Մատչելիության հղումներ

«Նուբարաշեն» ՔԿ-ում կրկին խախտումներ են հայտնաբերվել. Դատախազություն


Ըստ դատախազության տարածած հաղորդագրության՝ «Նուբարաշեն» ՔԿ-ում ստուգումների արդյունքում, չնայած նախորդ անգամ արձանագրված խախտումների և բացթողումների զգալի մասը վերացված է, ստուգման ընթացքում արձանագրվել են այլ բնույթի թերություններ ու խախտումներ:

Դատախազությունը անակնկալ ստուգումները նախաձեռնել է՝ նպատակ ունենալով պարզել ամիսներ առաջ արձանագրված խախտումների վերացված լինելու, ինչպես նաև համապատասխան իրավական ակտերով նախատեսված՝ կալանավորված անձանց և դատապարտյալների իրավունքների ապահովման պահանջների պատշաճ իրականացման հանգամանքները:

Ըստ հաղորդագրության՝ ստուգմամբ պարզվել է, որ կալանավորվածներին պահելու վայրի խցերում սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման նկատմամբ պատշաճ վերահսկողություն չի իրականացվում: Չի իրականացվում նաև պահվող անձանց տարեկան առնվազն մեկ անգամ բուժկանխարգելիչ հետազոտությունների ենթարկելու գործընթացը: Պարզվել է, որ որոշակի ժամանակային կտրվածքներով ՔԿՀ-ի ԲՍԲ մասնագետների կողմից պատժախցերում անձանց այցելություններ չեն կատարվել:

ՔԿՀ-ում պահվող որոշ անձանց անձնական գործերի ուսումնասիրությամբ ի հայտ է բերվել, որ չնայած դրանցում առկա են առանձին դաժանությամբ կամ բռնությամբ կատարված հանցագործության մասին տեղեկություններ, սակայն նրանք հաշվառված չեն որպես ագրեսիվության, կոնֆլիկտայնության բացասական հակում ունեցող դատապարտյալներ: Մինչդեռ վերջինս անհրաժեշտ է նրանց հետ սոցիալական, հոգեբանական և իրավական համապատասխան աշխատանքներ իրականացնելու համար:

«Խախտումներ են արձանագրվել նաև դատապարտյալին ՔԿՀ տեխնիկատնտեսական սպասարկման մասի աշխատանքներում ներգրավվելու պահանջների, դատապարտյալների համար հաղորդակցության միջոցների, մասնավորապես փոստարկղերից և հեռախոսազանգից օգտվելու համապատասխան պայմանների և ընթացակարգերի պահպանման, պատժախցերում և կարանտինային բաժանմունքի խցերում կենցաղավարման համար նախատեսված անհրաժեշտ գույքով լիարժեք ապահովվածության, բաց և կիսաբաց ուղղիչ հիմնարկները կարանտինային բաժանմունքով ապահովելու հետ կապված», - նշված է դատախազության տարածած հաղորդագրությունում:

Արձանագրված խախտումները քննարկվել են ՔԿՀ-ի վարչակազմի հետ, որը պարտավորվել է սեղմ ժամկետներում վերացնել դրանք և արդյունքների մասին հայտնել ՀՀ դատախազությանը:

Դատախազությունը «Նուբարաշեն» ՔԿ-ում ստուգումներ էր կատարել նաև մարտին, որոնց ընթացքում ևս հայտնաբերվել էին իրավախախտումներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG