Մատչելիության հղումներ

Փոմփեոն Իրանի օրակարգով ժամանել է Մերձավոր Արևելք


Սաուդյան Արաբիայի Սալման թագավորը և ԱՄՆ պետական քարտուղար Մայք Փոմփեոն, Ջիդդա, 24 հունիսի, 2019թ.
Սաուդյան Արաբիայի Սալման թագավորը և ԱՄՆ պետական քարտուղար Մայք Փոմփեոն, Ջիդդա, 24 հունիսի, 2019թ.

Միացյալ Նահանգների պետական քարտուղար Մայք Փոմփեոն այսօր ժամանել է Սաուդյան Արաբիա, որտեղ հանդիպել է Սալման թագավորի հետ: Օրակարգում Իրանի խնդիրն է:

Վաշինգտոնը հայտարարել է, որ մտադիր է կազմել համաշխարհային դաշինք, որը պետք է «զսպի տարածաշրջանում Իրանի վտանգավոր գործողությունները»:

Օդանավ բարձրանալուց առաջ Փոմփեոն լրագրողներին ասել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է հարցերը լուծել բանակցություններով, թեպետ նոր պատժամիջոցներ է ծրագրում և տառացիորեն վերջին պահին է չեղարկել ի պատասխան ամերիկյան դրոնը վայր գցելուն Իրանին հարված հասցնելու հրամանը:

Սպիտակ տունը նշել է, որ ռազմական հարվածը ոչ համաչափ պատասխան կլիներ, քանի որ մեկ անօդաչու սարքի և մոտ 150 իրանցիների կյանքի գինն անհամեմատելի են:

Միացյալ Նահանգները պնդում է, որ Իրանը դրոնը վայր է գցել միջազգային օդային տարածքում:

«Տեսել եք այն մանկական նկարը, որը ներկայացրել է արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, դա չես կարող համեմատել Ամերիկայի զինուժի և հետախուզական ծառայությունների տրամադրած բարձրորակ և համոզիչ նյութերի հետ, որոնք ապացուցում են, որ խոսքը միջազգային օդային տարածքում խոցված անզեն դրոնի մասին է: Մեր նյութերի արժանահավատությունն այն աստիճանի է, որ ոչ մի լրագրող մի պահ իսկ չի մտածի, թե գուցե Իրանի ասածը ճիշտ է», - հայտարարել է Փոմփեոն:

ԱՄՆ պետքարտուղարը և Սաուդյար Արաբիայի թագավորն Իրանին և տարածաշրջանի այլ խնդիրներին առնչվող հարցերը քննարկել են Ջիդդա նավահանգտսային քաղաքում: Փոմփեոն Սաուդյան Արաբիայից կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ:

ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունները վատթարացել են այն բանից հետո, երբ Վաշինգտոնը Թրամփի որոշմամբ անցյալ տարվա մայիսին դուրս է եկել 2015 թվականի միջուկային պայմանագրից, ինչից հետո վերականգնել և խստացրել է պատժամիջոցները:

Վերջերս Օմանի ծոցում հարձակման են ենթարկվել նավթատար 4 լցանավեր: Վաշինգտոնը հայտարարել է, որ գրոհները Իրանն է կազմակերպել: Իրանը հրքել է մեղադրանքը:

Երկու երկրների շիկացած հարաբերություններն էլ ավելի են սրվել ամերիկյան անօդաչու թռչող սարքը վայր գցելուց հետո: Թեհրանը պնդում է, որ դրոնը ներխուժել է Իրանի օդային տարածք:

Նախագահ Թրամփը դա անվանել է «կոպիտ սխալ, որի համար Իրանը թանկ կվճառի»:

Միացյալ Նահանգների ղեկավարը հայտարարել է, որ ցանկացած գնով կապահովի նավթի անարգել փոխադրումը Հորմուզի նեղուցով, սակայն նախընտրում է ճգնաժամը կարգավորել դիվանագիտական եղանակով:

Սպիտակ տան ավագ խորհրդական Քելիեն Քոնվեյն այսօր ասել է, որ նախագահը ցանկանում է Իրանի հետ քննարկել գործարք, որի շնորհիվ կհաջողվի չեղարկել ամերիկյան պատժամիջոցները, սակայն Թեհրանը դրա համար պարտավոր է կրճատել միջուկային ծրագիրը:

«Նախագահն ուզում է, որ Իրանը նստի բանակցային սեղանի շուրջ, նախագահը պատերազմ չի ուզում, բայց դրա հետ հանդերձ թույլ չի տա Իրանին միջուկային շանտաժ անել, ապակայունացնել նավթի շուկան և ահաբեկել սեփական ժողովրդին», - ասել է Քելիեն Քոնվեյը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG