Մատչելիության հղումներ

Թուրքիան կդիմի պատասխան քայլերի, եթե ԱՄՆ-ը պատժամիջոցների դիմի S-400-ների պատճառով. Չավուշօղլու


Ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգ, արխիվ
Ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգ, արխիվ

Թուրքիան կդիմի պատասխան քայլերի, եթե ռուսական S-400 (С-400) զենիթահրթիռային համակարգի պատճառով Միացյալ Նահանգները պատժամիջոցներ սահմանի: Այդ մասին, ինչպես հայտնում է «Անադոլու» գործակալությունը, այսօր հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։

«Այս պահին ռուսների հետ գործարքից հնարավոր չէ հրաժարվել, և այդ հարցը պարզապես չի քննարկվում», - հավելել է Թուրքիայի արտգործնախարարը՝ ընդգծելով, թե Անկարան պատրաստ է սրա համար ցանկացած գին վճարել։

Պաշտոնական Անկարան պնդում է, որ S-400 զենիթահրթիռային համակարգը սպառնալիք չէ ՆԱՏՕ-ի համար։

Հուլիսի 12-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հաստատել էր, որ ռուսական սպառազինությունը Թուրքիա կհասնի արդեն հուլիսին։ Վաշինգտոնը Անկարային մի քանի անգամ արդեն վերջնագիր է ներկայացրել՝ պահանջելով հրաժարվել Ռուսաստանի հետ այս գործարքից, հակառակ դեպքում՝ Վաշինգտոնը հրաժարվում է Թուրքիային տրամադրել հինգերորդ սերնդի F-35 կործանիչները։

Նահանգներն ու ՆԱՏՕ-ն մտավախություն ունեն, որ եթե Անկարան ունենա միաժամանակ և՛ ռուսական համակարգը, և՛ ամերիկյան կործանիչները, ռուսական ռադարները ժամանակի ընթացքում պարզապես կկարողանան հաշվարկել և հետևել այդ կործանիչներին։ Ավելի վաղ Պենտագոնը հայտարարել էր, թե Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը նամակ է հղել թուրք գործընկերոջն ու մինչև հուլիսի 26-ը ժամանակ տվել՝ վիճահարույց այդ որոշումը վերանայելու համար:

«Թուրքիայի իշխանությունները պետք է ընտրություն կատարեն ռուսական արտադրության S-400 զենիթային համակարգերի և ամերիկյան արտադրության F-35 օդանավերի միջև: Սպառազինության այս երկու տեսակների միաժամանակյա ձեռքբերումը բացառվում է», - պնդել էր Պենտագոնի ղեկավարը:

Հավելենք նաև՝ Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների տունը այս շաբաթ հավանություն է տվել Թուրքիայի հարցով մայիսից շրջանառության մեջ դրված բանաձևին, որն Անկարային կոչ է անում հրաժարվել S-400 համակարգը գնելու գործարքից, հակառակ դեպքում սպառնալով պատժամիջոցներով:

Հիշեցնենք, որ S-400 համակարգի շուրջ համաձայնագիրը Մոսկվան և Անկարան ստորագրել են 2017-ի սեպտեմբերին։ Գործարքի արժեքն է 2,5 միլիարդ դոլար, ընդ որում, այս գումարի կեսը ռուսական վարկն է։ Կրեմլը երկու օր առաջ հաստատել է, որ գործարքի իրագործումն ընթանում է ըստ նախատեսված գրաֆիկի, և արդեն եկող ամիս Անկարան կստանա ռուսական սպառազինությունը․ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG