«Ազատություն»․ - Հիմա վերսկսվելու է դատավարությունը, բայց զուգահեռաբար նաև Սահմանադրական դատարանն է քննության առնելու այդ դիմումը: Սա ի՞նչ է նշանակում, ինչի՞ հետ ենք գործ ունենալու:
Սաֆարյան․ - Հիմա գործը հետ գնաց նորից քննության: Էս պարագայում Սահմանադրական դատարանի լսումները թե ինչ իրավական հիմքով են կանխատեսվում, չեմ կարող ասել: Որովհետև եթե Սահմանադրական դատարան դիմելու և վարույթը կասեցնելու որոշումը վերացվել է, դա նշանակում է, որ գործը հետ պիտի գնա դատարան՝ քննության: Այլևս Սահմանադրական դատարանը անելիք չունի: Այս պահի դրությամբ Սահմանադրական դատարանի թեման փակ է:
«Ազատություն»․ - Նույնիսկ ա՞յն դեպքում, որ հայտարարվել է, որ օգոստոսին քննություն են սկսելու, նիստ են անելու և այլն:
Սաֆարյան․ - Ես չգիտեմ դա ինչ ընթացակարգ է: Որովհետև այն իրավական հիմքը, որի բազայի վրա Սահմանադրական դատարանը պետք է իրականացնի լսում, այդ ակտը չկա: Սահմանադրական դատարանը եթե օր էլ է նշանակել, դա առ ոչինչ իրավիճակ ա ստեղծում, և պետք է, որ Սահմանադրական դատարանը միջոց ձեռնարկի իր իսկ նշանակած նիստի հետ կապված․․․ չեղարկելու: Ես կարծում եմ, որ վճռաբեկ բողոքներ կլինեն: Բայց նաև ուզում եմ ասել, որ Վճռաբեկ դատարանն էլ ժամանակին, երբ խոսք ա գնացել Ռոբերտ Քոչարյանի՝ քրեական պատասխանատվության ենթարկվելու անձեռնմխելիության վերաբերյալ, արձանագրվել է, որ նա անձեռնմխելիությունից չի օգտվում և ենթակա է քրեական պատասխանատվության:
«Ազատություն»․ - Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն ասում են, որ ուղղակի ցուցմունք չկա սահմանադրական կարգի տապալման մասով:
Սաֆարյան․ - Ուղղակի միշտ զարմացել եմ, որ հենց Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ 80 հատոր գործին ծանոթացել է, և իր մասին ոչինչ չկա: Եթե դուք 80 հատոր գործին ծանոթանաք և տեսնեք, թե Հայաստանում ինչ ա կատարվել, կհասկանաք, որ էն, ինչ որ կատարվել ա, դա ուղղակի ցուցմունք է Ռոբերտ Քոչարյանի դեմ: Որովհետև բոլոր զինվորականները, ովքեր քիչ թե շատ քաջատեղյակ են եղել իրենց գալու նպատակներից, պարգևատրվելու հետ կապված խնդիրներից, իրենց գործողությունների արդյունքում վրա հասնելիք հետևանքների մասով բոլորին երբ որ քննիչը էդ հարցն ուղղել ա, թե՝ դուք ինքնուրո՞ւյն եք եկել, ասեն են՝ չէ, էս ամենի մասին տեղյակ են եղել վերևից ներքև: Եթե ինքը իրան վերև չի համարում, եթե Միքայել Հարությունյանի 0038 հրամանը սկսվում ա, որ՝ Գլխավոր հրամանատարի խորհրդակցության ժամանակ առաջ քաշած խնդիրներին ի կատարումն: Եթե սրանք բոլորը ինքը ցուցմունք չի դիտում, փաստեր չի դիտում իր դեմ, եթե բազմաթիվ մարդիկ ցուցմուն են տվել, թե խորհրդակցության ժամանակ ինչպես ա վրդովվել Միքայել Հարությունյանի վրա, որ Միքայել Հարությունյանն իրան շատ ավելի ձիգ չի պահում, պահի լրջությունը չի գնահատում և այլն, և այլն․․․ Սա երևի պաշտպանական տակտիկա է, և ժողովրդին մոլորեցնելու ցանկություն կա: Եվ եթե էդ 80 հատորը հրապարակելու իրավիճակ ստեղծվի, ես ձեզ անկեղծորեն եմ ասում, և՛ ժողովուրդը շատ դժվար հոգեբանական վիճակում կհայտնվի, և՛ հենց ինքը Ռոբերտ Քոչարյանը կհայտնվի, որովհետև շատ-շատ հարցերի պատասխան չի կարողանալու տալ: Դժվարամարս տեղեկություններ են, և էդ դժվարամարս տեղեկությունների տակից դժվար թե կարողանան դուրս գալ»:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․