եվրոպական չափորոշիչներից և այլն:

Փաստաբան Եգորյանը ասում է, թե այս հարցերի պատասխանը հնարավոր էր տալ տարրական հետազոտության միջոցով․ - «Վենետիկի հանձնաժողովը ևս ձեռնպահ պետք է մնա առնվազն զուտ առաջադրված հարցերի անորոշությամբ պայմանավորված որևէ խորհրդատվություն տրամադրելուց: Իսկ որևէ խորհրդատվություն տրամադրելու դեպքում էլ հարցադրումներն այնպիսիք են, որ դրանք որևէ ազդեցություն ուղղակի չեն կարող ունենալ այստեղ քննվող գործի կապակցությամբ: Եվ այս տարրական հետազոտությունները ոչ միայն պետք է, այլ նաև հանգիստ կարող են իրականացվել մի խումբ ուսանողների կողմից»:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան, Սահմանադրական դատարանում նրա ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը չի կիսում Եգորյանի կարծիքը:

Վարդևանյանն ասում է, թե ՄԻԵԴ-ում խորհրդատվական կարծիքի ինստիտուտը որևէ առնչություն չունի ըստ էության քննվող գործերի հետ․ - «Տուժողների իրավահաջորդների խնդիրներին, վեճին վերաբերող և ոչ մի դեպք առկա չէ, որը վերաբերում է 300.1 հոդվածին: Այսինքն, սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման հետ կապված և ոչ մի գործ չի քննվում Եվրոպական դատարանում: Հետևաբար այս տեսանկյունից որևէ հակասության մասին չի կարելի խոսել առհասարակ»:

Վենետիկի հանձնաժողովին ուղղված հարցերն էլ Քոչարյանի ներկայացուցիչը պատճառաբանված է համարում․ - «Եթե այդպիսի պարզունակ հարցադրումներ են, պատճառաբանված, մասնագիտական, Վենետիկի հանձնաժողովին հարիր եզրակացությամբ հենց պարոն Եգորյանը հանդես գար: Այնուհետև, երբ կհամեմատենք Վենետիկի հանձնաժողովի համանման կարծիքների հետ, այդպես պարզունակ, կտեսնենք արդյո՞ք իրավաբանական ֆակուլտետի ուսանողները կարող են նման մասնագիտական եզրակացություն տալ, թե ոչ»:

Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովում դեռ չեն ստացել Հայաստանի Սահմանադրական դատարանի դիմումը: Այս մասին «Ազատությանը» երեկ փոխանցել էր Եվրախորհրդի խոսնակը:

Որևէ հրապարակային արձագանք չկա նաև ՄԻԵԴ-ից․ պարզ է միայն, որ գործը կքննվի ոչ ստանդարտ ընթացակարգով:

Փաստաբան Եգորյանը չի բացառում, որ ՍԴ-ի՝ միջազգային կառույցներին դիմելու որոշումը ուներ նաև ժամանակ շահելու նպատակ․ - «Կարծում եմ, որ այս որոշումները ունեն բոլորովին այլ նպատակ, քան ամրագրված է այս որոշումներով: Բայց մյուս կողմից էլ, այս որոշումները կայացնող անձինք ոչ միայն Սահմանադրական դատարանում, այլ ընդհանրապես որևէ դատարանում անելիք չունեն: Այս տեսակ տարրական հետազոտություն անելու անկարողություն ունեցող անձանց ուղղակի չի կարելի թույլատրել, որ արդարադատություն իրականացնեն»:

Ստեղծված իրավիճակը փաստաբան Եգորյանը փակուղային է համարում նաև այն պատճառով, որ ՍԴ-ն այս գործը վարույթ է ընդունել վերաքննիչ դատարանի կողմից բեկանված առաջին ատյանի դատարանի որոշման հիման վրա:

Զուգահեռ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները Վճռաբեկ դատարան են ներկայացրել Վերաքննիչի՝ Քոչարյանին կալանավորելու և գործը առաջին ատյանի դատարան վերադարձնելու որոշման դեմ բողոքը:

Նույն թեմայով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG