Մատչելիության հղումներ

Փոմփեոն և Լավրովը հանդիպեցին Ֆինլանդիայում, քննարկեցին Վենեսուելայի ճգնաժամը


Ֆինլանդիա - ԱՄՆ պետքարտուղարի և ՌԴ ԱԳ նախարարի հանդիպումը Ռովանիեմիում, 6-ը մայիսի, 2019թ․
Ֆինլանդիա - ԱՄՆ պետքարտուղարի և ՌԴ ԱԳ նախարարի հանդիպումը Ռովանիեմիում, 6-ը մայիսի, 2019թ․

Ֆինլանդիայում՝ Ռովանիեմի ավանում երկուշաբթի օրը մեկնարկել է Արկտիկայի խորհրդի նիստը, որին մասնակցում են նաև Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նիստի շրջանակում կայացել է նրանց երկկողմ հանդիպումը, որը տևել է մեկ ժամ և անցել է առանձնազրույցի ձևաչափով՝ ներկա չեն եղել նույնիսկ թարգմանիչները:

Լավրովն ու Փոմփեոն քննարկել են ռուս-ամերիկյան հարաբերությունների լարված վիճակը, սպառազինությունների հետ կապված հարցերը, Հյուսիսային Կորեային առնչվող խնդիրները, սակայն առանցքայինը հանդիպմանը Վենեսուելայի ճգնաժամն է:

Ֆինլանդիա մեկնելուց առաջ Լավրովը Մոսկվայում հանդիպել էր Վենեսուելայի արտգործնախարար Խորխե Արեասայի հետ: Ավելի վաղ էլ՝ մայիսի 3-ին, վենեսուելական ճգնաժամը հեռախոսով քննարկել էին Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը:

Ֆինլանդիայում հանդիպումից հետո ոչ Լավրովը և ոչ էլ Փոմփեոն ծավալուն հայտարարություններ չեն արել: Միացյալ Նահանգների պետքարտուղարը միայն ասել է, որ հարցերի լայն շրջանակ է քննարկվել Ռուսաստանի արտգործնախարարի հետ «լավ զրույցում»: Փոմփեոն ընդգծել է, թե պաշտոնական Վաշինգտոնն ու Մոսկվան ունեն միանգամայն տարբեր շահեր, սակայն երկու կողմերն էլ փորձում են գտնել ուղիներ, որպեսզի հնարավոր լինի իրական առաջընթաց գրանցել այն հարցերում, որտեղ երկու պետությունների շահերը համընկնում են:

Լավրովի խոսքով՝ հանդիպման ժամանակ փորձել են կենտրոնանալ իրական քաղաքականության վրա և քիչ ուշադրություն դարձնել հրապարակային հայտարարություններին: ՌԴ ԱԳ նախարարն ասել է նաև, որ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարողացել են առաջ գնալ այն հարցերի շուրջ, որ քննարկել էին ավելի վաղ հեռախոսազրույցի ժամանակ երկու երկրների նախագահները:

Սա Մայք Փոմփեոյի և Սերգեյ Լավրովի ընդամենը երկրորդ հանդիպումն է, չնայած Փոմփեոն արդեն մեկ տարի է՝ զբաղեցնում է Միացյալ Նահանգների պետքարտուղարի պաշտոնը: Դա, թերևս, խոսում է այն մասին, որ Վաշինգտոնի և Մոսկվայի հարաբերությունները ճգնաժամային են այսօր:

Այդուհանդերձ, Լավրովն ու Փոմփեոն հանդիպումը սկսելիս ժպտում էին միմյանց և լրագրողներին, նույնիսկ կատակում էին:

Իսկ երեկվա հանդիպման հիմնական արդյունքը կարելի է համարել Ռուսաստանի ԱԳ նախարարի հայտարարությունը, թե իր գործընկերներից ոչ ոք՝ ոչ Միացյալ Նահանգներում, ոչ Եվրոպայում, ոչ էլ Լատինական Ամերիկայում, չի տեսնում վենեսուելական ճգնաժամի կարգավորումը ռազմական ճանապարհով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG