Մատչելիության հղումներ

«ՀՀ-ն ու ՌԴ-ն կարող են ունենալ հարցեր՝ երկկողմ օրակարգում տարբեր ընկալումներով, դա բնական է». Զոհրաբ Մնացականյան


Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյան, արխիվ

Հայաստանն ու Ռուսաստանը կարող են ունենալ հարցեր՝ երկկողմ օրակարգում տարբեր ընկալումներով, որը բնական է, ասաց Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով «Ազատության» հարցին, թե ի՞նչ մտահոգություններով է Ռուսաստանի դեսպանը հունիսի 13-ին սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման համատեքստում հրավիրվել արտգործնախարարություն և ի՞նչ հետաքրքություններ ունի Ռուսաստանը Մարտի 1-ի գործի հետ կապված։

«Հայաստանը և Ռուսաստանը եղել և մնում են դաշնակիցներ, ունեն բավական լայն և բավական հարուստ օրակարգ։ Մենք բավարարված ենք այն երկխոսությամբ, որը մենք ունենք Ռուսաստանի Դաշնության հետ՝ բազմաթիվ ոլորտներում մեր դաշնակցային հարաբերությունները խորացնելու առումով։ Մենք կարող ենք ունենալ հարցեր, մեր երկկողմ օրակարգի մեջ տարբեր ընկալումներ ունենալ և տարբեր գնահատական ստանալ, որը բնական բան է, և քննարկելն այդ հարցերը երկու դաշնակիցների միջև, որևէ խնդիր չի առաջացնում։ Մենք այդ առումով որևէ խնդիր չունենք բարձրացնելու հարցեր, որոնք վերաբերվում են տարբեր երանգներին մեր երկկողմ հարաբերություններում», - ասաց արտգործնախարարը։

Հայաստանում ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի և Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը կայացել էր «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում գտնվող Քոչարյանի գրասենյակում։

Ավելի ուշ դեսպանը հանդիպել էր նաև Քոչարյանի դիմումը վարույթ ընդունած Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հետ։

Հարկ է ընդգծել՝ Մարտի 1-ի գործող տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն օրեր առաջ դատարանում հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանն, ապօրինի գողություններ կատարելու և սահմանադրական կարգը տապալելու համար ապահովագրված է եղել նաև այլ մեծ տերությունների կողմից և ինքն այդ մասին կխոսի ավելի ուշ և մանրամասն:

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն «Ազատության» հետ զրույցում նշեց՝ կարևոր է հասկանալ, թե Ռուսաստանը Մարտի 1-ի գործով ինչո՞ւ է այդքան հետաքրքրված կամ մտահոգված:

«Էն հետաքրքրվածությունը, կամ աջակցությունը, որ մենք պատկերացնում ենք, որ ցուցաբերվում է նախկին իշխող համակարգին, ես էդքան էլ միարժեք չեմ գնահատի, որ Ռուսաստանի համար իմպերատիվ խնդիր է, որը պետք է անվերապահորեն կատարվի։ Այս տեսանկյունից դիտարկում եմ նաև հենց Մարտի 1-ի հարցում հետաքրքրվածությունը։ Բայց այստեղ մենք նաև պետք է դիտարկենք որոշակի տեղեկատվական հանգամանքներ։ Օրեր առաջ եղավ օտարալեզու հանձնարարականի մասին տեղեկությունը, որը կարծես թե համենայն դեպս չի հերքվել և հետաքրքիր է՝ արդյո՞ք կա քրեական գործի մեջ էդ տեղեկությունը, էդ փաստաթուղթը՝ օտարերկրյա ինստրուկտորների առկայությունը Երևանում, հատուկ ծառայությունների աշխատակիցների, դրա մասին տեղեկատվությունը, այդ մասին լուրեր և նույնիսկ լուսանկարներ հայտնվեցին հայկական մամուլում Մարտի 1-ից գրեթե անմիջապես հետո՝ օրեր անց, բացի դրանից կան վկայություններ, որ ռուսերեն լեզվով խոսող մասնակիցներ են եղել ուժայինների շարքում, եթե չեմ սխալվում վկաներից մի քանիսը նույնիսկ ասել են այդ մասին, որ իրենց հանդեպ կատարված գործողության մասնակիցները ռուսերեն են խոսել», - ասաց Բադալյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG