Մատչելիության հղումներ

«Հնարավոր կորուստները համարժեք չէին». Թրամփը հաստատեց՝ պատրաստ է եղել հարվածել Իրանին


Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ժամեր առաջ հաստատեց՝ պատրաստ է եղել հարվածել Իրանին՝ ամերիկյան անօդաչու սարքը կործանելու համար, սակայն վերջին պահին հրաժարվել է այդ մտքից:

«Հնարավոր կորուստները համարժեք չէին», - Twitter-ում պնդել է Սպիտակ տան ղեկավարը:

«Անցած գիշեր մենք կազմ ու պատրաստ էինք վրեժխնդիր լինել և հարված հասցնել երեք տարբեր օբյեկտների, սակայն, երբ հարցրեցի՝ քանի՞սը կզոհվեն, գեներալն ասաց՝ 150 մարդ: Հարվածներից տասը րոպե առաջ ես դադարեցրի գործողությունը», - գրել է ԱՄՆ-ի նախագահը:

Գրառումներից ժամեր առաջ էլ ամերիկյան մամուլն էր հաղորդել Իրանի դեմ նախապատրաստված ռազմական հարձակման մասին: The New York Times-ը գրել էր, որ Սպիտակ տան ղեկավարը հավանություն է տվել իրանական թիրախներին՝ ռադարներին, հրթիռային համալիրներին ու ռադիոլոկացիոն կայաններին հարված հասցնելու առաջարկին: «Գործողությունը եղել է մեկնարկի փուլում. ինքնաթիռները օդում էին, նավերը՝ ելման դիրքում, սակայն հրթիռները չարձակված՝ հրաման իջավ ռազմական գործողությունը չեղարկելու մասին», - հեղինակավոր պարբերականին պատմել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը:

«Ռոյթերզն» իր հերթին հաղորդել էր, որ երեկ Վաշինգտոնը օմանցի պաշտոնյաների միջոցով նախազգուշացում է ուղարկել Իրանին անխուսափելի հարձակման մասին:

«Իր ուղերձում նախագահ Թրամփն ասել էր, որ դեմ է Իրանի հետ պատերազմին և ուզում է քննարկել տարաձայնությունները: Նա պատասխանի համար մեզ կարճ ժամանակ էր տվել», - գործակալությանը փոխանցել է Իրանի բարձաստիճան մի պաշտոնյա՝ անանուն մնալու պայմանով:

Մեկ այլ աղբյուր էլ ասել էր, որ Իրանի ներկայացուցիչները խոստացել են բանակցությունների առաջարկը փոխանցել Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին, օմանցի պաշտոնյաներին միաժամանակ զգուշացնելով, որ Ամերիկայի հնարավոր հարձակումը անդառնալի հետևանքներ կունենա ողջ տարածաշրջանի վրա:

AP-ը ևս որոշ մանրամասներ էր հաղորդել անցած գիշեր ամերիկյան էլիտայում տեղի ունեցած քննարկումներից, ըստ գործակալության, նախագահ Թրամփը ռազմական հարձակումից ետ էր կանգնել կոնգրեսականների և պաշտպանական ոլորտի խորհրդականների հետ ժամեր շարունակված քննարկումներից հետո: Ըստ այս աղբյուրի, Պենտագոնը, ի տարբերություն օրենսդիրների, կողմ է եղել ռազմական գործողության տարբերակին:

«Պետքարտուղար Մայք Փոմփեոն և Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը ևս վճռական պատասխան տալու կողմնակից էին, սակայն Կոնգրեսի առաջնորդները հորդորում էին զգուշավորութուն պահպանել», - փոխանցել են AP-ի աղբյուրները:

Կողմերը ռազմական բախման շեմին հայտնվեցին նախօրեին, երբ հաղորդվեց, որ Իրանը զենիթային հրթիռով ամերիկյան անօդաչու սարք է խոցել։ Թեհրանը պնդում է, որ ամերիկյան հետախուզական սարքը կործանվել է Իրանի օդային տարածքում, Պենտագոնը հայտարարում է, որ այն եղել է չեզոք գոտում: Ավելի վաղ Վաշինգտոնը հավելյալ 1000 զինվոր էր ուղարկել Մերձավոր Արևելք՝ Հորմուզի նեղուցում երկու նավթակիրների վրա կատարված հարձակումներից հետո: Վաշիրնգտոնը միջադեպի մեջ մեղադրում է Իրանին, Թեհրանը պնդում է, որ կատարվածի հետ որևէ կապ չունի:

Երկու երկրների՝ առանց այդ էլ լարված հարաբերությունները սկսել են սրվել անցած տարվանից, երբ նախագահ Դոնալդ Թրամփը միակողմանիորեն դուրս եկավ 2015-ին Իրանի և վեց գերտերությունների միջև ստորագրված միջուկային համաձայնագրից՝ վերականգնելով տնտեսական պատժամիջոցներն այդ երկրի նկատմամբ: Ի պատասխան Իրանը շաբաթասկզբին հայտարարեց, թե հրաժարվում է համաձայնագրով ստանձնած պարտավորություններից և վերականգնում է ուրանի հարստացումը:

Մինչ այդ, այսօր Թվիթերում մեկը մյուսին հաջորդող գրառումներով Սպիտակ տան ղեկավարը վերստին պնդել է՝ Իրանը չպետք է երբեք միջուկային զենք ունենա, ոչ Միացյալ Նահանգների, ոչ էլ աշխարհի դեմ:

«Ես չեմ շտապում, պատժամիջոցներն իրենց գործն անում են», - գրել է Դոնալդ Թրամփը՝ հավելելով՝ դրանք էլ ավելի են սաստկացել անցած գիշերվա ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG