Մատչելիության հղումներ

Իրանը ամերիկյան անօդաչու թռչող սարք է խոցել


Միացյալ Նահանգները հաստատում են, որ Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» այսօր առավոտյան խոցել է Պարսից ծոցի շրջանում տեղակայված ամերիկյան ստորաբաժանումներից մեկի կազմում գործող անօդաչու թռչող սարքը:

Թեհրանն ու Վաշինգտոնը, սակայն, տրամագծորեն հակառակ տեղեկություններ են հաղորդում ամերիկյան արտադրության MQ 4C-Triton մակնիշի անօդաչու սարքի խոցման վայրի վերաբերյալ: Իրանի իշխանությունները պնդում են, որ դա տեղի է ունեցել երկրի հարավային Հորմոզգան նահանգում:

«Իրանի օդային տարածքում այսօր որևէ ամերիկյան օդանավ որևէ առաջադրանք չի կատարել», - նշել է ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչ, ռազմածովային ուժերի կապիտան Բիլ Ուրբանը:

Ամերիկյան կողմի տեղեկություններով իրանական ուժերը անօդաչու թռչող սարքը խոցել են Իսլամական Հանրապետության սահմաններից դուրս` Հորմուզի նեղուցին հարող միջազգային օդային տարածքում:

Միջադեպից մի քանի ժամ անց Թեհրանը դիմեց ամերիկացիներին` Իրանի սահմանների հարևանությամբ ռազմական ակտիվությունից զերծ մնալու կոչով:

«Ամերիկյան անօդաչու սարքի խոցումը հստակ և հասցեական ուղերձ է Ամերիկային, որի բովանդակությունը հետևյալն է. Իրանի Իսլամական Հանրապետության սահմանների պաշտպանները մեր տարածք ներխուժելու ցանկացած փորձին վճռականորեն ենքարձագանքելու: Մեր սահմանը այն կարմիր գիծն է, որը հատել չի կարելի: Սահմանախախտ թշնամիները կոչնչացվեն և երբեք չեն վերադառնա: Մեր թշնամիները իրենց անվտանգությունը երաշխավորելու միայն մեկ տարբերակ ունեն` հարգել հզոր իրանական պետության տարածքային ամբողջականությունը, ազգային շահերը և ազգային անվտանգությունը», - այսօր Թեհրանում հայտարարել է «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» գլխավոր հրամանատար Հոսեյն Սալամին:

Իրանական կողմը նաև պնդում է, որ անօդաչու թռչող սարքը օդ էր բարձրացել Պարսից ծոցի հարավային ափին գտնվող ամերիկյան ռազմաբազաներից մեկից:

«Խախտելով ավիացիոն ոլորտի միջազգայնորեն ընդունված բոլոր կանոնները՝ անօդաչու թռչող սարքն անջատել էր տեղորոշման սարքավորումները և գործում էր կատարյալ գաղտնիության պայմաններում», - նշված է «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» տարածած հայտարարության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG