Մատչելիության հղումներ

ՍԴ գործողությունները ապացուցում են, որ իրենց համար սա մահվան ու կյանքի հարց է. Գագիկ Ջհանգիրյան


Նախկին զինդատախազ, գլխավոր դատախազի նախկին տեղակալ, իրավագետ Գագիկ Ջհանգիրյանը «Կիրակնօրյա վերլուծականի» հյուրն էր: Ստորև ներկայացնում ենք հատված Հրայր Թամրազյանի հետ նրա զրույցից, ինչպես նաև ամբողջական հարցազրույցի տեսագրությունը:

Ջհանգիրյան․ - Սահմանադրական դատարանի՝ մինչ օրս կատարած գործողությունները և ընդունած որոշումները ապացուցում են, որ իրենց համար սա շարքային գործ չէ, ավելին՝ մահվան ու կյանքի հարց է նույնիսկ:

Չեմ խոսում, որ օգոստոսի 20-ին նշանակված դատաքննությունը ապօրինի է, որովհետև դիմող կողմը հրաժարվել է իր դիմումից (վերաքննիչ դատարանը չէ՞ որ բեկանել է առաջին ատյանի դիմումը): Ուրեմն՝ առանց դիմող կողմի նրանք դատաքննություն են նշանակել:

Եթե հիշում եք՝ էդպիսի բան հնարավոր էր միայն սովետական արդարադատության պայմաններում, երբ Գերագույն դատարանի ԽՍՀՄ հանրապետությունների նախագահները կամ տեղակալները իրենք բողոք էին բերում ստորադաս դատական ատյանների որոշումների, վճիռների և այլնի նկատմամբ և իրենց պլենումն էլ քննարկում էր: Բողոք չէին բերում ո՛չ դատախազը, ո՛չ մեղադրյալը, ո՛չ տուժողը: Հիմա սա նման է դրան, որ իրենք են նախաձեռնել:

Երկրորդ՝ դատաքննությունը նշանակված է, հիմա մեկ էլ ասում են՝ Սահմանադրական դատարանը կասեցման որոշում է ընդունել և դիմել է այստեղ ֊ այնտեղ: Հիմա ինձ հետաքրքիր է՝ եթե դատաքննությունը նշանակված է, իրենք էլ ասում են՝ մենք դատավորներ ենք, էդ որոշումը որտե՞ղ են գրել: Չէ՞ որ դատաքննությունը դեռ չի սկսվել, պատասխանող կողմ է ներգրավված Ազգային ժողովը, դիմումատու կողը Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն են: Նրանց կարծիքները լսե՞լ են, նրանց առարկությունները կամ արգումենտները էդ դատարանը քննարկե՞լ է, որ կասեցման որոշում է կայացրել:

Էդ դատարանի կազմը էդ գործի դատաքննությանը ձեռնամուխ չի եղել, ինչպե՞ս է կասեցման որոշում կայացրել: Սա ամենակարևոր հարցն է, որն ինձ, իրավական, ֆորմալ առումով հետաքրքրում է: Ստացվում է, որ էդ որոշումը որևէ մեկի կաբինետում կայացված որոշում է, որովհետև դատաքննությունը չի սկսվել:

Եվ հետո՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիան իրավունք է տալիս դիմող պետությունների բարձրագույն դատական ատյաններին դիմել Եվրոպական դատարան կարծիք կամ տեսակետ ստանալու համար միմիայն մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հետ կապված իրավունքների բովանդակության և դրանց կիրառման պրակտիկայի հարցերով:

Հիմա՝ էստեղ ո՛չ դատարանը, ո՛չ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները Սահմանադրական դատարանին էդպիսի խնդրով չեն դիմել, նրանք դիմել են Քրեական օրենսգրքի 301 հոդվածի համապատասխանության հարցը քննել մեր գործող Սահմանադրության հետ: Ո՞ւր է էստեղ մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների կոնվենցիայի հետ կապված խնդիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG