Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն առաջիկա օրերին կհանդիպեն Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում `քննարկելու Վենեսուելայում ստեղծված կացությունը: Այդ մասին առաջինը հաղորդել էին ամերիկյան անանուն աղբյուրները:
Առաջիկա հանդիպման մասին տեղեկությունը հաստատել է նաև Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:
Ռուսաստանցի դիվանագետը չի բացառել, որ Լավրովը և Փոմփեոն վենեսուելական ճգնաժամից բացի քննարկեն նաև Սիրիայում և Ուկրաինայում ծավալվող իրադարձությունները:
Ռուսաստանի և ԱՄՆ դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները Ֆինլանդիա են ժամանում Արկտիկական խորհրդի՝ վաղը մեկնարկող երկօրյա համաժողովին մասնակցելու նպատակով: