Մատչելիության հղումներ

Ստուգումներ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, արձանագրվել են խախտումներ. Դատախազություն


«Նուբարաշեն» ՔԿՀ-ի շենքը Երևանում

Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ ստուգվել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների պահման պայմանները: Ստուգման արդյունքում արձանագրվել են որոշ խախտումներ, որոնց վերաբերյալ տեղեկացվել է քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) վարչակազմին:

Ըստ հաղորդագրության, մասնավորապես պարզվել է, որ չնայած Կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված՝ ՔԿՀ-ներում կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով սահմանված արգելքներին՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի շատ խցերում պահվող անձանց քնելատեղերը, առանց համապատասխան թույլտվության, եղել են վարագուրապատված, ինչը ՔԿՀ-ի ծառայողներին զրկում է խցում առկա իրավիճակը, պահվող անձանց տեղաշարժն ամբողջությամբ հսկելու, դիտարկելու հնարավորությունից: Մի շարք խցերում արձանագրվել են նաև դռների դիտանցքներն ու կերակրադռնակները ներսից փակելու, այդպիսով խցի ներսը քողարկելու դեպքեր:

Ստուգման ընթացքում արձանագրվել են խնդիրներ՝ նաև կապված ՔԿՀ-ի խցերի սանիտարահիգիենիկ պայմանների, ինչպես նաև դատապարտյալին հատկացվող բնակելի տարածության մակերեսի մինիմալ չափանիշների պահպանման հետ:

«Նուբարաշեն» ՔԿՀ վարչակազմը պարտավորվել է հնարավորության սահմաններում վերացնել արձանագրված թերությունները և արդյունքների մասին հայտնել Գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչությանը:

Ստուգման ընթացքում դատախազության աշխատակիցների կողմից նախաձեռնվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տվյալ պահին հացադուլի մեջ գտնվող 5 անձանց ընդունելություն:

Վերջիններիս հետ տարվել են բացատրական աշխատանքներ, ինչի արդյունքում հացադուլում գտնվող անձանցից մեկը նույն օրը, ևս երկուսն ավելի ուշ դադարեցրել են հացադուլը:

Իսկ մեկ անձ, դատախազության պահանջով, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ անհրաժեշտ բուժօգնություն ստանալու նպատակով:

«Ընդունելության ընթացքում պարզվել է, որ հացադուլի մեջ գտնվող անձանց գանգատները կապված են իրենց վերաբերյալ քննվող քրեական գործերի հետ: Այդ մասին տեղեկացվել են նշված անձանց վերաբերյալ քրեական գործերով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազները», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG