Մատչելիության հղումներ

ՍԴ-ն Քոչարյանի և մյուսների գործով որոշում է կայացրել, այն կհրապարակվի այսօր. ՍԴ դատավոր


Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, արխիվ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, արխիվ

Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավոր Ալվինա Գյուլումյանի փոխանցմամբ՝ Բարձր դատարանն արդեն որոշում է կայացրել Քոչարյանի և մյուսների գործով դատավորի դիմումի նախնական ուսումնասիրման վերաբերյալ, այն կհրապարակվի այսօր՝ Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջում:

«Ազատության» հարցին, թե ի՞նչ է որոշել ՍԴ-ն, դատավոր Ալվինա Գյուլումյանը չմանրամասնեց։

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 20-ին կասեցրել էր քրեական գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան։ Գրիգորյանը Բարձր դատարանից խնդրել էր որոշել Քոչարյանին մեղսագրվող սահմանադրական կարգը տապալելու մասին հոդվածի սահմանադրականությունը և նախագահի անձեռնմխելիության ինստիտուտի էությունը։ Սահմանադրական դատարանը հունիսի 11-ին հաղորդել էր, որ առաջին ատյանի դատարանի դիմումի նախնական ուսումնասիրման ժամկետը Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ երկարաձգվել է մինչև 2019 թվականի հուլիսի 9-ը՝ «լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու նպատակով»: Երեկ լրացել էր որոշում կայացնելու ժամկետը, բայց մինչև այս պահը հայտնի չէ, թե ինչ է որոշել Բարձր դատարանը՝ վարույթ ընդունո՞ւմ է դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումը, թե՞ ոչ։

Մարտի 1-ի գործով 8 տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը երեկ Ֆեյսբուքում ահազանգել է, որ փորձել է սահմանադրական դատարանից տեղեկություն ստանալ, բայց աշխատակազմից իրեն հեռախոսով պատասխանել են, որ կողմնակի անձանց տեղեկատվություն չեն տրամադրում: Դրանից հետո, ըստ Եգորյանի, աշխատակազմի ղեկավարը խնդրել է չանհանգստացնել աշխատակիցներին:

«Նման կարևորության հարցի վերաբերյալ այս լռությունը մտահոգիչ է, հատկապես հաշվի առնելով վերջին զարգացումները», - գրել է փաստաբան Տիգրան Եգորյանը։

Սահմանադրական դատարանում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանն «Ազատությանը» փոխանցեց, որ իրենք ևս տեղյակ չեն՝ կա որոշում, թե ոչ, բայց և նշեց՝ այն արդեն կայացված պետք է լիներ հուլիսի 9-ին: Վարդևանյանն ասաց, որոշումը հրապարակվում է եռօրյա ժամկետում։

«Ազատության» հարցին՝ արդյո՞ք այս որոշմամբ բարձր դատարանը պետք է հաշվի առնի այն հանգամանքը, որ սահմանադրական կարգը տապալելու հոդվածի սահմանադրականության հարցով Ռոբերտ Քոչարյանն արդեն դիմել է Բարձր դատարան և այն վարույթ է ընդունել նրա դիմումը, Վարդևանյանն արձագանքեց․ «Այդ դեպքում կիրառվելիք նորմը հստակ է, քանի որ դատարանը վարույթ է ընդունվել, բայց մյուս կողմից նաև մենք ունեցանք այն քիչ հանդիպող դեպքերից, երբ Սահմանադրական դատարան դիմելու որոշումը քննության առարկա դարձավ վերաքննիչ քրեական դատարանում։ Սա իսկապես աննախադեպ էր։ Ի դեպ, ես նաև ասեմ՝ պրակտիկան նման դեպք երբևէ չի տեսել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG