Մատչելիության հղումներ

Բնական է, որ Հայաստանում կատարված փոփոխությունները Կրեմլի ուշադրության կենտրոնում են. քաղաքական վերլուծաբան


Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյան, 28-ը հունիսի 2019թ.
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյան, 28-ը հունիսի 2019թ.

Հայաստանի նախկին իշխանական համակարգը հենված էր Ռուսաստանից ստացած արտաքին լեգիտիության վրա և բնական է, որ Հայաստանում կատարված վերջին փոփոխությունները Կրեմլի ուշադրության կենտրոնում են: Այս կարծիքին է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը, ով Մարտի 1-ի գործով գլխավոր մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ռուսական կողմի հետաքրքրվածությունը դիտարկում է հենց այս համատեքստում և ոչ թե անձնական հարաբերությունների՝ ինչպես փորձում են ներկայացնել տեղեկատվական հոսքերում։

«Կարծում եմ՝ Ռուսաստանի հետաքրքրությունը շատ ավելի լայն է, բայց էստեղ, իհարկե, խնդիրները շատ բազմազան են։ Մենք պետք է հասկանանք, թե Ռուսաստանը հիմա հատկապես ի՞նչ կոնտեքստում է մտահոգված կամ հետաքրքրված և ի՞նչ քննարկումներ են տեղի ունենում Հայաստանի նոր իշխանության հետ, որովհետև էն հետաքրքրվածությունը կամ աջակցությունը, որ մենք պատկերացնում ենք, որ ցուցաբերվում է նախկին իշխող համակարգին, ես այդքան էլ այդպես լիարժեք չեմ գնահատի, որ Ռուսաստանի համար իմպերատիվ խնդիր է, որը պետք է անվերապահորեն կատարվի», - նշեց Բադալյանը։

Քաղաքագետը պատահական չի համարում վերջին օրերին տեղեկատվական այն արտահոսքերը, որ 2008 թվականի Մարտի 1-ի գործի քննության ընթացքում ի հայտ է եկել օտարալեզու մի փաստաթուղթ, որտեղ գրված է եղել, թե ինչ պետք է անեն Հայաստանի իշխանությունները ժողովրդին և ընդդիմությանը ճնշելու համար։ Ըստ հրապարակման, այդ թղթի հեղինակը օտար երկրներից ժամանած մասնագետների խումբն է, որը խորհրդատվություն է իրականացրել Հայաստանի իշխանությունների համար և նրանց մի մասը 2008 թվականի փետրվարի վերջից գաղտնիության պայմաններում տեղակայված է եղել Հայաստանի կառավարության շենքում։

«Այդ մասին լուրեր և նույնիսկ լուսանկարներ հայտնվեցին հայկական մամուլում Մարտի 1-ից գրեթե անմիջապես հետո՝ օրեր անց։ Բացի դրանից կան վկայություններ, որ ռուսերեն խոսող մասնակիցներ են եղել ուժայինների շարքում, եթե չեմ սխալվում վկաներից մի քանիսը նույնիսկ ասել են այդ մասին, որ իրենց հանդեպ կատարված գործողության մասնակիցները ռուսերեն են խոսել։ Ի վերջո, 2008 թվականի մարտի 1-ից շատ կարճ ժամանակ անց Սերժ Սարգսյանը, որ մեկնել էր Մոսկվա, դեռ նախագահի լիազորությունը չստանձնած, նա շնորհակալություն էր հայտնել Պուտինին՝ նախագահի ընտրությանը իրեն աջակցելու համար, և սա նույնիսկ արտառոց իրավիճակ է, երբ մի ընտրված նախագահ պետության մեկ այլ երկրի նախագահին շնորհակալություն է հայտնում այդ ընտրությանը իրեն աջակցելու համար։ Էս ամբողջը, իհարկե, առնվազն առաջացնում է հարցեր Ռուսաստանի դերակատարության մասին», - ասաց Հակոբ Բադալյանը։

Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը օրեր առաջ դատարանում հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանը ապօրինի գողություններ կատարելու և սահմանադրական կարգը տապալելու համար ապահովագրված է եղել նաև այլ մեծ տերությունների կողմից, և ինքը այդ մասին կխոսի ավելի ուշ և մանրամասն: Արդեն «Ազատության» եթերում Սաֆարյանը հիշեցրեց Մարտի 1-ի դեպքերից հետո Ռուսաստանը որևէ ցավակցական խոսք չի հնչեցրել: Ինչ վերաբերում է գործում առկա փաստաթղթերին փաստաբանը դեռ փակագծեր չի բացում։

«Եղել են մարդիկ, որոնք հասկանալի չէ, թե ինչ ազգության են եղել և ասում են՝ սլավոնական արտաքինով մարդիկ են եղել և տպավորություն է, որ հայ չեն եղել։ Էս ուղղությամբ ես չգիտեմ, իհարկե, քննությունն ուր է հասել, կարծում եմ, որ քննություն տարվում է», - ընդգծեց Սաֆարյանը։

Ի՞նչ մտահոգություններով է ՌԴ դեսպանը հունիսի 13-ին Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման համատեքստում հրավիրվել ԱԳՆ և ի՞նչ հետաքրքություններ ունի Ռուսաստանը Մարտի 1-ի գործի հետ կապված, «Ազատության» հարցին ի պատասխան արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն արձագանքեց, որ երկկողմ օրակարգում տարբեր ընկալումներ ունենալը բնական է։

«Մենք կարող ենք ունենալ հարցեր, որոնք մեր երկկողմ օրակարգի մեջ տարբեր ընկալումներ ունենալ և տարբեր, էսպես ասած, գնահատական ստանալ, որը բնական բան է։ Քննարկելը այդ հարցերը երկու դաշնակիցների միջև որևէ խնդիր չի առաջացնի», - ասաց Մնացականյանը։

Ավելի վաղ դեսպանը հանդիպել էր նաև երկրորդ նախագահի դիմումը վարույթ ընդունած ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ։ Նշենք նաև, որ գործով երկու առանցքային վկաներ 0038 հրամանը ստորագրած պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը և Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը գտնվում են Ռուսաստանում և նրանց արտահանձնման հետ կաված սկսված գործընթաց չկա:

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանից հետաքրքվեցինք՝ իր գնահատմամբ Մարտի 1-ի գործով Ռուսաստանի հետաքրքրվածությունը ինչպե՞ս կարող է ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա:

«Բնական է, որ էդ տարիների ձևավորված մեխանիզմների դերակատարների և այլնի առկայության պարագայում Ռուսաստանը ամենևին հեշտ չի հաշտվելու Հայաստանում էդ նոր իրավիճակի հետ, և էդ բնույթի փոփոխությունը հարաբերության, իհարկե, լինելու է բավական տևական և բավական ցավալի, ինչ-որ առումով խնդրահարույց ճանապարհ, որովհետև մենք պետք է անցնենք, բայց կրկնեմ՝ անխուսափելի է լինելու Հայաստանում նոր իրողության և նոր իրավիճակի հետ հաշվի նստելը։ Գլխավոր խնդիրն այն է, թե Հայաստանի իշխանությունը ինչպես է կարողանալու պահել էդ իրավիճակը, այսինքն իր հանրային լեգիտիմությունը, իր գլխավոր ուժը։ Մնացած առումներով, ես կարծում եմ՝ գործընթացը ունենալու է իր անխուսափելի օրինաչափությունը», - նշեց Բադալյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG