Միացյալ Նահանգներն առաջին կոնկրետ քայլերն է կատարում ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի դեմ, որը, չնայած բազմաթիվ նախազգուշացումներին, չի հրաժարվում ռուսական S-400 հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգեր գնելու գործարքից:
Ներկայացուցիչների տունը հավանություն է տվել Թուրքիայի հարցով մայիսից շրջանառության մեջ դրված բանաձևին, իսկ ռազմական ղեկավարությունը դադարեցրել է թուրք օդաչուների ու հրահանգիչների ուսուցումը, որոնք ԱՄՆ էին ժամանել F-35 ռազմական օդանավերի կառավարումը սովորելու նպատակով: Նրանց համար փակվել է նաև օդանավերի տեխնիկական ինֆորմացիան:
Foreign Policy ամսագիրը գրում է, որ Արիզոնայի ավիաբազայում վերապատրաստվելու նպատակով 4 թուրք ռազմական օդաչու և 2 հրահանգիչ կա:
Վաշինգտոնն Անկարայից պահանջել է հրաժարվել ռուսական S-400 հրթիռային համակարգեր գնելու գործարքից՝ վերջնական որոշում ընդունելու համար ժամանակ տալով մինչև հուլիսի 31-ը:
Եթե Թուրքիան չհրաժարվի այս գործարքից, ապա Վաշինգտոնը կչեղարկի F-35 կործանիչները Թուրքիային վաճառելու համաձայնագիրը և կդադարեցվեն այդ գործարքի հետ կապված հարակից ծրագրերը:
Ըստ Foreign Policy-ի, Պենտագոնն արդեն նախնական բանակցություններ է վարում Թուրքիայի պաշտպանության նախարարության հետ՝ F-35-ի համար Թուրքիայի նախապես վճարված գումարը՝ կանխավճարը, վերադարձնելու համար:
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների տունը երեկ ընդունել է մայիսից Կոնգրեսում շրջանառության մեջ դրված բանաձը, որը Թուրքիային կոչ է անում հրաժարվել S-400 համակարգը գնելու գործարքից, հակառակ դեպքում՝ սպառնալով պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ:
«Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ, բանաձևում նշված է, որ Թուրքիայի կողմից ռուսական S-400 հրթիռային համակարգեր ձեռք բերելը կխարխլի ԱՄՆ-ի գլխավորած տրանսատլանտյան պաշտպանական դաշինքը:
Անկարան այսօր արձագանքել է Կոնգրեսին՝ հայտարարելով, թե ընդունված բանաձևը անընդունելի սպառնալիք է Թուրքիային:
Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել է, թե բանաձևն անարդարացի ու անհիմն մեղադրանք է պարունակում Թուրքիայի արտաքին քաղաքականության և արդարադատության համակարգի վերաբերյալ:
«Անընդունելի է որոշումներ ընդունել, որոնք չեն նպաստում փոխադարձ վստահության ամրապնդմանը, շարունակում են խոսել սպառնալիքների ու պատժամիջոցների լեզվով և սահմանում են արհեստական ժամկետներ», - հայտարարել է Թուրքիայի արտաքին քաղաքականության գերատեսչությունը:
Կոնգրեսի երեկվա քննարկումներին Ներկայացուցիչների տան արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլիոթ Էնգելն ասել է. - «Արտաքին հարաբերություններում մենք սա հազվադեպ ենք տեսնում, բայց սա սև-սպիտակ հարց է: Երրորդ տարբերակ չկա: Կա՛մ պարոն Էրդողանը չեղարկում է Ռուսաստանի հետ գործարքը, կա՛մ՝ ոչ: Թուրքիան չի կարող միաժամանակ ռուսական սպառազինություն և ամերիկյան F-35 ունենալ», - ընդգծել է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը: